Մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ մեր ամենամեծ և անդավաճան դաշնակիցները երկուսն են՝ Աստված ու մենք ինքներս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ մեր ամենամեծ և անդավաճան դաշնակիցները երկուսն են՝ Աստված ու մենք ինքներս

Մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ մեր ամենամեծ և անդավաճան դաշնակիցները երկուսն են՝ Աստված ու մենք ինքներս

Հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105-րդ ամյակի առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը և ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում համատեղ կազմակերպել են տոնական համերգ։

Համերգը մեկնարկել է ՀՀ և ԱՀ պետական օրհներգերով, որից հետո ելույթ են ունեցել ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ողջունելով ներկաներին ընթերցել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը՝ մայիսյան տոների վերարժևորման առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սարդարապատի հերոսամարտին նվիրված հայտնի երգի տողերն են գալիս մեր մտքին, երբ վերստին հիշում ենք 1918 թ. հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերի մասին: Բավականին դժվար օրեր էին. եղեռնից մազապուրծ ժողովուրդը դեռ չէր հասցրել ուշքի գալ, պատմական Հայաստանից մնացել էր մի փոքրիկ հողակտոր, իսկ դարավոր թշնամին վերստին փորձում էր վերացնել նաև այդ մնացորդացը: Կարծես թե իրապես փրկության ոչ մի ելք ու ճար չկար, և խենթություն էր նման տկար վիճակով այդպիսի անհամաչափ ուժի դեմ ելնելը: Բայց փակուղում հայտնված մեր ազգը կայացրեց վերջին հույսի իր որոշումը` մահ կամ ազատություն: Մայր Աթոռը լքելու և ավելի ապահով վայր տեղափոխվելու առաջարկի մերժումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-ի կողմից՝ գոտեպնդեց ու ոգևորեց օրվա ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր միասնաբար լծվեցին պայքարի կազմակերպմանը: Եկեղեցու զանգերի ղողանջը կենաց մահու մարտի էր կանչում բոլորին, և հոգևորականների կողմից օրհնված և անմիջական մասնակցությամբ առաջնորդված պայքարը իրականություն դարձրեց Սարդարապատի հրաշքը:

Կարևոր ենք համարում արձանագրել, որ մայիսյան հերոսամարտերի գլխավոր դերակատարներից մեկը, եթե ոչ հիմնականը, եղել է արցախցի դաշնակցական Արամ Մանուկյանը: Արցախից մահապարտների գունդը՝ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, մասնակցել է այդ պայքարին, իսկ Մայր Աթոռի միաբան հոգևորականներից կազմված մահապարտների գունդը ևս ղեկավարում էր ծնունդով արցախցի Գարեգին եպս. Հովսեփյանցը։ Սա նշանակում է, որ Արցախը անմնացորդ նվիրված էր Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, որովհետև այլ կերպ լինել չէր կարող:

Սիրելինե՛ր, այսօր էլ, երբ մեր ազգը ապրում է այդ ժամանակներին հար և նման օրեր, երբ արդեն Արցախը ունի համազգային միասնության կարիք, շատ կարևոր է մայիսյան հերոսամարտերի և դրանց պտուղը հանդիսացող առաջին հանրապետության հիմնադրման պատմական իրողությունների հիշատակումն ու գործնական վերարժևորումը: Ուշագրավ է, որ այն օրերին երկրի աշխարհիկ ղեկավարները լսեցին Վեհափառի հորդորները և փոխեցին իրենց ծրագրերը: Դարերի հեռավորությունից հստակ տեսանելի է, որ երբ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները գործում են ներդաշնակ, երկիրը դառնում է գրեթե անպարտելի մի ամրոց: Մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ մեր ամենամեծ և անդավաճան դաշնակիցները երկուսն են՝ Աստված ու մենք ինքներս։ Չմոռանանք մեր հերոսական անցյալը, և հիշենք որ այդ անցյալը հենց մերն է եղել, ու նորից կարող է մերը դառնալ: Թող Աստված միաբան սիրով պահի Ազգս Հայոց և Եկեղեցիս Հայաստանեայց»:

1