«Մանկության երանգներ» խորագրով ցուցահանդես Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Մանկության երանգներ» խորագրով ցուցահանդես Ստեփանակերտում

«Մանկության երանգներ» խորագրով ցուցահանդես Ստեփանակերտում

Այսօր՝ հունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում կայացել է «Մանկության երանգներ» ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը՝ ԱՀ Մշակույթի և երիտասարդության պալատի հետ համատեղ:

Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը և ԱՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Մանկության երանգներ» ցուցահանդեսին ներկայացված են «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրի մասնակից մանուկների նկարները, որոնք արվել են 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան օրերին, որտեղ ընդգծված են Արցախի մանուկների կարոտի, երազանքի, հույսի և հավատի երանգները:

Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Մաճկալաշենում  վերջերս Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ բացված ձեռքի աշխատանքի խմբակի երեխաների ստեղծագործությունները, որոնք հասցրել են բերել ու ներկայացնել ուսուցչուհի Կարինե Սարգսյանի հետ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Մաշակույթի պալատի տնօրեն Զինա Գասյանը:

Նա ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բոլորին՝ «Մանկության երանգներ» խորագիրը կրող ցուցահանդեսին իրենց ներկայությունը ապահովելու համար:

«Ձեր ուշադրությանն է ներկայացված արցախցի մի խումբ երեխանների վրձիններին պատկանող նկարներ, որոնք ստեղծվել են 44-օրյա պատուհասի օրերին և հետպատերազմյան շրջանում:

Երեխաները, ովքեր ոչ իրենց կամքով և պարտադրաբար 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո հաստատվել էին Հայստանի տարբեր մարզերում և քաղաքամայր Երևանում, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվելու հնարավորություն էին ստացել:

Այսօր այստեղ բոլորս ականատեսն ենք այն հույզերի, մտորումների, ապրումների, նվիրումի արգասիքին, որը կազմում է այդ փոքրիկների ճակատագրի մի մասը», — նշել է Զինա Գասյանը:

Ծրագրի մասին ավելի մանրամասն ներկայացրել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:

Նա նույնպես ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց իրենց ներկայության համար, ինչպես նաև ծրագրին մասնակից բոլոր երեխաներին, ովքեր այս ամբողջ ընթացքում իրենց հետ են եղել և իրենց վրձնի արտացոլանքն այսօր ներկայացրել են այս ցուցահանդեսում:

Նա նաև շնորհավորեց բոլոր մանուկներին՝ երեխանների պաշտպանության տոնի կապակցությամբ, քանի որ այս ցուցահանդեսը այդ տոնի կապակցությամբ է կազմակերպվել՝  մի քիչ ուշացումով:

Ներկաներին ողջունելով՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության անունից նա ներկայացրեց այս ցուցահանդեսի էությունը:

«Պատերազմի օրերին (2020թ. նոյեմբերի 1-ից) Հայստանում գտնվող արցախի մանուկների համար Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի առաջարկով և Համազգային հայ կրթական և մշակութային միության Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչություների հանգանակությամբ կյանքի կոչվեց մի ծրագիր, որը կոչվեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին»: Այդ ծրագրի էություն այն էր, որ արվեստի խմբակների միջոցով սատար կանգնենք Արցախի տեղահանված փոքրիկներին: Սկզբում՝ Երևանում, հետո արդեն Դիլիջանում և Աբովյանում սկսեցին գործել մեր խմբակները՝ նկարչության, երգ ու պարի, կավագործության, դասապատրասման, թատերական, իսկ հունվարից հետո սկսեցին գործել մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի մի շարք գյուղերում: Այսօր  էլ այդ խմբակները գործում են, որին մասնակցել են Արցախի շուրջ 200 երեխաներ:

Այս ցուցահանդեսը կրում է «Մանկության երանգներ» խորագիրը: Ինչո՞ւ ենք այսպես որոշել անվանել ցուցահանդեսը:

Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր նրբություն: Այս ցուցահանդեսի միջոցով մենք ոչ թե ցանկացել ենք ցույց տալ, թե ինչպես են նկարում մեր երեխաները, այլ այն, թե ինչ էին նրանք նկարում պատերազմի օրերին և ինչ են նկարում հիմա:

