ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հորդորում է հակամարտության կողմերին և միջազգային հանրության համապատասխան անդամներին՝ լսել տեղահանված արցախցիների խնդրանքը
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին ներկայացրել է իր զեկույցը 2023 թվականի նոյեմբերի 16-ից 24-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ։Զեկույցում նշվել է, որ այն վարչակազմերը, որոնք կառավարել են Հայաստանը 1991 թվականին խորհրդային իշխանությունից անկախանալուց ի վեր, ընդունել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված խորհրդային իշխանության ժամանակ, ավտոկրատ կառավարությունների կողմից և Արցախյան հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների ժառանգության չեզեքացման համար:
Թեև նման միջոցները ներառված չեն եղել անցումային արդարադատության գործընթացում կամ պաշտոնապես չեն դիտարկվել որպես նման օրակարգի մաս, դրանցից շատերն ուղղված են եղել այնպիսի խախտումների բացահայտմանը, որոնցից տուժել են հայ զինվորները կամ հակամարտության զոհերը։
Այդուամենայնիվ, քրեական արդարադատության, փոխհատուցման և մարդու իրավունքների նախկին խախտումների հիշատակման ոլորտներում ճշմարտության որոնման մեխանիզմների և դրանց ստեղծման ուղղությամբ առաջընթացը եղել է անհետևողական:
Ճշմարտության որոնողական մասնագիտացված առանձին նախաձեռնությունները, որոնց նպատակը եղել է 1991-ից ի վեր խախտումների ու չարաշահումների հետաքննությունը և արձանագրումը, չեն ընդունվել։ Կենսական է, որ Հայաստանը ստեղծի անկախ մեխանիզմ՝ ուսումնասիրելու և արձանագրելու մարդու իրավունքների խախտումները, և դրանք հասանելի դարձնի ներկա և ապագա սերունդներին:
Հատուկ զեկուցողը ողջունում է փաստահավաք հանձնաժողովի ստեղծման ծրագրերը, սակայն զգուշացնում է, որ այն պետք է երաշխավորի անկախ և արդյունավետ հետաքննությունը և հաշվետվություն տրամադրելու իրավասությունները՝ համապատասխան միջազգային չափանիշներին, որոնք կիրառելի են ճշմարտություն որոնող կազմակերպությունների համար: Չափից դուրս ուժի կիրառման, խոշտանգումների, կասկածելի մահվան և կամայական կալանավորման բազմաթիվ դեպքերի քրեական հետաքննությունը սակավ է եղել՝ քաղաքական կամքի բացակայության և անարդյունավետ հետաքննության պատճառով: Հատուկ զեկուցողն ընդգծում է, որ դատախազական և դատական իշխանությունները պետք է շտապ ուժեղացնեն ջանքերը՝ կատարելու իրենց ազգային և միջազգային պարտականությունները՝ պատասխանատվություն ապահովելու մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների համար:
Թեև Հայաստանը չի ընդունել փոխհատուցման համապարփակ սխեմա, ներպետական օրենսդրության կամ կառավարության որոշումների համաձայն՝ փոխհատուցում է տրվել խորհրդային բռնաճնշումների զոհերին, հակամարտության ընթացքում զոհված կամ անաշխատունակ զինվորներին, հակամարտության խաղաղ զոհերին և 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերին։ Սակայն այլ դեպքերում՝ մարդու իրավունքների ոտնահարման հետ բախված անձիք ստիպված են եղել պայքարել փոխհատուցում ստանալու համար:
Հատուկ զեկուցողի ժամանումը Հայաստան համընկել է հակամարտության արդյունքում Արցախից 115 հազար հայերի բռնի տեղահանման հետ։ Նա հանդիպել է փախստականների և իշխանությունների հետ ընդունող համայնքներում, ինչպես նաև Երևանում, որտեղ ականատեսն է եղել տեղահանված բնակչության ցավին ու հրատապ կարիքներին։ Նա իր համերաշխությունն է հայտնել փախստականներին, որոնց տրամադրվել են հիմնական ծառայություններ, բնակարանային և ապրուստի միջոցներ: Այնուամենայնիվ, միջնաժամկետ լուծումները պետք է տրվեն միջազգային հանրության աջակցությամբ և խորհուրդներով: Նման միջոցների մշակումն ու իրականացումը հրատապ խնդիր է։
Աշխատանքային սխեմաների և սոցիալական ծառայությունների գրանցումը պետք է մշտադիտարկվի և վերանայվի, անհրաժեշտության դեպքում, ապահովելու դրանց իրականացումը, անկախ փախստականների քաղաքացիության կարգավիճակից, և կանխելու անսպասելի խոչընդոտներն այս առումով: Ի հավելումն այս կարևոր կարիքների՝ փախստականների համար հրատապ է եղել նաև Արցախում մնացած փաստաթղթերի հասանելիությունը, ինչպես նաև այդ տարածքներում իրենց հարազատների գերեզմանոցների և մշակութային ժառանգության պահպանությունը։
Հատուկ զեկուցողը, արձագանքելով փախստականների կոչին, հորդորում է հակամարտության կողմերին և միջազգային հանրության համապատասխան անդամներին լսել նրանց խնդրանքը: Նա խաղաղ բանակցությունների կողմերին և գործընթացին առնչվող միջազգային հանրության անդամներին կոչ է անում ապահովել, որ Արցախին վերաբերող ցանկացած քննարկում կամ համաձայնագիր ներառի ճշմարտության մեխանիզմների ընդունումը (ներառյալ որոնումը հեշտացնելը, անհայտ կորածների և փաստահավաքի գործընթացներ), մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելը, զոհերի փոխհատուցումը, տեղահանված բնակչության արխիվների և մշակութային ժառանգության պահպանումը և այդ ամենը չկրկնվելու երաշխիքները։
Նման մեխանիզմները պետք է ստեղծվեն միջազգային հանրության հովանու ներքո՝ ապահովելու բոլոր կողմերի անաչառությունն ու վստահությունը և կանխելու բռնության կրկնությունը։ Հատուկ զեկուցողը հիշեցնում է, որ անցումային արդարադատության միջազգային չափանիշները պետք է արտացոլվեն և հիմք հանդիսանան բոլոր քննարկումների և ապագա համաձայնագրերի համար: