Մենք էլ պատրաստ ենք արձագանքելու թշնամու սադրանքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մենք էլ պատրաստ ենք արձագանքելու թշնամու սադրանքներին

Մենք էլ պատրաստ ենք արձագանքելու թշնամու սադրանքներին

Վարդաձորն Արցախի հին գյուղերից  է։ Սկզբում գյուղն անտառի մեջ էր և տեղակայված էր ավելի բարձրում, կոչվում էր Վարդոտ, սակայն տարածված համաճարակի պատճառով մարդիկ լքել են գյուղը և ավելի ցածրադիր վայրում հիմնել նոր գյուղ։ Ըստ նախապատմության՝ նոր գյուղը կոչվել է Փիրջամալ՝ Փիր և Ջամալ եղբայրների պատվին։  1987-88թթ. գյուղի անունը փոխվել և դարձել է Վարդաձոր՝ հաշվի առնելով գյուղի նախկին անունը։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղը գրավել են ադրբեջանցիները եւ այն հիմնահատակ ավերել, սակայն ազատագրումից հետո գյուղացիները հետ են վերադարձել և նորից վերականգնել գյուղը։  

Գյուղում ներկայիս տիրող իրավիճակի և խնդիրների մասին «Ապառաժ»-ը զրուցել է համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանի հետ։

Գյուղում կա հին գերեզմանոց, եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը, որը մասամբ փլված է և չի գործում, սակայն բավականին տպավորիչ  ու ազդեցիկ մթնոլորտ ունի և խնամվում է գյուղացիների կողմից։

Խորհրդային տարիներին գյուղը 450 բնակիչ ուներ,  այսօր՝ 264 բնակիչ, 74 ընտանիք։ «Ունենք 23 վերաբնակիչ՝ 9 ընտանիք, շարունակվում են տների վերանորոգման աշխատանքները։ Ավարտին են հասցվել 9 բնակարանի աշխատանքները, 7-8 բնակարան էլ դեռ նախատեսվում է վերանորոգել։ Եթե կարիք լինի՝ կվերանորոգենք: Ունենք տնամերձ հողամասեր, որտեղ անհրաժեշտության դեպքում կկառուցենք նաև նոր տներ»,-ասում է Սամվել Սառաջյանը։

Գյուղում բնակչությունն զբաղվում է հողագործությամբ, նաև` անասնապահությամբ, սակայն արոտավայրերը քիչ են. հիմնականում դաշտավայրեր են, որոնք օգտագործվում են հողագործության համար։  «Կան շատ նռան այգիներ, վարելահողեր։ Ցավոք, դրանց մի մասն անցել է ադրբեջանցիների վերահսկողության  տակ։ Ունեինք  շուրջ 150 հա հող Մուղանլու կոչվող գյուղի մոտ և 17 հա Մարտունի-Ակնա մայրուղու հարևանությամբ, սակայն հասկանալի պատճառներով գյուղացիները չեն կարողանում այդտեղ հասնել և մշակել հողերը»,-նշում է համայնքի ղեկավարը։

Պարոն Սառաջյանը 1987-ից աշխատում է ոլորտում, եղել է գյուղխորհրդի նախագահ, և հստակ գիտի գյուղի սահմանները։ «Գուղի սահմաններն այսպես չի եղել։ Այն ժամանակ, ըստ պայմանավորվածության, հայերն ու ադրբեջանցիները մշակում էին այս կամ այն կողմից հողեր և, եթե անգամ հաշվի առնենք Խորհրդային Միության ժամանակ  գյուղի  ունեցած սահմանները, ապա, բոլոր դեպքերում, մենք կորուստներ ունենք այսօր»,-նշում է նա:

Պարոն Սառաջյանը շատ լավ գիտի, որ թուրքը երբեք չի փոխի իր ծրագրերը, եւ նպատակին հասնելու համար ցանկացած միջոց կարող է օգտագործել։