Այս նկարների միջոցով դուք կտեսնեք նրանց մանկության երանգները: Այդ երանգների մեջ կա պատերազմի գույնը, երազանքը, հավատը, կորցրած մանկության հետքերը, օջախներն ու տունը, որ թողել են բռնազավթված տարածքներում:

Կարևոր մի բան կա այս նկարների մեջ: Եթե նայեք այս արևածաղիկներին, որոնք արդեն նոր օրերում են նրանք նկարել, կտեսնեք երազանք, այսինքն՝ նրանք շարունակում են հավատալ իրենց մանկության հեքիաթին և շարունակում են  հավատալ, որ երազանքը,սերը, բարին, իրենց հավատը ապագայի հանդեպ մի օր հաղթելու է»,- ասել է Հերմինե Ավագյանը:

Նա հույս հայտնեց, որ տարիներ հետո իրենք այս նկարները նորից կհավաքեն,նորից ցուցահանդես կկազմակերպեն Արցախում և այդ երեխաներին, ովքեր արդեն մեծացած կլինեն, նորից կվերադարձնեն իրենց մանկություն:

Ցուցահանդեսին ներկայացված էր նաև «Երազանքի պաստառ», որտեղ երեխաները նկարել են իրենց ձեռքերը, իսկ ձեռքերի մեջ գրել երազանքներ, որպեսզի տարիներ հետո նորից հավաքվեն և տեսնեն՝ ում երազանքներն են կատարվել, և ինչ երազանքներ են ունեցել։

Իր խոսքում Հերմինե Ավագյանը շնորհակալություն հայտնեց ԱՀ Մշակույթի և երիտասարդության պալատին՝ համագործակցության համար, նկարչության ուսուցիչներին՝ Սաթենիկին ու Մարինեի(ովքեր ընկերակցեցին երեխաների ապրումներին, ինչի արդյունքում ծնունդ առան այս նկարները), ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը՝  դասապատրաստման խմբակներին աջակցելու և համագործակցելու համար:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Ըստ Լուսինե Ղարախանյանի, ցուցահանդեսում ներկայացված նկարներում ներկան և անցյալը ավելի շատ են պատկերված, քան՝ ապագան:

«Նկարներում տուն տանող ճանապարհները շատ են։ Այս նկարներում երեխաները արտացոլել են  կարոտ և տուն տանող ճանապարհ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ յուրքանչյուր նկար հույզերի, մտքերի, երևակայույթան, համոզմունքների, ապրածի արտացոլանք է և յուրաքնաչյուր նկարում երեխան պրոյեկտում է նաև իր ընտանիքի միջավայրը, հարաբերություններն ու աշխարհընկալումը:

«Շատ լավ է , որ սա ոչ թե երեխաների նկարչական ընդունակեոթյունները ցույց տալու համար է, այլ պարզապես նկարելու ցուցահանդես է: Այո՛, նկարելու միջոցով երեխաները կարողանում են իրենց բացասական մտքերն ու հույզերը հանձնել թղթին, գուցե նաև ընդմիշտ ազատվելով դրանից»,-ընդգծել է Լուսինե Ղարախանյանը:

Նա դրվատելի համարեց Հերմինե Ավագյանի գործունեությունը՝ հատկապես հետպատերազմյան շրջանում:

«Այն աշխատանքները, որ տարվում է երեխաների հետ, օգնում է նրանց ճիշտ նվաճել աշխարհը և իրենց ճիշտ պահել: Մենք մեր երեխաների հայացքին  ուղիղ պետք է նայենք և մաքսիմում ձգտենք օգնել նրանց ճիշտ ընկալել իրականությունը՝ չվնասելով նրանց հոգեկան ու անձնային զարգացմանը»,-ասել է նախարարը:

Լուսինե Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց Հերմինե Ավագյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար և հավելեց, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է անել ամեն ինչ՝ երեխաների ստեղծագործական ընդունակությունների զարգացման համար

Ելույթներից հետո ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նվերներ են բաժանվել ծրագրի մասնակից  բոլոր երեխաներին, իսկ ներկաներին իրենց գեղեցիկ արտասանությամբ հիացրել են Շուշիից՝ Նարեն ու Սոֆին և Հադրութից՝ Լիան:

1