Մատենադարան-Գանձասար կենտրոնում բացվել է Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցադրություն

Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում հնատիպ գրքերի ցուցադրությանը կից բացվել է Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցահանդես: Ներկայացված են Մատենադարանի գրադարանում պահվող Ալիշանի աշխատություններից 15 անուն գիրք:
Ղևոնդ Ալիշանը (1820-1901թթ.) այն հայ մտավորականներից է, ով իր կենդանության օրոք արժանացել է համահայկական փառքի և սիրո ու անվանվել Հայոց Նահապետ:
Այս բնորոշումը վերցված է նրա «Նահապետի երգեր» շարքից, որն իր խոր հայրենասիրությամբ, ստեղծագործությունների լեզվով, թեմատիկայով, շարադրանքի ոճով և պատկերային առումով միանգամայն նորություն էր հայ բանաստեղծության մեջ:
Բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ: Հայր Ալիշանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր 1838-ից: Ծնվել է դրամագետ-հնագետի ընտանիքում: Ուսանել է Կ. Պոլսի Չալըխյան վարժարանում (1830-32), Վենետիկի Մխիթարյանների վարժարանում (1832-41): 1841-50-ին, ապա 1866-72-ին՝ ուսուցիչ (1848-ից՝ տեսուչ) Վենետիկի Ռափայելյան, 1859-61-ին՝ Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1849-51-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը, 1872-ից ամբողջովին նվիրվել գրական գործունեության:

Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի հնագիտական ընկերության (1894), Վենետիկի ակադեմիայի (1896), Սանկտ Պետերբուրգի կայսրական հնագիտական ընկերության (1896), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի (1897) պատվավոր անդամ և դոկտոր:
Ալիշանի գիտագեղարվեստական գործունեությունն սկսվել է 1843-ից՝ «Բազմավեպում» տպագրված արձակ ու չափածո և գիտաճանաչողական գործերով, որոնց թվում է նրա բանաստեղծական ժառանգության բարձրակետը՝ «Նահապետի երգերը»:
Ալիշանը լինելով միաժամանակ թե՛ մեծ բանաստեղծ և թե՛ նշանավոր գիտնական, իր գիտական ուսումնասիրությունները գրել է գեղարվեստական և պատկերավոր շարադրանքով, իսկ բանաստեղծությունների մեջ գեղարվեստական չափածոյով վերաշարադրել Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, գրական տարբեր հարցերին վերաբերող տարբեր հասկացություններ:
Իր թողած վիթխարի ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է գրականության ու մի շարք գիտակարգերի զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։
