Մարտունու ՀՅԴ պատանեկան ճամբարը սպասվածից ավելի հետաքրքիր է ընթանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Մարտունու ՀՅԴ պատանեկան ճամբարը սպասվածից ավելի հետաքրքիր է ընթանում

Մարտունու ՀՅԴ պատանեկան ճամբարը սպասվածից ավելի հետաքրքիր է ընթանում

Մարտունիում շարունակվում է ՀՅԴ Երիտասարդական միության կողմից կազմակերպված պատանեկան բակային ճամբարը։

Ըստ ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանի՝ պատանիների առօրյան շատ հագեցած է անցնում։

«Պատանիներին սովորեցնում ենք են ազգային երգ ու պար, կարդում ենք դասախոսություններ՝ նրանց մեջ սերմանելով ազգային արժեքներ և սեր առ հայրենիք ու ժողովուրդ»,-ասել է նա։

Վ․ Խաչատրյանի խոսքով՝ այս պայմաններում բավականին դժվարություններ են ի հայտ եկել ճամբարի կազմակերպման ընթացքում․

«Ճամբարը պլանավորված էր նախքան Արցախի լիակատար շրջափակումը։ Այդ շրջափակումը էլ ավելի սրեց առկա իրավիճակն ու բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցրեց մեզ։ Դժվարությունները սակայն պատճառ չհանդիսացան, որ մենք հետ կանգնենք մեր առջև դրված խնդրից։ Մենք մեր առջև նպատակ էինք դրել այս պայմաններում պատանիների համար ապահովել աշխույժ ու ուրախ առօրյա՝ հագեցած նոր գիտելիքներով, ժամանցային, մշակութային ու սպորտային ծրագրերով, ցրել նրանց բացասական մտքերն ու մտածումները»,-ասել է Վ․ Խաչատրյանը։

Ճամբարը ՀՅԴ Երիտասարդականի համար ավանդական է։ Դրանք կազմակերպվում էին և՛ մինչև պատերազմը, և՛ պատերազմից հետո։ Ըստ Վ․ Խաչատրյանի՝ պատերազմից հետո կազմակերպվել են շուրջ 12 ճամբարներ՝ Արցախի տարբեր համայնքներում, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել շուրջ 1500 պատանիներ։

«Մենք այս ծանր ժամանակաշրջանում պարտավոր էինք ավելացնել աշխարհի տարբեր երկրներից ՀՅԴ երիտասարդական միությունների հետ համատեղ կազմակերպվող  ճամբարների քանակը, որպեսզի հետպատերազմյան ծանր մթնոլորտը կարողանայինք ցրել ու չզրկել պատանիներին իրենց գունավոր մանկությունից։ Ցավոք սրտի, այս տարի Սփյուռքից մեր ընկերները չկարողացան ժամանել»,-նշել է Վ․ Խաչատրյանը։

Ճամբարի նկատմամբ բավականին ուշադիր են հատկապես Մարտունու շրջանի ՏԻՄ մարմինները՝ ի դեմս Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի։

«Հիմնական խնդիրներից մեկը Մարտունիում ջրի սակավության հարցն էր, սակայն Մարտունու քաղաքապետի և տեղական իշխանությունների աջակցությամբ այս հարցը լուծվեց։ Սննդի հետ կապված հարցերը ևս նրանց շնորհիվ լուծվեցին, և կարողացանք հնարավորինս չափ պատանիներին ապահովել նաև ուտելիքով։ Ճամբարի մասին տեղեկացել է նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը, ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունը, ովքեր այցելել և ծանոթացել են ընթացող աշխատանքներին, իսկ բուժքրոջ կողմից իրականացվում է մշտական հերթապահություն»,-ասել է նա։

Ճամբարը մեկնարկում է առավոտյան ժամը 08։00-ին և ավարտվում 14։00-ին: Ըստ Վ․ Խաչատրյանի՝ ճամբարը սպասվածից ավելի հետաքրքիր ու արդյունավետ է։

«Երեխաների կողմից սպասված են ճամբարները։ Նրանք էլ ակտիվ մասնակցում են ու մեծ աշխուժություն են ցուցաբերում։ Այդ աշխուժությունը բավականին ոգևորիչ է պատասխանատու կազմի համար։ Մարտունու պատանիները հատկապես աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ ու պատասխանատվությամբ։ Վստահ եմ, որ գալիք օրերը էլ ավելի հետաքրքիր են լինելու», — եզրափակել է Վ․ Խաչատրյանը։

1