Մարդկության հանդեպ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, 2020թ. ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը ֆեյբուքյան իր էջում գարռում է կատարել Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Իշխանյանի գարռումն ամբողջությամբ.
«30 տարի է անցել այն օրից, երբ 1990 թվականի հունվարի 13-ին Բաքու քաղաքում սկսվեցին տեղի հայ բնակչության նկատմամբ անմարդկային ջարդերը: Հայերիս հիշողության մեջ այն դրոշմվեց որպես «սև հունվար», մինչդեռ այս ոճրագործությունը… Խորհրդային բռնատիրությունը ժամանակին որակել էր «հայերի եւ ադրբեջանցիների միջև սովորական ընդհարում»:
30 տարին կարճ ժամանակ չէ, բայց այդ ընթացքում Ադրբեջանը չփոխեց իր կարևոր հարցերը ջարդերի, քաղաքական խարդավանքների ու կեղծարարությամբ լուծելու կեցվածքը: Օրինակները շատ են և դրանց անվերջանալի շղթան ձգվում է Արցախյան շարժման ու պատերազմի օրերից մինչև Ապրիլյան պատերազմ, մինչև օրս, երբ միջազգային կառույցների հանդուժողականության ու անտարբերության մթնոլորտում նա ոչ միայն հրաժարվում է առերեսվել սեփական պատմությանը, այլեւ շարունակում է թոզ փչել հանրության աչքերին և ավելի բարձր ամբիոններից ներկայացնել իր «ճշմարտությունը»:
Մարդկության հանդեպ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դեռևս պանթուրքիստական նկրտումների արդյունքում Օսմանյան կայսրության կողմից 1800-ական թվականներին սկսած եւ 1915-ին իր գագաթնակետին հասած հայերի ջարդերը շարունակվեցին Թուրքիայի եղբայրակից Ադրբեջանի կողմից:
Այս ամենը փաստում է, որ մարդկության դեմ իրագործված յուրաքանչյուր ոճրագործություն պետք է մշտապես լինի համապատասխան միջազգային կառույցների ուշադրության առանցքում, քանզի հանցանքը կրկնվելու հակում ունի, եթե պատիժը ուշանում է:
30 տարին քիչ ժամանակ չէ դասեր քաղելու և ըստ այդմ մեր բոլոր քայլերը ուղղելու Արցախի անվտանգության, կայունության ու պետականաշինության ամրացմանը»: