«Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին
Գլխավոր » Լրահոս » «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին

«Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին

Միացյալ Նահանգները շարունակելու է հետևողականորեն կոչ անել Ադրբեջանին՝ հարգելու մարդու իրավունքները, այդ թվում՝ բանտարկյալների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով  լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած գործողությունների մասին հարցին։

«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգելու իր երկրում գտնվող բոլոր անձանց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, և մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»,-հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։

Լրագրողը,  մասնավորապես, օրինակ է բերել  Ադրբեջանում անօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանի՝ Ջարեդ Գենսերին, որին Ադրբեջանը մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը և խախտում նրա հիմնարար իրավունքները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարի՝ անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ արդյոք քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը, Մեթյու Միլլերը՝ առանց մանրամասնելու դիվանագիտական զրույցները, ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուրջ ԱՄՆ կանոնավոր կերպով շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ։

1