Մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովը
Գլխավոր » Գաղափարական » Մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։

Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

Խորհրդաժողովին մասնակցում են  ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողության ընթացքում փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

«Երկու օր առաջ հետևում էի Ադրբեջանի այսպես կոչված Ազգային Ժողովի նիստին, հետո մեր Ազգային Ժողովի նիստին։ Եվ գիտեք, երբ խոսույթները լսում էի, ինձ թվում էր, թե շփոթել եմ։ Երկուսն էլ Ադրբեջանի Ազգային Ժողովն է՝ նույն խոսույթով, նույն տրամաբանությամբ և մեկը մյուսին՝ իբրև ադվոկատ և դատապաշտպան։ Շատ ցավալի է, որ այսօր Հայաստանում կատարվում է այն, ինչը երեկ առաջի օրը Ադրբեջանի Ազգային ժողովում պահանջ դրվեց Հայաստանի կառավարությանը չեզոքացնել եկեղեցու և Սփյուռքի ազդեցությունը ռևանշիստական և սեպարատիստական գործունեությամբ»,- նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոսը։ 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ ՀՅԴ-ն որոշել է պահպանել Արցախի իր կառույցները։ Նրա համոզմամբ՝ ՀՅԴ-ի համար Արցախի էջը փակված չէ։

Խորհրդաժողովին մասնակցող Բագրատ Սրբազանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին՝ ընդգծելով՝ այդ հարցը պետք է առկա լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում։

«Մեզ համար, որպես ազգ, շատ կարևոր է, որպեսզի հատկապես Ցեղասպանության հարցը, որովհետև մեր բոլոր խնդիրներն այս պահին անխուսափելիորեն ածանցվում են դրանից, զգացմունքային ու միայն պահանջատիրության դաշտից տեղափոխվի համակարգային բանականության դաշտ, տարածվի մեր կյանքի բոլոր շերտերի, ոլորտների մեջ՝ որպես գաղափարաբանություն»,- ասաց Բագրատ Սրբազանը։    

Նա ընդգծեց նաև՝ մեր հայացքները պետք է ուղղենք դեպի ազգի ներուժը, ոչ թե աշխարհի   այս կամ այն բևեռին։

«Նախ ինքներս մեզ պետք է ուժավորենք, ինքներս մեզանից չօտարանանք»,- ասաց Սրբազանը։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներրկայացուցիչ Արա Պոլուզյաի խոսքվ՝  արցախցիների համար առաջնայինն իրենց Արցախ վերադարձի իրավունքի հարցն է։

«Արցախը հայկական պետականության գաղափարախոսական հիմքն էր տասնամյակներ շարունակ։ Այժմ ՀՀ իշխանությունները նոր գաղափարական հիմքի փնտրտուքի մեջ են»,- ասել է նա։

«Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան», խորհրդաժողովին իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դուք ապացուցում եք, որ սեփական շահերը ճիշտ ձևակերպողը ոչ միայն մենակ չի մնում միջազգային ասպարեզում, այլ կարողանում է անգամ ամենաանսպասելի տեղերոմ գտնել դաշնակիցներ: Հայրենիքում ապրող հայը Հայ դատի գրասենյակների գործունեությունը նույնականացնում է հայկական շահերի պաշտպանության հետ»,- նշեց նա:

«Իմ պաշտոնավարման ավարտին մենք հայ ժողովրդին բավական լավ ժառանգություն էինք թողել հատկապես Արցախի հարցում, որն այժմեական էր նույնիսկ 2018 թվականին», խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանյանը։