«Թուրքը մնում է թուրք։ Գնում աշխատում ենք իրենց  իրենց դիրքերին շատ մոտ և դեռ մարդիկ հարցնում են թե ինչպե՞ս են խանգարում մեզ: Բայց երբ ուզի` կարող է կրակել և մարդ սպանել։ Նրանց դիրքերից դեպի մեր դաշտ կարող են ազատ կրակել, այդ իսկ պատճառով մեր հողերը ռիսկային գոտում են։ Ամեն դեպքում, եթե այստեղ ենք, պետք է աշխատենք, չենք կարող ամբողջ կյանքում վախվորած ապրել։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք կրակել, սակայն արդեն մեծ կոնֆլիկտի կվերածվի։ Դեռ սպասում ենք, չենք կարող ճնճղուկի պես թաքնվել թփուտում, որպեսզի թշնամին չկրակի մեզ վրա, պարզապես սպասում ենք փոփոխությունների, հակառակ դեպքում մենք էլ պատրաստ ենք արձագանքելու իրենց սադրանքներին»,- ասում է Սամվել Սառաջյանը։

Նրա խոսքով` մշակվում են նշանառության տակ գտնվող բոլոր հողամասերը։ Ելնելով իր կյանքի փորձից` պարոն Սառաջյանը վստահ է, որ ժողովուրդն ապրելու է այստեղ, պարզապես, ըստ նրա, գյուղացուն պետք է օգնել։

«Օգնություն ասելով` ես չեմ հասկանում ամսական 68 000 դրամ բաժանելը, այլ ոռոգովի ջրի անխափան մատակարարում, որովհետև, եթե ջուր եղավ, նոր, մեծ այգիներ կհիմնվեն։ Պետք է  գյուղացիներին լավ սերմեր տրամադրել։ Ճիշտ է, 50 տոկոսով սուբսիդավորում է պետությունը, սակայն գարու սուբսիդավորած գինն արդեն 180 դրամ է. այդպիսի բան չի լինում։ Գյուղացուն պետք է լավ սերմ տաս, պարարտանյութ տաս, որպեսզի կարողանա արդյունք ապահովել։ Ես չեմ ասում` ձրի բաժանեն, այլ համապատասխան մատչելի տարբերակներ ստեղծեն։ Օրինակ, մեր շրջանում որոշվել է կարճաժամկետ վարկեր տրամադրվել, բայց գյուղատնտեսության մեջ  1 տարով, 9 ամսով վարկերն արդյունավետ չեն։ Գյուղացին ինչքան պետք է աշխատի, ինչքան պետք է եկամուտ ունենա, որ մեկ տարվա ընթացքում վարկն ամբողջությամբ մարի, դեռ մի բան էլ` օգուտ ապահովի իր համար և շարունակի ապրել»,-նշում է նա։

Ըստ Սամվել Սառաջյանի` գյուղատնտեսական վարկերը պետք է երկարաժամկետ լինեն, նաև վերահսկեն, որպեսզի իրենց նպատակին ծառայեն տրված վարկերը։ Միայն համայնքի ղեկավարը չի կարող վերահսկել, քանի որ կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս նրան այդ ամենը ճշգրտությամբ իրականացնել։

Պարոն Սառաջյանը նշում է, որ գյուղացիները հուսահատված չեն, հակառակը` մտադրված են թշնամուն դեմ դիմաց նոր այգիներ հիմնել, հիմնականում` նռան, արքայանարնջի և այլն։ «Օրինակ, մեզ մոտ լավ թուզ է աճում, սակայն մեկ օրում փչանում է, և չենք կարողանում տեղափոխել մայրաքաղաք ու իրացնել»,-ասում է նա։

Համայնքի ղեկավարը մտահոգություն է հայտնում` կապված վերջին շրջանում ճանապարհների ապաշրջափակման խոսակցությունների հետ։

«Եթե ճանապարհները բացվեն, մեր տեղականը դուրս կմղվի ադրբեջանական և իրանական էժան ապրանքների պատճառով»,-վստահ է նա։

Ըստ նրա՝  անթույլատրելի է ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա իրականացվում է ի հաշիվ մեզ, ի հաշիվ մեր երկրի։ Նա վստահ է՝ համատեղ ապրելը հնարավոր բան չէ։

