Մանդատ վայր դնելով՝ չենք ստեղծի այն ճգնաժամը, որի կարիքը տեսնում ենք․ Գեղամ Մանուկյան
parliamentmonitoring.am-ի hարցազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
-Վարչապետ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը: Ի՞նչ է նշանակում իջեցնել նշաձողը, դա նշանակո՞ւմ է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
-ԱԺ–ում Փաշինյանի հայտարարություններում փակագծերը մի քիչ ավելի բացված էին։ Ավելի կոնկրետացված էր Արցախի պահանջատիրությունից, Արցախի դատից ՀՀ իշխանությունների՝ ձեռքերը լվալու պատրաստակամությունը, բայց այն, ինչ ասում էր նա, նորություն չէ: Նախորդ մեկ տարում բազմաթիվ քննարկումների, հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ու նախարարները, ՔՊ–ական պատգամավորները գրեթե նույնությամբ կրկնել են դա: Պարզապես այս անգամ, նաև նկատի ունենալով մեր Արցախ գնալու հայտարարությունը, հետագա զարգացումները, Փաշինյանը շատ ավելի պարզ հրապարակեց այն քաղաքական գիծը, որի համար 2020-ի նոյեմբերից հետո ընդդիմությունը հանրահավաքներ, ցույցեր էր անում, ընտրություններին հասարակությանն զգուշացնում էր, որ այս իշխանությանը տրվող յուրաքանչյուր քվե վտանգելու է Հայաստանի անվտանգությունը և Արցախի գոյությունը: Ինչ վերաբերում է Փաշինյանի ներկայացրած «միջազգային հանրությանը», եկեք այստեղ բաժանում անենք: Եթե խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասին է, նրանցից որևէ մեկը չի խոսել Մադրիդյան սկզբունքների չեղարկման մասին, չի խոսել Արցախի հարցով բանակցությունների չգոյության մասին, և որևէ հայտարարություն չի եղել, որը կասկածի տակ կդնի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները: Միակ կողմը, որը բացառում է Արցախի գոյությունը և կարգավիճակը, Թուրքիան է, և թերևս, Նիկոլ Փաշինյանը, միջազգային հանրություն ասելով, նկատի ունի Թուրքիան, որի հետ երկխոսության մեջ է մտել:
-ՀՅԴ Բյուրոն արդեն հայտարարություն է տարածել՝ անընդունելի համարելով Փաշինյանի հայտարարությունները, բայց մինչև դրան անդրադառնալը, հիմա երբ հետադարձ հայացք եք ձգում, չպե՞տք է մնայիք խորհրդարանում և Նիկոլ Փաշինյանին շատ կոնկրետ ու հասցեական հարցեր ուղղեիք, նպատակահարմա՞ր էր Արցախ ուղևորվելը:
–Արցախ մեկնելու հետ կապված պետք է հիշեցնեք, որ Սեյրան Օհանյանը ոչ միայն Արցախ, այլ նաև Սյունիք, Վայոց Ձոր այցելելու մասին էր հայտարարել։ Արցախ մեկնելն ավելի շատ քաղաքական ակտ էր, կար խնդիր՝ Արցախի խորհրդարանի մեր գործընկերների հետ քննարկումներ ունենալու: Թեև թույլ չտվեցին Արցախ մեկնել, սակայն Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ ունեցանք քննարկում: Արցախի ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը, կարելի է ասել, նաև մեր քննարկումների արդյունքն էր, թեև այդ ազդեցությունը շատ աննշան է, որովհետև արցախահայությունը և Արցախի խորհրդարանն ու խմբակցությունները շատ հստակ իրենց դիրքորոշումն ունեն: Փաշինյանից նոր բան լսելու բոլոր ռեսուրսներն արդեն սպառված են: Նրանք համոզմունքով գնում են Արցախից ձեռքերը լվալու, Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկացած պահանջ մինչև վերջ կատարելու մտասևեռումով:
-ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ խոսքն այն նշաձողի մասին է, որը կապահովի միջազգային հանրության կոնսոլիդացիա, հայանպաստ լուծումը կդառնա հավանական:
-ՔՊ–ականները ցնորամիտ մտքեր էին ասում՝ իբր 30 տարի միջազգային հանրությունից մեկուսացած ենք եղել, որը իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Ապրիլյան պատերազմի օրերին նույն խոշոր պետությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, միջազգային հանրությունը միանգամից շատ արագ արձագանք տվեց: Երբ իշխանական պատգամավորներն ասում են՝ մեկուսացած ենք եղել, պետք է հիշեցնենք դա, նաև այն, որ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումներում Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում էին կրակի դադարեցման և հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմներ կիրառելու մասին։ Փաշինյանի իշխանության գալուց շաբաթներ անց միջնորդների բառապաշարից այդ բառերը դուրս մնաց հենց ՀՀ իշխանությունների մեղքով: Իշխանության այդ ոչ հստակ արտաքին քաղաքականության, Արցախի բանակցություններում իրարամերժ դիրքորոշումների պատճառով էր, որ Մինսկի խմբի համանախագահողների համար Հայաստանի կեցվածքը հստակ չէր: Դրա արտահայտությունը եղավ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ արդեն իրենք էլ են ընդունում, որ միջազգային հանրությունը իր զորակցությունը չի հայտնել Արցախին և Հայաստանին: Դեռ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասում է, որ հոկտեմբերի 18-19-ին համոզել էր Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ ժամանակ Շուշիի մասին խոսք չկար, և զարմանալիորեն Հայաստանը մերժել է դա: Հիմա Փաշինյանը հետին թվով խոսում է, թե այս պատերազմում Շուշին անպայման պետք է լիներ վերջակետը:
