Մայր Աթոռ Ս․Էջմիածնի հովանու ներքո գտնվող արցախցիների համար կազմակերպվել է ամանորյա միջոցառում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորության ներքո Էջմիածնում գտնվող կացարանում դեռևս 2020-ից են ապաստան գտել արցախցի ընտանիքներ։ 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո այստեղ կրկին արցախցիներ են ապաստանել։ 17 ընտանիք՝ 54 հոգու ընդգրկմամբ, ժամանակավոր բնակություն են հաստատել կացարանում՝ մշտապես գտնվելով Մայր Աթոռի ուշադրության ու հոգատարության ներքո։
Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը կացարանում ապաստանած արցախցիների համար ամանորյա տոն է կազմակերպել։ Երեխաները խինդ ու ծիծաղով են դիմավորել սպասված հյուրերին՝ Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին։ Նրանց գեղեցիկ ասմունքը, երգն ու պարը հիացրել է բոլորին և հույս ու հավատ ներշնչել ապագայի հանդեպ։ Երեխաներն ամանորյա նվերներ են ստացել և տոնական ընթրիքից հետո մասնակցել Էջմիածնի Հայորդաց տան համերգին։
Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև տարեց բնակիչները։ Շուշիկ Հարությունյանը Հադրութից է՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայր։ Այս կացարանում նա դեռևս 2020-ին էր ապաստանել, իսկ Արցախում հարաբերական խաղաղություն հաստատվելուց հետո, վերադարձել է Արցախ։ Որպես զոհվածի մայր՝ բնակարան էր ստացել այնտեղ։ 2023-ի Արցախի հայաթափումից հետո կրկին ապաստան է գտել Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող կացարանում։ Գոհ ու շնորհակալ է հոգատար ու բարեգութ վերաբերմունքից։ Ոչնչի կարիք չունի։ Այստեղ մի մեծ ու համերաշխ ընտանիք է հավաքվել, որոնցից յուրաքանչյուրը սրտացավ է միմյանց հանդեպ։ Միակ երազանքը՝ սեփական տանիք ունենալն է և զոհված որդու ընտանիքին օգտակար լինելը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