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչներին նա համարեց դեսպաններ։ «Ինձ հիշեցրեց իմ  նախարարության ժամանակը, երբ տարին մեկ անգամ բոլոր դեսպանները ավաքվում էին Երևանում՝ գնահատելու մեր արած աշխատանքը, վելուծելու իրավիճակը և ծրագրելու հետագա անելիքները։ Բայց այդ հիշողություններն ու էսօրվա իրավիճակը տարբերվում են ժամանակի բովանդակության առումով։ Այժ ժամանակ գոյություն ուներ Արցախ՝ պետական կառույցներով, ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներով, Հայաստանը բանակցային սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը։ Մենք ունեինք իսկապես դաշնակիցներ և բարեկամներ, որոնք օգնում էին մեզ, նպաստում մեր վարած քաղաքականության մեջ և նույնիսկ մեր հակառակորդները հարգում էին Հայաստանի սահմաններն ու ինքնիշխանությունը։ Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիվանագիտությունն անորոշության մեջ է, դաշնակցային հարաբերությունները փլուզվել են, բարեկամներն անտարբեր են։ Հայաստանի դիվանագիտությունը հայտնվել է մի ոլորանի մեջ, անողոք մի շրջափուլի մեջ, որից դուրս գալն այս իշխանությունների պարագայում անհնարին է»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Վարդան Օսկանյանի խոսքով՝ մեծ անջրպետ կա հայ ազգի շահերի ու Հայաստանի իշխանություների շահերի միջև։ Ըստ նրա, իշխանության նպատակը իր բերած արհավիրքի խարանը ճակատից սրբելը, ուրիշներին մեղադրելը, աթոռն ու իշխանությունը պահելն է։ Նախկին արտգործնախարարի խոսքով, դա բարդացնում է արտերկրում աշխատանքը։

«Այսօր արցախահայության միջազգային երաշխիքներով իրենց տներ և հայրենիք վերադառնալու հարցը օրակարգային հարց դարձնելու միակ խոչընդոտը Հայաստանի իշխանություններն են։ Հայաստանի իշխանութունների պատասխանն այն է, որ մենք այլընտրանք չունենք։ Հայաստանի իշխանությունները կա՛մ չգիտեն, կա՛մ ազնիվ ու անկեղծ չեն։ Հայ ժողովուրդն ու Հայաստանն ունեն դիվանագիտական խպաղաղ այլընտարնքային լուծումներ այն ամենին, ինչը Հայաստանի իշխանությունները պարտադրաբար անում են։ Ուզում եմ վստահեցնել, որ հայ քաղաքական միտքը և առավել ևս՝ արտաքին քաղաքական միտքը չի չորացել։ Կան այլընտրանքներ։ Առաջինը մենք պետք է կարողանանք դուրս գալ պատերազմի սպառնալիքի տակ գործելուց․ այս մտածողությունը հանել մեր մտքերից։ Մեր հիմական ուղենիշը, գործունեությունը պետք է լինեն մեր ազգային շահերը։ Մենք պետք է հասկանանք՝ ոնց ենք համադրելու մեր ազգային շահն ու ստեղծված իրավիճակը»,- ասաց Վարդան Օսկանյանը։

«Անկախության առաջին օրվանից և շարունակվող տարիներին մեր պետությունը խարսխվել է հինգ կարևոր հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, Հայ Առաքելական եկեղեցի և սփյուռք։ Այսօր այդ բոլոր 5 հենասյուները կա՛մ հիմնովին քանդվել են, կա՛մ էապես թուլացել են։ Ոչնչացրել ենք Արցախը, փոշիացրել ենք բանակը, ամեն օր ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին և արհամարհում ու մասնատում սփյուռքը։ Բոլորս միասին մեծ անելիք ունենք, որ վերականգնենք ու վերակառուցենք առաջիկա տարիներին։ բայց դա կլինի միայն ազգային կառավարւթյամբ, համախոհութմամբ, ներքին ներդաշնակությամբ և հավատով»,- եզրափակեց Նախկին արտգործնախարար, արցախահայության հիմնարարար  իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը։

«Ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի վարքն ու խոչընդոտները պետք է հաղթահարենք, այլև՝ հայրենի պետության, իշխանության հակազգային քաղաքականությունը»,- խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների վարած այս հակապետական քաղաքականությունը հատկապես խնդրահարույց է, երբ օտարներն են մատնացույց անում․ «Խնդրահարույց է այն, երբ օտար շրջանակները, մատնացույց անելով ՀՀ գործող իշխանությունների այդ կեցվածքները, հիմնավորում են իրենց կրավորական կամ նույնիսկ բացասական կեցվածքը։ Սա հնարավորություն է տալիս ասելու՝ եթե ձերոնք այսպես են անում, մենք իրենցից ավելի հայ չենք լինելու»։ Կիրո Մանոյանը նաև ահազանգեց․ «Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով հայաթափվել է Արցախը, Բաքվում պատանդ են պահվում հայ ռազմական, քաղաքական անձինք և Արցախի Հանրապետության նախկին ու գործող ղեկավարներ։ Իսկ այստեղ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունները բացահայտ սպառնալիքի ու հալածանքի են ենթարկվում»։

1