Մեկնարկել է ՀՅԴ ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը
Արցախում մեկնարկում է ՀՅԴ ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը:
Հաշվի առնելով այս տարվա մարտ ամսին Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամը, ադրբեջանի վարած ցեղասպան մարտավարությունը, պարբերաբար գազատարի և էլեկտրաէներգիայի խափանումները՝ ՀՕՄ-ը Արցախում սկսում է Արևային ջրատաքացման սարքերի տեղադրման ծրագիր:
Ծրագրի նպատակն է ապահովել արցախահայության կյանքի բնականոն ընթացքը հայրենի հողի վրա: Ծրագիրն իրականացնում է Հայ օգնության միությունը Արցախի կառավարության հետ համատեղ համաձայնությամբ: ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության ապրիլին Արցախ կատարած այցի ընթացքում Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի աջակցությամբ Հայ Օգնության Միության և Արցախի կառավարության միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ համահավասար ներդրում կատարել ծրագրի իրականացման համար:
Ծրագրի իրագործման համար 100 000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարել ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային Վարչությունը:
Սկզբնական փուլում ծրագրի շահառուներն են հանդիսանում զոհված ազատամարտիկների, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքները, ընտրության հարցում համագործակցել ենք ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ:
ՀՅԴ Արցախի կառույցի հետ ստեղծված աշխատանքնային հանձնախումբը համապատասխան աշխատանքներ են տարել համայնքների ղեկավարների հետ, տեղում ծանոթացել ընտանիքների խնդիրներին: Կնքվել է պայմանագրեր՝ ԱՀ կառավարության, ՀՕՄ-ի Արցախի միավորի, մատակարար՝ «Շտիգեն» ընկերության և ծրագրի շահառուների միջև:
Չգազաֆիկացված համայնքներում Արցախի Կառավարությունը սուբսիդավորելու է անհրաժեշտ գումարի 50%-ը», իսկ գազաֆիկացված համայնքներում ՀՕՄ-ը վճարելու է 100 տոկոսով: Ծրագրի առաջին փուլում շահառու են դարձել 98 ընտանիքներ, իսկ ծրագրի մեկնարկը տրվելու է Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի, Պառավաթումբ, Կոլխոզաշեն չգազաֆիկացված համայնքներից:
Հայ օգնության միության Արցախի գրասենյակ