«Մանկությունը՝ նշանառության տակ». շարքը ներկայացնում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված երեխաների ճակատագրերը

«Մանկությունը՝ նշանառության տակ» շարքի շրջանակում լրագրող Շուշան Փափազյանն ու ֆոտոլրագրող Անի Գևորգյանը փաստագրել են Արցախի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված երեխաների ճակատագրերը՝ բացահայտելով վիճակագրական թվերի հետևում թաքնված մարդկային զգայական պատմությունները։ 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքեր։ Զոհված երեխաների վերաբերյալ տվյալներն ամբողջական չեն: Թեև ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 7 երեխա, «Թաթոյան» հիմնադրամի զեկույցում միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման արդյունքում նշվում է 21 քաղաքացիական զոհ, որոնցից 6-ը՝ երեխաներ։ Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներ և խեղված ապագան։
Գայանե Գրիգորյանը մանրամասն նկարագրում է, թե ինչպիսին էր ավագ որդու՝ 12-ամյա Վաղարշակի փոքր հողակտորը։ Տպավորություն է, ասես մայրը չի ցանկանում բաց թողնել որևէ դրվագ։ Այս հիշողության թելը Գայանեին ու ավագ որդուն կապող պահերից է.

«Ամուսնուս հայրական տանը՝ Հերհեր գյուղում, փոքր հողակտոր ունեինք։ Վաղարշակն իր բաժինն ուներ, ծառ ու ծաղիկ էր տնկել։ Մեծ սիրով էր խնամում, ոչ մեկս իրավունք չունեինք իր ծառերին ձեռք տալու։ Իր մահից հետո մենք սկսեցինք խնամել։ Ծառերը սկսեցին բերք տալ։ Դեղձենի ուներ։ Սկզբից չէինք կարողանում բերքը հավաքել, հետո կամաց-կամաց սովորեցինք»։


Գրիգորյանների ընտանիքը ապրում էր Մարտունու շրջանի Ներքին Ճարտար (Զորավան) գյուղում։ Գայանեի ամուսինը՝ Թաթուլը, զինվորական ծառայության մեջ էր այդտեղ: Երեք զավակները՝ Վաղարշակը, Գոռն ու Գևորգը, հաճախում էին դպրոց, ինքն էլ որպես ուսուցչուհի էր աշխատում տեղի դպրոցում։ Կյանքի բնականոն ընթացքը խախտվեց 2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին։
Ապրիլի 2-ի առավոտյան Ներքին Ճարտարի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի ճանապարհին սպանվեց Գայանեի որդին՝ 12-ամյա Վաղարշակը, մյուս որդին՝ 11-ամյա Գևորգը, ծանր վիրավորումներ ստացավ։

«Իր տարիքի համար Վաղարշակը շատ ավելի հասուն էր մտածում։ Մեզ միշտ ասում էր՝ բիզնեսներ է հիմնելու, գյուղը զարգացնի։ Արտաքնապես էլ ընդհանրապես նման չէր իր հասակակիցներին՝ շատ բարձրահասակ էր։ 7-րդ դասարանում էր սովորում, երբ դեպքը եղավ։ Ինձ միշտ ասում էր, որ մեծանա՝ շատ հայտնի է լինելու։ Ես չէի էլ պատկերացնի, որ նա պետք է այսպես հայտնի դառնար…»- ասում է Գայանեն։
Նախքան Քառօրյա պատերազմը զինվորական թաղամասը հակառակորդի նշանառության տակ չի եղել։ Գայանեն պատմում է, որ կրակոցներ հաճախ են հնչել, բայց դպրոցն ու տները չեն թիրախավորել։ Միշտ մտածել է, թե վտանգը մեծ չէ. «Ամեն դեպքում երեխաներին չէինք թողնում բակում մենակ շատ մնան կամ մենակ դպրոց գնան։ Բայց ես երբեք չեմ մտածել մեր տունը լքելու մասին»։
Պատերազմը ապրիլի 2-ին էր սկսվել, բայց շարժ կար՝ մարդիկ գնում էին աշխատանքի, երեխաները՝ դպրոց։ Գայանեն զանգել էր Մարտունի, հարցրել՝ վիճակն ինչպես է։ Պատասխանել էին, թե անհանգստանալու կարիք չկա։
«Առավոտ շուտ էր, մոտավորապես ժամը 8-ն անց կես, ես երեխաների հետ դպրոցի ճանապարհին էի։ Նրանք ինձնից առաջ էին ընկել, հասել էին արդեն բակ։ Ուժեղ ձայն լսեցի, ոնց որ ֆշշոց լիներ։ Ամեն բան մի պահ ծխի մեջ կորավ, մի պահ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Վախեցա, վազեցի երեխաներիս ուղղությամբ»։
Գայանեն երեխաներին գտնում է ծխի մեջ։ Գոռը, Գևորգն ու իրենց ընկերը՝ Վարդանը, արյան մեջ էին, գետնին. «Գոռը Վաղարշակին մի կերպ ինձ մոտ բերեց։ Ես գրկել էի նրան, դեռ ողջ էր։ Մտածում էի՝ ինչպես փրկեմ տղայիս։ Բղավում էի, որ մեքենա մոտեցնեն»։
Հավաքվածների մեջ գտնվում է մեկը, որը մեքենա ուներ։ Գայանեն՝ Վաղարշակը գրկում, նստում է այդ մեքենան։ Վարդանի ծնողները հիվանդանոց են տանում մյուս որդիներին։

«Վաղարշակին տարանք զինվորական հոսպիտալ, որ փրկվի։ Վարորդը զինվորական էր, դրա համար էլ այդ ուղղությամբ մեզ տարավ։ Մյուս որդիներս, ընկերոջ՝ Վարդանի ու իր ծնողների հետ, շրջանային հիվանդանոցում էին։ Վաղարշակն անընդհատ ինձ էր նայում, իմ գրկի մեջ էր։ Երբ հանձնեցինք բժիշկներին, ասացին, որ ուշացրել ենք՝ ճանապարհին երեխաս մահացել էր։ Բեկորը զարկերակին էր դիպել։ Ես չէի ուզում հավատալ։ Անջատվել էի։ Ինձ ասում էին՝ Գևորգը լավ չի, որ թողնեմ ու գնամ»։
Վաղարշակի մարմինը տեղափոխեցին Ստեփանակերտ՝ դատաբժշկական փորձաքննության։ Ընտանիքը սպասում և պատրաստվում էր հուղարկավորության. «Ապրիլի 4-ին հուղարկավորեցինք Վաղարշակին։ Շատ մարդ էր հավաքվել։ Անգամ այդ ժամանակ մեզ թիրախավորում էին, կրակում էին գերեզմանների ուղղությամբ»։
Դեպքից հետո Գայանեն երկար ժամանակ չէր կարողանում դպրոց գնալ, վերջին անգամ վերջին զանգի պատրվակով է գնում, իսկ հետո՝ որդու հուշարձանի բացման արարողությանը. «Վաղարշակն ուր գնում՝ ծառ էր տնկում։ Դպրոցի բակում էլ իր տնկած ծառերից կային։ Իր մահից հետո դպրոցի աշակերտները սկսեցին խնամել դրանք»։


Որդիներից մյուսը՝ Գևորգը, լուրջ վիրավորում ուներ ոտքի հատվածում։ Գոռը, վնասվածքներ չուներ։ Հարազատները տուն էին տարել։ Գևորգին շտապ տեղափոխում են Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոց։
Գայանեն ասում է՝ չգիտեր որտեղ լիներ՝ Վաղարշակի հուղարկավորությանը, թե մյուս որդու մոտ, որովհետև Գևորգն անընդհատ իրեն էր ուզում:
Գևորգը հիվանդանոցում էր. Հայաստանից նամակներ էր ստանում բարեմաղթանքներով, որ շուտ ապաքինվի
Գայանեն շուտով գնում է Գևորգի մոտ՝ խնամելու։ Վիճակը ծանր էր՝ նա քայլել չէր կարողանում։ Վերականգնողական փուլը տևում է մոտ մեկ ամիս. «Ոնց որ զրոյից քայլել սովորեցնեինք։ Մենք նրան չէինք ասել, որ եղբայրը մահացել է։ Խաբել էինք, թե ոտքը կոտրված է, Մարտունու հիվանդանոցում են նրան պահում։ Անընդհատ հարցնում էր և՛ Վարդանից, և՛ Վաղարշակից։ Վարդանն էլ վերականգնողական բարդ փուլեր անցավ։ Ես չէի ուզում ասել որդուս։ Մեկ ամիս անց ինքն է գլխի ընկել»։
Գևորգն այժմ բժիշկ դառնալու ճանապարհին է։ Մայրն ասում է՝ որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ ասել են, թե հիվանդանոցում բժիշկ չի եղել, որ Վաղարշակի կյանքը փրկեն. «Ես չգիտեի՝ ո՛նց ճշմարտությունն ասեմ, առաջինը մտքիս էդ եկավ: Ես չէի պատկերացնի, որ մեծանալով կորոշի բժիշկ դառնալ։ Այն ժամանակ շատ նամակներ էր ստանում, որ շուտ ապաքինվի, բայց ուշքն ու միտքը եղբոր կողմն էր»,- հիշում է Գայանեն։