«Համատեղ կարո՞ղ ենք ապրել, եթե Հադրութում ու Շուշիում թուրք ապրի, իհարկե` ոչ։ Նրանք այդտեղ մեզ հետ կարող են ապրել միմիայն Արցախի գերիշխանության ներքո։ Ադրբեջանի կազմում հայտնվելու մասին մտածել անգամ չի կարելի։ Նրանք կրկին կփակեն մեր դպրոցները` իրենցը կբացեն, կարգելեն մեր լեզուն` իրենցը կպարտադրեն։ Համատեղ հնարավոր է ապրել, եթե լինի վերջնական որոշված կարգավիճակ և մեր երկրի տերը մենք լինեք. այդ պարագայում թող մեր երկրում ով ուզում է ապրի: Ես նույնիսկ եղբոր պես կապրեմ իրենց հետ, թեկուզ ունեմ կորցրած հարազատներ։ Աշխարհի վերջը չէ, հնարավոր է ապրել, եթե մենք ունենանք առանձին կարգավիճակ և ցանկության պարագայում թող գան  ու ապրեն մեր տիրապետության տակ»,-ասում է նա։

Բնակչությունը մտադրված չէ գյուղը լքել։  Գյուղին պատկանող 1200 հա սեփական հողն ամբողջությամբ մշակվում է գյուղացիների կողմից։ Ընդամենը 35 հա է, որ  վարձակալությամբ տրվել է այլ անձանց։ Գյուղի հողային կորուստը կազմում է մոտ 450 հա։

«Եթե ասենք՝ հողերը մերն է, ռուսներն էլ ասեն` եկեք մշակեք, ապա միայն մի ճանապարհ կա` թշնամու մոտով պետք է անցենք: Իսկ ես չեմ ուզում իրենց մոտով շատ անցուդարձ լինի, որովհետև իրենց պարկեշտ չեն պահում եւ վեճի է վերածվում»,- նշում է նա։

Գյուղում կա մշակույթի տուն, հանդիսությունների սրահ. գործում է բուժկետ։ Պատերազմից հետո մշակութին շատ ուշադրություն չեն դարձնում, հիմնականում հիշատակի և տոն օրերն են նշում։ Գյուղի մշակույթն այսօր չունի այն փառքն ու ակտիվությունը, որ ուներ խորհրդային տարիներին։

Դպրոցը կոչվում է Նախիջևանիկի միջնակարգ դպրոց, սակայն Վարդաձորի  վարչական տարածքում է գտնվում։ Համայնքի ղեկավարը մի քանի անգամ բարձրաձայնել է անվանափոխության հարցը, սակայն լուծում չի ստացել։

Ըստ համայնքի ղեկավարի` գյուղում կան ամուսնացողներ, կլինեն ծնունդներ` եթե լինի խաղաղություն։

«Խաղաղություն ասելով` ի նկատի չունեմ, որ մուրալով ապրենք. մասշտաբային և արմատական հարցեր պետք է լուծվեն, որոնք ժողովրդի կենսակերպի վրա էական ազդեցություն կունենան դեպի լավը»,-նշում է նա։

Գյուղի ջրամատակարարումը շուրջօրյա չէ։ Մի քանի տարի առաջ ֆրանսիական ընկերության կողմից վերանորոգվել է ներքին ցանցը։ Ջուրը հիմնականում  Վազգենաշենից էր հասնում գյուղացիներին. այն այսօր հանձնված է թշնամուն։ «Ժամանակին նաև Ասկերանի գետի մոտ պոմպակայան է կառուցվել, որտեղ էլ 2  մեծ ջրավազան են կառուցել 100տ տարողությամբ, որոնցից  մեկը՝ մեզ համար, մյուսը՝ Նախիջևանիկի։ Այնուամենայնիվ, օրը 2 ժամ ջուր ենք ստանում, որը բավարարում է պահանջները։ Խորհրդային տարիներից ի վեր գյուղը ջուր չուներ, ձեռքով էինք ջուր տեղափոխում»,-նշում է նա։

Գյուղի առաջնահերթ խնդիրը եղել ու մնում է Ասկերան-Վարդաձոր ճանապարհի վերանորոգումը, որի համար բազմիցս խոստումներ են հնչել, սակայն այդպես էլ իրականություն չեն դարձել։ Այժմ էլ խոստացել են 2022-ին  վերանորոգել. գյուղացիներն սպասում են։

Ջուր, գազ, լույս, համացանց, հեռախոսակապ գյուղում կա։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ գյուղի զարգացումը մեծապես  կախված է բարվոք ճանապարհից։ «Մենք 10 րոպեի ընթացքում կարող ենք Ասկերան հասնել, իրացնել գյուղի բարիքները։ Ճանապարհների պատճառով չենք կարողանում մեր գյուղի մածունը հասցնել Ստեփանակերտ, ստիպված պանիր ենք վաճառում, որն այդքան էլ ձեռնտու չէ գյուղացու համար։ Բացի այդ, մեր գյուղացիներն էլ են ուզում իրենց շքեղություն թույլ տալ, ժամանակակից ավտոմեքենաներ ձեռք բերել, որոնք և՛ հարմարավետ են, և՛  քիչ ծախսատար, սակայն ճանապարհների պատճառով չեն կարողանում ձեռք բերել»,- ասում է  Սամվել Սառաջյանը։   

Գյուղը նաև մանկապարտեզի խնդիր ունի։ Եթե 2 գյուղերիի համար մեկ մանկապարտեզ կառուցեին` լավ կլիներ,- կարծում է համայնքապետը և ավելացնում, որ տարիներ ի վեր այդպես էլ հարցին լուծում չի տրվում։

Պատերազմի ընթացքում գյուղը նյութական վնասներ չի կրել։ Ակտիվ մասնակցություն են ունեցել և՛աշխարհազորը , և՛ պահեստազորը։

Խոսելով ստեղծված իրավիճակի և կրած պարտության մասին` համայնքի ղեկավարը նշեց, որ պարտության պատճառը նաև արդիական զենքերի պակասն էր, որովհետև եղածն էլ ոչնչացվեց թշնամու կողմից` անօդաչուներով։ Նրա կարծիքով` նաև կազմակերպական խնդիրներ կային։

«Տեղ կար, որ նույնիսկ առանց զենքի կարող էին առաջխաղացում ապահովել, անհասկանալի նահանջի հրամաններ էին տրվում։ Քաղաքականությամբ ժողովրդին տարբեր մասերի բաժանեցին, պառակտեցին և հասցրին պարտության։ Կարծում եմ, որ եթե մի քիչ շուտ կանգնեցնեին,  քիչ զոհեր կունենայինք»,-ասում է նա։

«Եթե մեր հարցը չլուծվի, եթե մեր կարգավիճակը չհստակեցվի, մենք պետք է ոչ թե այս երկրից փախչենք, այլ չենթարկվենք նրանց` ինչպես դա արեցինք  1988-ից ի վեր։ Ճիշտ է, հնարավոր է մի քիչ դժվար լինի` հաշվի առնելով ՀՀ իշխանությունների անտարբերությունը։ Եթե այն ժամանակ բոլորս մեկ մարդու նման մի նպատակի համար էինք պայքարում, այսօր մենք չենք զգում այդ համախմբվածությունը։ Այնուամենայնիվ, մենք պետք է համախմբվենք, նորից  վերստեղծենք  մեր բանակը, կազմակերպենք մեր ինքնապաշտպանությունը։ Իհարկե, ՀՀ իշխանությունից զատ մենք զգում ենք հայաստանաբնակ մեր հայրենակիցների աջակցությունը։

Այսպիսի մի բան էլ կա. ի՞նչ տարբերություն` մնալ այստեղ և թեկուզ ամբողջ ընտանիքով ոչնչանալ, կամ` գնալ Ռուսաստան և ընդամենը 6-7 տարում ձուլվելով ոչնչանալ որպես հայ՝ կորցնելով ազգային ինքնությունը։ Ուստի, չպետք է լքել հայրենիքը, այլ պայքարել. գուցե հաջողության հասնենք։ Ես վստահ եմ, որ հայը, եթե լավ մտածի, կկարողանա ելք գտնել անգամ ամենադժվար իրավիճակներից, պարզապես լավ ղեկավարություն է հարկավոր, որպեսզի առաջնորդի ժողովրդին դեպի հաղթանակ»,- եզրափակում է պարոն Սառաջյանը։

Վահագն Խաչատրյան

1