Մեկնարկել է «Հայ Ուսանողությունը Արցախի համար» խորագրով ուսումնասիրությունների մրցութային ծրագիրը

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը հայտարարում է «Հայ Ուսանողությունը Արցախի համար» խորագրով ուսումնասիրությունների մրցութային ծրագրի 2025թ – երկրորդ թողարկումը, որի նպատակն է համախմբել հայ ուսանողությանը արցախահայության վերադարձի իրավունքի շուրջ: Մրցույթը նախաձեռվնում է, նկատի ունենալով, արցախահայության վերադարձի իրավունքի արդիականությունը, և գիտակցելով հայ ուսանողության մասնագիտական ներուժն այս հիմնահարցին ծառայեցնելու անհրաժեշտությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է` միավորել հայ ուսանողության կարողությունը և ներուժը, քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում և այն հասանելի դարձնել արցախահայության վերադարձի իրավունքի ուղղությամբ հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկներին և մարմիններին՝ արդյունավետ օգտագործման համար: Այս ծրագրի հովանավորն է` Արցախի Հանրապետության ԱԺ-ի կողմից լիազորված՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն, գլխավորությամբ` ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի:
Հայաստանից, Արցախից և Սփյուռքից 20-35 տարեկան ուսանողները կարող են մասնակցել այս ծրագրին:
Մասնակիցների աշխատանքը կվերահսկեն հանրայայտ մասնագետներ ովքեր կծառայեն որպես խորհրդատուներ (mentors):
Հայտադիմումները և ուղեկցող նպատակային բացատրագրերը պետք է ներկայացվեն 2025 թվականի ապրիլի 20-ը ներառյալ, հետևյալ կայքով` studentsforartsakh.am:
Հետազոտական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է:
Ծրագրի համար նախատեսված են հետևյալ նյութերը և խորհրդատուները .
Նյութեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ և ՓՈՐՁ
1. Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերը միջազգային իրավունքի շրջանակներում: Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը, Միջազգային Արդարադատության դատարանը և այլ միջազգային հաստատություններ՝ այս իրավունքի իրավական հաստատման և իրագործման համատեքստում:
Ֆիլիփ Ռաֆֆի Քալֆայան, Միջազգային Օրենքի Դոկտոր, Իրավաբանական խորհրդատու, գիտաշխատող և դասախոս Փարիզի Պանթեոն Ասաս Համալսարանի – Ֆրանսիա
2. Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրականացման նախադեպերի համեմատական վերլուծություն և քաղվելիք դասեր: արցախահայության խնդրի յուրահատկությունները(եթե կան):
Գառնիկ Գերգոնյան, իրավաբան, Միջազգային օրենքի մասնագետ – ԱՄՆ
3. Արցախահայերի իրավունքները որպես բնիկ ժողովուրդ միջազգային իրավունքի ներքո։ Վերադարձի Իրավունքի դերը Արցախի բնիկ հայության գոյատևման և զարգացման ապահովման համատեքստում:
Գևորգ Հակոբճյան, Իրավաբան, Միջազգային Օրենքի Դոկտոր-Հայ Իրավական Կենտրոնի Տնօրեն Խորհուրդի Անդամ- ԱՄՆ
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4. Արցախահայերի վերադարձի պայմանների և նրանց ակնկալիքների վերլուծական քննարկում` հիմնված հարցախույզերի և դեմ առ դմ հանդիպումների միջոցով ձեռք բերված վիճակագրական տվյալների վրա:
Աշոտ Ղուլյան, պատմաբան, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին Նախագահ – ՀՀ
5. Արցախահայության վերադարձի իրավունքի իրականացման անվտանգային նախապայմանները, նրանց ապահովման տարբերակներն ու կիրառելիությունը:
Կիրո Մանոյան, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ և Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու – ՀՀ
6. Արցախահայության կարգավիճակի հարցը՝ Արցախ վերադարձի ժամանակ: Արցախի կառավարման հնարավոր տարբերակներ և մոդելներ:
Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան – ՀՀ
7. Բռնի տեղահանված արցախահայության հավաքական վերադարձի կաևորությունը, և խմբակային կամ անհատական վերադարձի վտանգները:
Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Քուրիեր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր -ԱՄՆ
8. Արցախահայության վերադարձի իրավունքի իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի անհրաժեշտությունը: Այս նպատակով, տարածաշրջանային ճանապարհային հաղորդակցության միջոցների նոր պատկերացումների ներկայացման փորձ:
Եղիա Թաշճյան, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնի դասախոս – Լիբանան
ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ
9. Արցախի Հանրապետության կառավարման համակարգի օղակների դիրքորոշման կարևորությունը արցախահայության վերադարձի իրավունքի հետապնդման գծով, և կատարված աշխատանքները: Արցախի Հանրապետության համար առաջարկություն՝ ի նպաստ վերադարձի քաղաքականության:
Արմեն Սարգսյան, պատմաբան, ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր – ՀՀ
10. Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորությունը արցախահայության վերադարձի իրավունքի հետապնդման գծով և կատարված աշխատանքները, թեր և դեմ հայտարարութիւնները: ՀՀ-ի համար առաջարկություն՝ ի նպաստ արցախցիների վերադարձի քաղաքականության:
Շահան Գանտահարյան, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր – Լիբանան
11. Միջազգային, տարածաշրջանային և առանձին ուժերի և պետությունների դիրքորոշումը, շահագրգռվածությունը և հավանական դերակատարությունը արցախահայության վերադարձի գծով:
Դոկտ. Գևորգ Ղուկասյան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու – ՀՀ
12. Միջազգային կազմակերպությունների դերը ի դեմս` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և այլ (եթէ կան)՝ արցախահայության վերադարձի հարցերի լուծման գծով և նրանց հնարավոր դերը Արցախում:
Մարիո Նալբանդյան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի Անդամ, Ընկերվար Միջազգայնականի Փոխ Նախագահ – Արգենտինա
13. Միջազգային մարդասիրական կազմակերպությունների դերակատարությունը արցախահայության գծով՝ ներկայումս որպես տեղահանվածներ և ապագայում վերադարձի պարագային:
Դոկտ. Կարին Հովսեփյան, Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան – ՀՀ
14. Արցախահայության վերադարձի իրավունքի հարցով բանակցային հարթակների ստեղծման գործնական հնարավորությունները և մեխանիզմները:
Գասպար Կարապետյան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ – Բելգիա
ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
15. Վերադարձի իրավունքի հարցում, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը և գործնական հնարավորությունները:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան – ՀՀ
16. Արցախահայության գույքի պահպանության անհրաժեշտությունը վերադարձի իրավունքի իրականացման համատեքստում, և նրա գործնական հնարավորությունները։
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան – ՀՀ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՔԱՅԼԵՐԸ
17. Ադրբեջանի կեցվածքը ընդհանրապես վերադարձի իրավունքի և հատկապես՝ արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ։
Աբրահամ Գասպարյան, «Ջենեսիս Արմինիա» կենտրոնի հիմնադիր տնօրեն – ՀՀ
Ուսումնասիրությունները գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝
Արդիականություն- կիրառական նշանակություն – հետազոտական աշխատանքի ծավալ- աշխատանքի առարկայական հիմնավորություն – տեխնիկական պահանջների հարգում:
Խրախուսելի է մրցույթին մասնակցությունը նաև խմբերի առաջացմամբ: Ուսանողները կարող են կազմել առավելագույնը 3-ական անդամ ունեցող խմբեր:
Պատրաստված հետազոտությունները քննվելու են խորհրդատուներից բաղկացած ժյուրիի կազմի կողմից:
Մրցույթին մասնակցած բոլոր ուսանողները կստանան խորհրդանշական նվերներ: Ժյուրիի կազմի կողմից ընտրված լավագույն ուսումնասիրությունների հեղինակները կստանան կրթաթոշակ: Առաջին մրցանակին արժանացած ուսանող/խումբ ՝ 1000 ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար և երրորդը՝ 500 ԱՄՆ դոլար դրամական պարգևներով:
Մրցյութի ավարտին կգումարվի առցանց խորհրդաժողով, որտեղ լավագույն ուսումնասիրությունները կներկայացվեն հանրությանը: Ինչպես նաև բոլոր աշխատությունները կհրատարակվեն հայաստանյան և սփիւռքյան մամուլում։
Մրցյութի արդյունքները կհրապարակվեն սույն թուականի Սեպտեմբեր 2-ին։
Լուսաբանական հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ ayf@arf.am:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