Մենք դրսևորեցինք միասնական կամք մեր ներկայի և ապագայի նկատմամբ


Վերջին մի քանի օրերին իրականացվող «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջով ստորագրահավաքներն իրականացվում էին կամավորների ջանքերի շնորհիվ: Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իրենց խոսքն են ասել նաև նրանք:
«Սիրելի՛ արցացխիներ,
Այսօր այստեղ ձեր առջև կանգնած են մեր Արցախի երիտասարդները, ովքեր միավորվել են մի գաղափարի շուրջ՝ հայրենիքի՝ Արցախի Հանրապետության հանդեպ մեր պարտքը, քաղաքացիական պատասխանատվությունը հստակ ժամանակահատվածում իրականացնելու համար։
Արցախը մեր հայրենի հողն է, այս հողում մենք ապրել ենք հազարամյակներ շարունակ, ապրել ենք քոչվոր ցեղախմբերից առաջ, դավաճան Շահնազարից առաջ և ապրելու ենք հավերժ։ Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ՝ լուռ հետևելով, թե ինչպես են մեր ձեռքից խլում մեր հայրենիքը։
Մենք պատրաստ ենք ցանկացած ձևով հակառակորդին հակահարված տալու և ասելու, որ մենք ապրում ենք այստեղ և ոչնչի դեմ կանգ չենք առնի։ Մեզ համար կարևոր է ստուգել մեր ուժերը, ինքներս մեզ ապացուցել, որ գիտենք՝ ինչպես գործել՝ կազմակերպված և հետևողական»,-ասել է Գևորգ Իսախանյանը։

«Ձեզանից շատերին ծանոթ են մեր դեմքերը, քանի որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ստեփանակերտի փողոցներում և Արցախի տարբեր գյուղերում մենք ենք իրականացնում հանրահավաքի ստորագրահավաք։
Մեզ ասում էին, թե մարդիկ կվրդովվեն, կհոգնեն, որ շատերը չեն հասկանա մեր նախաձեռնությունը, իսկ իրականում մենք ստացանք լրիվ հակառակ պատկերը։ Մենք տեսանք, որ տարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ՝ երիտասարդ, տարեց, կանայք ու երեխաներ աջակցում են մեզ ու կիսում մեր գաղափարը։ Մենք աջակցություն ստացանք նույնիկս այն մարդկանցից, ովքեր բնակվում էին հեռավոր վայրերում և որտեղ հասնելը մեզ համար դժվար էր։ Մարդիկ իրենք էին գտնում մեզ ու ցանկություն հայտնում աջակցելու:
Այս ակցիայի շնորհիվ մենք դրսևորեցինք մեր միասնական կամքը՝ ներկայի և մեր ապագայի նկատմամբ»,- նշել է Իսկուհի Աբրահամյանը։
«Ստորագրահավաքին միացել են հազարավոր հայրենակիցներ և Արցախի բարեկամներ Հայաստանում և այլ երկրներում։ Այս մի քանի օրվա ընթացքում մենք հասցրել ենք հավաքել 120 000 ստորագրություն, ինչպես թղթային, այնպես էլ առցանց տարբերակով։ Այդ ստորագրությունները մեր համախոհները կփոխանցեն Երևանում ՀՀ կառավարությանը, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։
Միասին մենք Արցախ ենք, միասին մենք անպարտ ենք»,-իր խոսքում ասել է Գևորգ Իսախանյանը։
Ելույթից հետո երիտասարդները հայերեն, ռուսերեն և անգլերեն ներկայացրել են հանրագրի ամփոփ բովանդակությունը:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքը շարունակվում է, և կարող եք միանալ առցանց: