«Մարդիկ խիստ բացասական են վերաբերվում Արցախի թեմի առաջնորդի գործողություններին». Լեռնիկ Հովհաննիսյան
Գլխավոր » Լրահոս » «Մարդիկ խիստ բացասական են վերաբերվում Արցախի թեմի առաջնորդի գործողություններին». Լեռնիկ Հովհաննիսյան

«Մարդիկ խիստ բացասական են վերաբերվում Արցախի թեմի առաջնորդի գործողություններին». Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդն այս օրերին արցախցիներից դժգոհություններ է ստանում՝ կապված Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների հետ։ «Մարդիկ մտահոգված են եւ խիստ բացասական են վերաբերվում այս ամենին»,- ասել է Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հարցին, թե այս օրերին արցախցիներից ի՞նչ արձագանք են ստանում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների վերաբերյալ, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Համենայնդեպս մեր հայտարարությամբ մենք արտահայտել ենք նաեւ արցախցիների կարծիքը։ Բնական է՝ մարդիկ մտահոգված են եւ այս ամենին վերաբերվում են խիստ բացասական։ Տարբեր մարդիկ նույնիսկ մեզանից պահանջում էին այնպիսի քայլեր, որոնք ընդհանրապես մեր լիազորությունների հետ որեւէ կապ չունեն։ Մարդիկ նամակներ են գրել նաեւ կոնկրետ ինձ, այսինքն՝ տարբեր ձեւով են արձագանքում, մենք էլ բացատրում ենք, որ հարցը մեր լիազորություններից դուրս է, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ հայրապետի տնօրինման տիրույթում է, մենք դրա հետ կապ չունենք»։

Aravaot.am-ի հարցին, թե Արցախի թեմի թեմական խորհուրդն այս իրավիճակում ինչպե՞ս է շարունակելու աշխատանքը, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեր հայտարարությունը կա, եկեք այսօրվա իրավիճակում սահմանափակվեք դրանով, հետագա քայլերի մասին դուք տեղյակ կլինեք։ Թեմական խորհուրդն իր աշխատանքը շարունակում է, որովհետեւ թեմական խորհուրդն առաջնորդի ներկայացմամբ հաստատվում է Վեհափառ հայրապետի կողմից։ Եթե փոփոխություն լինում է, նորից Վեհափառ հայրապետին պետք է ներկայացվի նոր կազմ կամ անդամների փոփոխություն»։

Անդրադառնալով երեկ Գյումրում տեղի ունեցածին,  երբ հայ ժողովրդի համար սգո օրով պառակտման գործողություններ տեղի ունեցան՝ զուգահեռ երկու պատարագ անցկացվեց Գյումրիում, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․ «Դա նոր չէ սկսվել, որ դրա մասին խոսք ասեմ, դա ընդհանուր գործընթացների տրամաբանության մեջ է»։  

1