ՄԱԿ-ի բանաձևերը չի վերաբերվել Արցախի կարգավիճակին. Գեղամ Մանուկյանը` ԱԺ նախագահին
«Օրերս Չեխիայում, պաշտոնական այցի շրջանակում, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներն օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից: Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»,- ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ի վերջո, այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն եւ թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում եւ ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը, ՀՅԴ-ն, եւ նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում: Խոսքը լեգիտիմ իրավունքի մասին է, եւ որեւէ նոր բան իմ ասածի մեջ չկա:
Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, թե որն է հիմարություն, որն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ՝ դրա պատասխանը տվեց»:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերել Արցախի կարգավիճակին, այլ վերաբերել է կրակի, ռազմական գործողությունների դադարեցմանը. «ՄԱԿ-ի բանաձևերը նույնիսկ աննշան Ադրբեջանին որեւէ լեգիտիմ իրավունք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու եւ Արցախի օկուպացիայի համար»,-ասաց նա: