Մարտունու խնդիրներով՝ Մարտունու համար
Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կայանալու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրություններ նշանակվել են այն բանից հետո, երբ 2019թ. սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամանակ քաղաքապետ ընտրված Հայկ Սարգսյանը 2020թ. մայիսի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու: «Ապառաժ»-ը զրույցել է Մարտունի համայնքի ղեկավար առաջադրված, դաշնակցական Նվեր Դադամյանի հետ: Նա երեք անգամ ընտրվել է Մարտունի համայնքի ավագանու անդամ, այժմ զբաղեցնում է Պատմական միջավայրի պահպանության Մարտունու շրջանային պետական ծառայության պետի պաշտոնը:
Թեկնածությունն առաջադրելու պատճառները
-Հանուն արդարության նշեմ, որ համայնքների ղեկավարների նախընտրական ծրագրերին բազմիցս ենք ծանոթացել, անդրադարձել, սակայն տեսել ենք, որ ցանկություններն ու հնարավորությունները միշտ չեն համընկել: Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ:
Ունենալով համայնքի ավագանու անդամի մոտ 9 տարվա փորձ և բավականին լավ ծանոթ լինելով ընդհանուր կառուցվածքին, առկա հնարավորություններին` կարող եմ նշել, որ համայնքը նման ծրագրերի իրականացման համար չունի բավարար ֆինանսական միջոցներ: Ես ունեմ իմ մոտեցումը: Համոզված եմ, որ գրագետ աշխատելով և համագործակցելով մեր համաքաղաքացիների, շրջվարչակազմի, Արցախի տարբեր շրջանների, ՀՀ մարզերի և սփյուռքի մեր հայրենակիցների հետ` հնարավոր կլինի, ըստ առաջնահերթության, լուծել համայնքի առաջ ծառացած շատ հիմնախնդիրներ:
Այսօր, գիտակցելով համայնքի ղեկավարի աշխատանքի կարևորությունը և պատասխանատվության աստիճանը, հավատացնում եմ, որ ընտրվելու դեպքում պատրաստ եմ ծառայել ժողովրդիս, անել հնարավորը` մեր քաղաքն ավելի հարմարավետ ու գրավիչ, մեր քաղաքացիների կյանքն ավելի ապահով դարձնելու համար:
Քարոզարշավի ընթացքը՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում
-Սկզբում հակված էի ոչ այնքան ակտիվ քարոզարշավ անցկացնելուն, սակայն հաշվի առնելով ծրագիրը ներկայացնելու անհրաժեշտությունը, սկսեցի հանդիպումներ ունենալ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հետ:
Քարոզարշավը սկսել եմ ծայրամասային թաղամասերից, լսել բնակիչներին: Առանձնակի ակտիվություն չի նկատվում, վերջին մոտ մեկ տարում համայնքում չորրորդ ընտրությունն է լինելու, մարդիկ հոգնել են ընտրություններից: Բայց բնակիչներն ուզում են լսել թեկնածուներին: Բոլոր հանդիպումները բացօթյա պայմաններում են ընթանում:
Նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումները
— Իմ ծրագրում նշել եմ քաղաքի գլխավոր հատակագծի կազմման անհրաժեշտության մասին, որպեսզի հասկանալի դառնա քաղաքի զարգացման տեսլականը: Մարտունին արագ տեմպերով է զարգանում, բնակչության թվով հանրապետության երկրորդ քաղաքն է:
Բայց զարգացումը պետք է համաչափ ընթանա, անթույլատրելի է, որպեսզի կենտրոնը ծանրաբեռնվի շինություններով, հանգստի, զվարճանքի վայրերով, իսկ ծայրամասերում նույնիսկ բարեկարգ փողոց չլինի:
Իհարկե, առկա ֆինանսական միջոցներով հնարավոր չէ բոլոր խնդիրներին լուծում տալ, անհրաժեշտ է այլ միջոցներ ներգրավել: Մարտունիում երիտասարդներն աշխատանքով, բնակարանով ապահովման խնդիր ունեն: Ճիշտ է, ահռելի աշխատանքներ են կատարվել, ներկայումս էլ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում, բայց դեռևս կան անբարեկարգ փողոցներ, գերեզմանոցի տարածքի խնդիր կա, իսկ մի շարք թաղամասեր չունեն կոյուղագծեր:
Պետք է քաղաքապետարանի աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել, բնակչությանը մասնակից դարձնել հանրային նշանակության և բնակչությանը հուզող հարցերի քննակմանը: Ընթացող աշխատանքների վրա պետք է հանրային ուժեղ վերահսկողություն լինի: Անհրաժեշտ է ավագանուն կամ համայնքին կից խորհուրդ ձևավորվել, որը կզբաղվի նաև թաղամասերի ներքին խնդիրներով:
Մի շարք փողոցներում մայթեր չկան, Մարտունու Կարվին թաղամասից աշակերտներն առանց մայթի ճանապարհով են դպրոց հաճախում:
Հետամուտ պետք է լինել նաև քաղաքի լուսավորման, բարեկարգման՝ ասֆալտապատման, սալահատակման ու կոյուղագծի անցկացման աշխատանքներին:
Քաղաքապետը պետք է ապրի քաղաքացիների հոգսերով
-Կարևորում եմ, որ ընտրությունների ընթացքում և դրանից հետո բնակիչների միջև թշնամանք չստեղծվի: Կայանալիք ընտրությունը քաղաքի համար է և չպետք է քաղաքացիներին մասնատել: Ով էլ ընտրվի, մնացածները պարտավոր են համագործակցել նրա հետ, գոնե թշնամանք չտարածել: Մարդիկ պետք է իշխանություն կամ համայնքի ղեկավար ընտրեն, որպեսզի իրենց ծառայի:
Համայնքի ղեկավարը պետք է հասանելի լինի, բոլորին լսի և ամեն ինչ անի խնդիրները լուծելու համար: Ընտրվող քաղաքապետը պետք է ապրի մարտունեցու խնդրով: Այս առումով քաղաքացիների խնդիրները նաև իմ խնդիրներն են դառնալու և ամեն ինչ անելու եմ դրանք լուծելու համար:
Մարտունին 5 տարի հետո
— Համոզված եմ, որ առաջիկա տարիներին Մարտունին զարգանալու է՝ անկախ նրանից, թե ով կընտրվի քաղաքապետ: Քաղաքում գործում են մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ևս կան:
Որոշ ժամանակ առաջ գյուղաքաղաքի տպավորություն թողնող Մարտունին հիմա լրիվությամբ այլ տեսք ունի: Համոզված եմ, որ հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է ավելի արագացնել քաղաքի բարեկարգումը, լուծել առկա խնդիրները:
Մարտունեցին պարտավոր է և կարող է արժանապատիվ ապրել իր հարազատ քաղաքում
-Մարտունեցին պետք է իր ծննդավայրում, իր հողի վրա խոր արմատները գցի, բայց սահմանագծից 6 կմ հեռավորության վրա ապրող մարտունեցին չպետք է մոռանա նաև սահմանից այն կողմ գտնվող մեր հողերի մասին, դրանք հետագայում մերը պիտի դառնան:
Մարտունեցին պետք է իր ապագան կապի Մարտունու, Արցախի հետ, լավ կյանքի ակնկալիքով ստիպված չլինի այլ տեղ տեղափոխվել: Մարտունեցին պարտավոր է և կարող է արժանապատիվ ապրել իր հարազատ քաղաքում:
Տ. Աղաջանյան