Մենք ձեզ բերել ենք ողջ աշխարհի հայերի սերը. Տիգրան Հեքեքյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մենք ձեզ բերել ենք ողջ աշխարհի հայերի սերը. Տիգրան Հեքեքյան

Մենք ձեզ բերել ենք ողջ աշխարհի հայերի սերը. Տիգրան Հեքեքյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան սույն թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 5-ը նախաձեռնել էին  «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում:

Փառատոնը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Փառատոնին մասնակցել են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր:

Արցախում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել  պատարագ Գանձասար վանական համալիրում, հոգևոր համերգ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում, իսկ եզրափակիչ համերգը կայացել է Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Նկարը՝ Հայաստանի Փոքրիկ Երգիչներ ֆեյսբուքյան էջից

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում կայացած հոգևոր համերգի ընթացքում հնչել են Ներսես Շնորհալու «Առավոտ Լուսո»,Կոմիտասի «Սուրբ Աստված», Մակար Եկմալյանի «Սուրբ, սուրբ», «Ավե Մարիա» և այլ երգեր:

Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում  կայացած եզրափակիչ համերգի բացմանը ելույթով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը:

«Հայաստանի դարպասներն Արցախում են և, ընդհանրապես,  Արցախը մեր ոգին է, մեր խիղճն ու միտքն է: Ցավոք, վերջին տասնամյակներում մենք դա չգնահատեցինք , չգնահատեցինք մեր հերոսների կողմից մեզ մատուցված նվերը և ստացանք այն, ինչ որ ստացանք:

«Երգով ու սիրով» փառատոնի գաղափարը հղացավ դեռ հունվար-փետրվարին, երբ հասկացա, որ դեպի Արցախ հոսքը ընդհանրապես պակասել է կամ շատ-շատ է քչացել, և հասկացա, որ ինչ-որ մի բան է պետք անել, հասկացա, որ պետք է գալ, պետք է ասել, որ մենք ոչ միայն խոսքով ու բաժակաճառերով ենք ձեզ հետ, այլև՝ մեր ուժերի ներածին չափով:

Նկարը՝ Հայաստանի Փոքրիկ Երգիչներ ֆեյսբուքյան էջից

Հիշեցի այն ժպտուն երեխաներին, որոնց միշտ տեսել եմ Արցախում, և ասացի՝ նորից գնամ՝ տեսնեմ: Եկա, հանդիպեցի այս հրաշք երեխաներին, աշխատեցի իրենց հետ, սկզբում տեսա նրանց դալուկ ու տխուր տեսքը, վերջում՝ վառվռուն աչքերը, ու հասկացա, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք պետք է գանք: Մենք պետք է գանք, դուք պետք է գաք ու, ընդհանրապես, այնքան պիտի գանք ու գնանք, որ այս ճանապարհն ամեն առումով մերը դառնա:

Խորագիրը հենց այնպես չէ ընտրված: Մենք կարողացանք  ձեզ մոտ  գալ երգով: Ուրիշ բան չունենք: Երգ ունենք՝ հետն էլ մեր սիրտը, հոգին, միտքն ու սերը, սերը դեպի Արցախ, որը միայն Հայաստանի փոքրիկ երգիչներինը չէ: Մենք ձեզ բերել ենք ողջ  աշխարհի հայերի՝ մտավոր, խելացի ժողովրդի, իրական հայերի սերը:

Ես վստահաբար ուզում եմ ասել, որ բոլորն այնքան են մտահոգված ձեզանով, որ շվարած չգիտեն՝ ով ինչ անի»:

Համերգի ընթացքում «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբից բացի բեմում էին նաև Ստեփանակերտի ՄՊՍԿ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից «Ծիածան», Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին կից, Մարտունու, Հադրութի մանկական երգչախմբերը։

Տիգրան Հեքեքյանը շնորհակալություն է հայտնել նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ այդ երգչախմբերի մասնակցությունը ևս ապահովելու համար:

1