Մենք չենք կորցնում վերադարձի հույսը և ես երազում եմ, որ այդ օրը շուտ գա․ Արմինե Բադալյան
Գլխավոր » Լրահոս » Մենք չենք կորցնում վերադարձի հույսը և ես երազում եմ, որ այդ օրը շուտ գա․ Արմինե Բադալյան

Մենք չենք կորցնում վերադարձի հույսը և ես երազում եմ, որ այդ օրը շուտ գա․ Արմինե Բադալյան

Արմինե Բադալյանն ուսուցչուհի է՝ Արցախի Մարտակերտ քաղաքից։ Ունի շուրջ 15 տարվա մանկավարժական փորձ։ Որպես դասվար աշխատում էր Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Բռնատեղահանումից հետո հաստատվել է Երևան քաղաքում և իր մասնագիտությամբ աշխատում է Երևանի Դ․Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։

-Արցախից տեղահանվելուց հետո չէի պատկերացնում, որ կարող եմ զբաղվել իմ մասնագիտությամբ։ Սակայն ի տարբերություն շատերի՝ համեմատաբար շուտ եմ աշխատանք գտել։ Առաջին 10 օրը ինձ չէի գտնում և կարծում էի, որ երբեք չեմ կարող զբաղվել մանկավարժությամբ։ Մտածում էի, որ նոր գիտելիքներ ու նոր մասնագիտություն պետք է ձեռք բերեմ, որովհետև ի վիճակի չէի երեխաներին տալ այն ինչուների պատասխանները, որոնք շատ-շատ էին։ Բայց ստացվեց այնպես, որ ես արագ ինձ գտա ու աշխատանքն էլ ինձ գտավ։ Երևանի դպրոցներից մեկում ժամանակավոր աշխատանքի անցա։

Ինձ հնարավորություն տրվեց հետագայում որպես ուսուցչի օգնական մնալ նույն դպրոցում, կամ մասնակցել մրցույթի և որպես ուսուցիչ մտնել դասարան, սակայն այլ դպրոցում։ Իմ մոտ միայն մի ցանկություն կար․ ես պետք է մտնեմ դասարան որպես ուսուցիչ ու դասավանդեմ երեխաներին։ Դա ինձ ստիպեց մասնակցել մրցույթի և անցնել հիմնական աշխատանքի։ Իմ աշակերտների մեջ արցախցիներ ևս կան։ Բոլոր երեխաներն ինձ համար հավասար են և իմ կողմից տարվում է անկողմնակալ ու արդար մոտեցում յուրաքանչյուրի հանդեպ։ Ուսուցիչը պետք է անաչառ լինի, որ կարողանա ազնիվ սերունդ կրթել։ Ճիշտ է, հեշտ չէ ուսուցչի աշխատանքը, բայց հենց այդ անխոնջ ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ նա կարողանում է քաղել իր տված բերքի ցանկալի պտուղները։ Դա է երջանկացնում ուսուցչին։

Իհարկե, ես շատ լավ եմ հասկանում արցախցի աշակերտներին, որովհետև տարիներ առաջ ինքս եմ անցել  դրա միջով։ 1992-ին, երբ Մարտակերտը զավթվեց թշնամու կողմից, ես դպրոցահասակ էի։ Ընտանիքիս հետ ստիպված էինք ապրել Հայաստանում և Մարտակերտն ազատագրվելուց հետո միայն վերադարձանք ծննդավայր։ Պատմությունը կրկնվում է, ցավոք մենք կորցրինք ողջ Արցախը։ Սակայն մենք չենք կորցնում վերադարձի հույսը և ես երազում եմ, որ Աստծո զորությամբ այդ օրը շուտ գա,- ասում է Արմինե Բադալյանը։

Արցախի կորստից ու բռնատեղահանումից հետո Արմինեն, ինչպես բոլոր արցախցիները, հոգեբանորեն ծանր ապրումների մեջ էր․ ապագան մշուշոտ էր և անկանխատեսելի։ Կյանքն ասես կանգ էր առել, իմաստազրկվել։ Սակայն նա կարողացավ իր մեջ ուժ գտնել ու հաղթահարել դժվարություններն ու խնդիրները։ Մասնակցելով հոգեբանական-մանկավարժական վերապատրաստման դասընթացների՝ նա հոգու ջերմություն և լույս ստացավ նոր միջավայրում։ Արմինեն հասկացավ, որ ամենակարևորը հոգու խաղաղությունն ու անդորրն է, որից հետո մարդ ամեն ինչ հեշտությամբ կարող է ձեռք բերել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1