-Այդուհանդերձ, ընդունո՞ւմ եք քննադատությունը, որ պետք էր մնալ Երևանում և փորձել ԱԺ-ում հակադարձել Փաշինյանին: Ընդդիմությունը շտապողականություն չդրսևորե՞ց:
-Խոսքը երբեք չի եղել խորհրդարանում չլինելու մասին, խոսքը եղել է այս շաբաթվա նիստի մասին, որովհետև դրա օրակարգը համահունչ չէր ընդհանրապես այն մարտահրավերներին, որոնք կան Արցախի խնդրով և արտաքին քաղաքական դաշտում: Նկատի ունենանք, որ Փաշինյանը ԱԺ-ում ոչ թե պետք է հանդես գար հաշվետվությամբ Արցախի բանակցությունների վերաբերյալ, այլ պետք է լիներ կառավարության ծրագրի կատարողականի ներկայացումը: Իսկ այդ կատարողականը մեր պատգամավորներն արդեն առիթ ունեցել էին քննարկելու հանձնաժողովներում: Ես պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, մանրակրկիտ քննարկում ենք ունեցել, և պաշտպանության փոխնախարարի մակարդակով տրվել են բազմաթիվ հարցադրումներ, որոնց որևէ պատասխան չի եղել: Նույն պաշտպանության և անվտանգության հետ կապված այս կառավարությունը իշխանության գալուց հետո հայտարարել է, որ զինված ուժերի արմատական բարեփոխումների հայեցակարգ պետք է մշակի և բարեփոխումներ պիտի իրականացնի: Մեկ տարի է անցել, մինչև հիմա բարեփոխումների պաշտոնական հայեցակարգ չկա: Այսինքն, որևէ բան չի արվել:
–Այսինքն, արդարացվա՞ծ էին ձեր քայլերը:
–Այո, վստահ եմ, որ արդարացված էին: Նաև Արցախ մեկնելու առումով այդ արգելքը վեր հանեց, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ, և անհրաժեշտության դեպքում արգելք կարող է դրվել նաև ՀՀ խորհրդարանի պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց Արցախ մեկնելու վրա: Տեղ գյուղում միշտ ոստիկանական հենակետ է եղել, Գորիսից Արցախ մեկնողներին բարի ճանապարհ են ասում: Մեր մեկնելու օրը այդտեղ սահմանապահ զորքերի ծառայողներ էին, որոնք փաստաթղթեր էին ստուգում, գրառում մեր բոլոր տվյալները, մեքենայի համարները: Հարցնում ենք՝ երբվանի՞ց է այս հենակետը, ասում են՝ այսօրվանից: Հաջորդ օրը պարզվում է, որ այդ հենակետը վերացել է: Հստակ է, որ մեր մեկնելու առիթով սահմանապահ զորքերը, ԱԱԾ ծառայողները հաշվառում էին, թե որ պատգամավորներն են մեկնում Արցախ: Ավելին, երբ գիշերը վերադառնում էինք Գորիս, նույն հենակետում նորից էլի անձնագրերի ստուգում եղավ, նույնիսկ պատգամավորական մանդատ ցույց տալը նրանց չբավարարեց:
-ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է՝ ուղերձ ենք հղում հայ ժողովրդին՝ դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին: Դուք այս օրակարգն ինչպե՞ս եք պատկերցնում, որը պետք է լինի ընդդիմության անելիքն այս իրավիճակում:
-Բոլոր գործիքակազմերն այս պահին օգտագործելի են, և պատահական չէր, որ ապրիլի 9-ի հանրահավաքում ընդդիմությունը հրապարակեց կարմիր գծերը: Այս իշխանությունը, ցանկացած մեկ ժամ, որ ավել է մնում, շատ ավելի վտանգում է մեր երկրի անվտանգությունը, Արցախի սուվերենությունն ու անվտանգությունը: Այս օրերին նրանք իրենց քննադատության թեզերից մեկն են դարձրել, թե՝ տեսեք, ընդդիմությունը չի մասնակցում արտաքին ճակատում աշխատանքներին: Ստում են ամբողջապես: Նույն ԵԽԽՎ-ում մեր պատվիրկության գործընկերները՝ Արմեն Գևորգյան, Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան, ամբողջապես լիակատար աշխատանք են ծավալում: Օրերս մեկ այլ հարթակում հանդես է եկել Արթուր Խաչատրյանը: Սևծովյան տնտեսական ավազանի երկրների կոմիտեների նիստում էլ, որտեղ ադրբեջանական փաստաթուղթ էր դրված, հակառակ քաղաքական անհամաձայնություններին, նույն ՔՊ-ական պատգամավորի հետ միասին աշխատում էինք, որովհետև հարցը վերաբերում էր Հայաստանի ու Արցախի անվտանգությանը:
-Չի՞ հասունացել պահը, որ ընդդիմությունը վայր դնի մանդատները:
-Դա օրակարգում եղել է, կա, ուղղակի այս պահին դրա անհրաժեշտությունն առայժմ չենք տեսնում։ 29 կամ 33 մանդատ դնելով չենք կարողանա խորհրդարանական այն ճգնաժամը ստեղծել, որի անհրաժեշտությունը տեսնում ենք: Այդ մանդատները կարող են կարևոր նշանակություն ունենալ խորհրդարանում՝ կարևոր հարցերի շուրջ:
-Այս առումով Ձեզ ինչ-որ բա՞ն է հայտնի, որ մոտ ապագայում տեղի է ունենալու:
-Ոչ, հայտնի չէ:
parliamentmonitoring.am
18 ապրիլի, 2022թ