Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Այս օրերին բոլորս անհանգիստ հետևում ենք թշնամու կողմից վերջին շրջանում սանձազերծած ռազմական գործողություններին, բայց ավելի մեծ զարմանք է պատճառում պաշտոնական մակարդակով վերջին օրերի իրադարձություններին ուղեկցող լռությունը։ Հերթական անգամ, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար։
Թշնամին մեր ժողովրդի գենոֆոնդը ոչնչացնելու, մատաղ սերնդին սպանելու միտումնավոր քաղաքականություն է վարում։ Շարունակվող պատերազմն ամեն օր խլում է մեր հերոս ժողովրդի լավագույն զավակներին ու դուստրերին։
44-օրյա պատերազմից առ այսօր մեր մարդկային կորուստները հաստատ հայտնի չեն, քանի որ ՔՊ-ական խունտայի ներկայացուցիչները թաքցնում են զոհերի իրական թիվը։ Հաշվի առնելով Արցախում և Հայաստանում 1988 թվականից ի վեր մեր կորուստները, սա միանշանակ ամենախոշորն ու ծանրագույնն է։ Եվ դա շարունակվում է։ Թշնամին բոլորովին չի պատրաստվում կանգ առնել։
Ավելի վատ, թուրք-ադրբեջանական տանդեմը հիմա պլանավորում է մեզ ոչնչացնել, քարտեզի վրայից ջնջել մեր Հայրենիքը։ Եվ նրանք գնալու են մինչև վերջ, որպեսզի մենք երբեք ոտքի չկանգնենք։ Խնդիրներն արդեն այս կամ այն ձևով հստակ և ոչ երկիմաստ են ՝ ռազմական, մարդկային, գիտական և տնտեսական ներուժի կազմաքանդում և ոչնչացում։
Մենք հասել ենք եզրին. Հայաստանը ոչ միայն պատերազմի մեջ է, այլեւ թշնամին մեզանից ավելի շատ ռեսուրսներ ունի: Թշնամին, իհարկե, միայն Ադրբեջանը չէ։
Հաղթելու համար մենք պետք է ավելի արդյունավետ, ճկուն, միասնական, համարձակ լինենք քան թշնամին։ Մենք պարտավոր ենք ավելի լավ կանխատեսել թշնամու վարքագիծը, ավելի լավ կանխատեսել սեփական քայլերի հետեւանքները:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք․․․
Գործող իշխանությունը սխալներ է թույլ տվել և շարունակում է թույլ տալ, որոնք թանկ արժեն ամբողջ երկրի համար։
Վերջին տարիներին ՔՊ-ական իշխանությունների համար ցանկացած սպառնալիքի դեմ պայքարելու ունիվերսալ միջոց են դարձել ձերբակալություններն ու արգելափակումները, բայց նրանք հաշվի չեն առել, որ նման մեթոդներով հնարավոր չէ հաղթել , և ապագան չի կերտվում այդ կերպ:
Ավելի արդյունավետ հասարակություն դառնալու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, ազգային և պետականամետ մտածելակերպ ունեցող իշխանություն։ Մեզ անհրաժեշտ է շատ լուրջ կադրային նորացում երկրի ղեկավարության տարբեր մակարդակներում։ Մեզ պետք է ավելի քիչ կարգավորումներ և ավելի շատ ազատություն տեղական նախաձեռնությունների համար: Մենք կարիք ունենք կառավարության և բիզնեսի, կառավարության և հասարակության միջև հարաբերությունների լուրջ վերանայման։ Մենք պետք է ամեն գնով հզորացնենք մեր զինված ուժերը,միշտ կանգնած լինենք մեր բանակի կողքին։ Անհրաժեշտ է վերադարձ մեր ազգային, հոգևոր, մշակույթային ակունքներին։
Հայաստանի պատմության մեջ արդեն եղել են օրինակներ, երբ, հաղթահարելով փորձությունները, մենք հզորացել ենք և հաղթել թշնամուն։ Այժմ պետք է ավելի խելացի լինել, խիզախություն եւ մտքի ճկունություն ցուցաբերել: Հատկապես հիմա՝ վճռական փորձությունների ժամանակաշրջանում, մենք պետք է դավաճաններին առանձնացնենք մեզանից, ցույց տանք միասնություն, որում, անխուսափելիորեն և շուտով, կգա մեր ազգային հաղթանակի ժամը։
Հ․Գ․ Իշխանությունը թիմային պատասխանատվություն է ։ Չի հաջողվի թաքնվել, փախչել,մեղքն ուրիշի վրա բարդել․․․