Որդու գերեզմանը Հերհեր գյուղում է։ Գայանեն պարբերաբար այցելում էր որդու շիրիմին, ժամանակի մյուս մասն էլ անցկացնում էր հիվանդանոցում՝ մյուս որդուն խնամելով։
«Վաղարշակը դեռ շատ փոքր էր, մի անգամ դեղձ էր կերել, կորիզը պահել էր, տարել տատի տուն՝ Հերհեր, ու բակում տնկել: Իր մահից հետո դեղձենին ծաղկեց, բերք էր տալիս։ Մենք երբեք այդ դեղձերից չկերանք, չէի կարողանում»։
Որդու կորստից հետո Գայանեն չի կարողանում վերադառնալ տուն։ Ամուսնու հետ որոշում են երկու որդիներով տեղափոխվել Շուշի՝ նոր կյանք կառուցելու:
«Տղաներս միշտ հիշում էին մեր հին տունը, կարճ ժամանակ անց Շուշիում հարմարվեցինք։ Նոր էինք սկսել վերականգնվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Երբ տեսա, թե տղաներս ինչքան վախեցած են, անհանգստացանք նրանց համար, կարճ ժամանակով Հայաստան եկանք։ Նոյեմբերի 19-ին կրկին վերադարձանք, այս անգամ՝ Ստեփանակերտ»,- հիշում է Գայանեն։

Արցախ իրենց վերադարձի մասին Գայանեն ասում է՝ եթե չվերադառնային, կհամարեր, որ դավաճանել է Վաղարշակին։ Վերջին անգամ որդու գերեզմանին այցելել է 2023-ի սեպտեմբերի 17-ին՝ պատերազմից երկու օր առաջ. «Առանց ծաղիկի ենք գնացել, շրջափակման մեջ էինք, չէր ճարվում։ Ես միշտ գնում էի Հերհեր, որ խնամեմ որդուս գերեզմանը։ Երբ վերջին անգամ այնտեղ էի, չէի մտածում, որ այլևս չեմ գնալու»։
Փոքրիկ դպրոցական պայուսակում՝ որդու մասին ողջ հիշողությունը
Ներկայիս բնակարանում Գայանեի աչքի առաջ Վաղարշակի դպրոցական պայուսակն է. ձեռագիրն անգիր գիտի, որովհետև ինքն է հայոց պատմություն դասավանդել ու հաճախ ցածր գնահատական է դրել, որ դասընկերների մոտ չհպարտանա, թե մայրն իրեն մյուսներից լավ է նայում: Հաճախ է բացում այս տետրերը ու օրագիրը, որտեղ կարմիրով երկուս է նշանակել Գայանեն. «Իր հետ նստում էի, որ դասերը աներ, չէր ուզում։ Երբեմն գալիս էր, թեմատիկների մասին էր հարցնում, որ գնար ընկերներին պատմեր, ես էլ զայրանում էի՝ չէի ասում»։
Դպրոցական այս պայուսակը մի քանի տեղահանություն է տեսել։ Վերջին անգամ Գայանեն խնդրել է Հերհեր գյուղի տնից բերել միայն այս պայուսակը։ Որդու անձնական իրերը՝ հագուստներ, խաղալիքներ, մնացել են Շուշիում։
2023 թվականին, երբ լսում են տեղահանության մասին, Գայանեն չէր ուզում Ստեփանակերտը լքել: Ընտանիքը ժամանակ էր ձգում, մինչև սեպտեմբերի 27-ին գալիս են Հայաստան: «Այս բնակարանը վարձել էինք Գևորգի համար, ինքն ուսանող էր, այստեղ էր սովորում: Ես ամուսնուս ու Գոռի հետ եկանք այստեղ ու փորձում ենք կրկին կյանքը վերակառուցել, չնայած հիմա կառչելու քիչ տեղ ունենք։ Արցախում գոնե հիշողություն ունեինք, կարողանում էինք գերեզման գնալ։ Այստեղ այցելում ենք Եռաբլուր՝ զոհված աշակերտներ ու ընտանիքի ընկերներ ունեմ։ Փորձում եմ կարոտս այդ կերպ առնել»,- ասում է նա։


Վերջին անգամ ընտանիքը ամբողջական կազմով էր 2015 թվականին՝ Վաղարշակի ծննդյան օրը։ Հիմա ամեն տարի այդ օրը՝ հունվարի 19-ին և ապրիլի 2-ին, ընտանիքը հավաքվում է Եռաբլուրում։ Այս տարի նա կդառնար 21 տարեկան. «Մեզ հետ շատ դաժան բաներ տեղի ունեցան։ Երբեմն չեմ զգում, թե ինչպես է ժամանակն անցնում, որովհետև այս վերքը երբեք չի բուժվում։ Ինձ հաճախ են ասում՝ դու գոնե գիտես, թե որտեղ է քո տղան։ Ես անընդհատ մտածում եմ, թե ինչքան մեծ է բոլորիս վիշտը և անհամեմատելի»։

Որդու զոհվելուց հետո Գայանեն ամեն օր սպասում է նորության. դպրոցի հրթիռակոծության և որդու մահվան գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի. «Մտածում եմ՝ եթե արդարություն գոյություն ունի, ապա մի լուր կստանանք»։
Շուշան Փափազյան
Անի Գևորգյան