Մեկնարկել է անհատ ձեռնարկատերերին և արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝
անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով.
արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով: Միանվագ դրամական աջակցություն ստանալու նպատակով հարկ վճարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ http://dimum.tax.nk.am/ կայքում: