Մասնակի հետքայլ եղել է, կառավարությունը ևս երկու ամսով 40 հազար դրամ աջակցություն կտրամադրի արցախցիներին. Ն․Իսկանդարյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներն այսօր հրավիրվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ՝ ներկայացրած որոշ պահանջներ քննարկելու նպատակով:
-Այսօր, ցավոք սրտի, մեր այն հիմնավոր փաստարկները չեն ընդունվել ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար,- այս մասին լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը:
«Իրենց կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր այնուամենայնիվ եղել են: Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամարդել, հետքայլ եղել է մասնակի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար»,- ասաց նա:
Իսկանդարյանը նշեց, որ զուգահեռ պատրաստ են ձևավորել մասնագիտական խմբեր: «Կքննարկենք սոցիալական, բնակարանային ծրագրերի վերաբերյալ բոլոր հարցերը: Ընդունել են, որ ձախողել են ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեսքով: Պատմամշակութային ժառանգության մասով, որը ևս արտաքին քաղաքականության վեկտոր է պահանջում, ևս իրենք պատրաստ են քննարկել»,- նշեց նա:
Իսկանդարյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած պահանջագրի 11 կետերի առնչությամբ ձեռնարկելու են բազմաթիվ քայլեր: «Այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բայց ևս 2-3 օր անհրաժեշտ է մեր արցախցի մտահոգ քաղաքացիների հետ հանդիպում կազմակերպել, հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ:
Վրանը, բնականաբար, շարունակելու է մնալ այստեղ դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք հստակ մեր դիրքորոշւմը ասել ենք՝ սա միայն սոցիալական պահանջ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի, գերիների հարցի մասին, ու մեր պայքարը շարունակվելու է: Ձևաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է»,- ընդգծեց նա: