Մարզահամերգային համալիրը հրաժարվել է Արցախի Անկախության օրը միջոցառման համար դահլիճ տրամադրել․ պատգամավոր
Գլխավոր » Լրահոս » Մարզահամերգային համալիրը հրաժարվել է Արցախի Անկախության օրը միջոցառման համար դահլիճ տրամադրել․ պատգամավոր

Մարզահամերգային համալիրը հրաժարվել է Արցախի Անկախության օրը միջոցառման համար դահլիճ տրամադրել․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան հայտնել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հրաժարվել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, դահլիճ տրամադրել ՀՅԴ-ին միջոցառման անցկացման համար։

«ՀՅԴ-ն պաշտոնապես դիմել էր մարզահամերգային համալիրին՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում անցկացնելու համար, ձեռք էր բերվել համաձայնություն, անգամ կնքվել էր պայմանագիր։ Սակայն, պայմանագրի կնքումից մի քանի օր անց անտրամաբանական պատճառաբանությամբ մարզահամերգային համալիրի տնօրինությունը հրաժարվել է սեպտեմբերի 2-ին դահլիճ տրամադրել ՀՅԴ-ին միջոցառման անցկացման համար, պատճառաբանելով, որ ունեն այլ նախնական պայմանավորվածություններ։ Որպես այլընտրանք ներկայացրել են սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումը սեպտեմբերի 4-ին անցկացնելու տարբերակը, որը մերժվել է հասկանալի պատճառներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը նաև նշել է, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը փաստացի հրաժարվել է Սրբազան շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրել։

«Այս ընթացքում անընդհատ փորձել եմ կապ հաստատել տնօրինության հետ՝ հասկանալու մերժման պատճառները։ Ինձ հետ զրույցում մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մերժումը պատճառաբանել է այլ պայմանավորվածությունների առկայությամբ։ Առաջարկել եմ քննարկել այլ հնարավոր տարբերակներ։ Կարեն Ղազարյանը առաջարկել է հնարավոր տարբերակները քննարկել հանդիպման ընթացքում, որն այդպես էլ չի կայացել վերջինիս խուսափողական վարքագծի պատճառով»,- նշել է նա։

Պատգամավորի խոսքով՝ խնդիրը ոչ թե հարմար օրերի, այլ մարզահամերգային համալիրի տնօրինության նախատրամադրվածության մեջ է, որով վերջիններս ցանկանում են սաբոտաժի ենթարկել ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող միջոցառումները։

1