Մենք դեռ կվերադառնանք
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ընկերները, մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրվա առթիվ այցելել են Շուշիի տանկ-հուշարձան, ծաղիկներ խոնարհել, տեղադրել Արցախի Հանրապետության պետական դրոշն ու «Մենք դեռ կվերադառնանք» գրառմամբ պաստառ:
«Մենք դեռ վերադառնալո՛ւ ենք… Այսօր առավել քան երբևէ մենք տեր ենք կանգնում մեր հաղթանակներին». ասված է Երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքում:
«Հաղթանակ, որը շրջադարձային նշանակություն ունեցավ Արցախյան ազատագրական պայքարում: Այսօր անասելի ցավ ենք ապրում մեր կորսված հայրենիքի և հանուն նրա ընկած բոլոր նահատակների համար, սակայն և հպարտանում ենք, որ 29 տարի առաջ հայ ժողովուրդը ազատագրելով Շուշին՝ փոխեց պատմության ընթացքը:
1988թ-ից սկիզբ առած ազգային ազատագրական պայքարի բացված էջը դեռևս չի փակվել: Մենք կանք և սա նշանակում է, որ մեր պայքարը շարունակվում է:
Մենք պայքարելու ենք հանուն արդարության, հանուն մեր նահատակ հերոսների հոգու հանգստության: Բոլորս պարտք ունենք, պարտք՝ Արցախյան շարժման սկզբից առ այսօր Արցախի անկախության բագինին իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների առջև, այն է ազատ ու անկախ Միացյալ Հայաստանի կերտում»: