Մադրիդյան փաստաթուղթը չստորագրված, աշխատանքային փաստաթուղթ է, որի վրա անընդհատ հիմնվելն անընդունելի է
Գլխավոր » Լրահոս » Մադրիդյան փաստաթուղթը չստորագրված, աշխատանքային փաստաթուղթ է, որի վրա անընդհատ հիմնվելն անընդունելի է

Մադրիդյան փաստաթուղթը չստորագրված, աշխատանքային փաստաթուղթ է, որի վրա անընդհատ հիմնվելն անընդունելի է

Սխալ հասկանալու խնդիր չկա, մենք նախկինում էլ մի քանի անգամ տարբեր հայտարարությունների տեսքով հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումները: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ մեկնաբանելով ապրիլի 19-ի ԱՀ ԱԺ հայտարարության մասին ՀՀ վարչապետի արտահայտած միտքը:

«Հայաստանի վարչապետը բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ներկայացրել է տեսակետ, որ Մադրիդյան սկզբունքներով նախկինում իրականացված բանակցային գործընթացում ըստ էության չեզոքացվել է մեր ինքնորոշման իրավունքի գաղափարը: Ինքնորոշման իրավունքը մենք հաստատել ենք 1991թ. սեպտեմբերի 2-ի, այնուհետև դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, այսինքն՝ մենք մեր ինքնորոշման իրավունքն արտահայտել ենք և շարունակել ենք պայքարը վերջնական իրացման նպատակով: Հայտարարության մեջ հստակ երկու շեշտադրում ենք արել, մեկն այն է, որ մադրիդյան փաստաթուղթը չստորագրված, աշխատանքային փաստաթուղթ է, որի վրա անընդհատ հիմնվելը, հիմնավորումներ բերելը մեզ համար անընդունելի է, որովհետև ամբողջ բանակցային գործընթացում տասնյակներով այդպիսի փաստաթղթեր ենք ունեցել: Հարց է առաջանում, եթե մադրիդյան սկզբունք կոչվածը այդպիսի լավ փաստաթուղթ էր, ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը չի ստորագրել այն»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ հայտարարության մեջ նշված երկրորդ շեշտադրումը Ալմա Աթայի հռչակագրին է վերաբերում, որի մասին անընդհատ խոսվում է տարածքային ամբողջականության համատեքստում, բայց չգիտես ինչու չի խոսվում այն մասին, որ Հայաստանը դա ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին վերապահումներով: Չի խոսվում ՀՀ Գերագույն խորհրդի որոշման մասին: Սրանք, ըստ Արթուր Հարությունյանի, կարևորագույն կետեր են, որոնք այլ տեսակետից ներկայացնելով շփոթմունք է առաջանում ընդհանուր բանակցային գործընթացում:

Պատգամավորը կարևորել է Արցախի խորհրդարանի մակարդակով ընդունված հայտարարությունները՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի միասնականության տեսանկյունից. «Շատ կարևոր է, որ կարողանանք մեր հավաքական դիրքորոշումը ներկայացնել և՛ միջազգային հանրությանը, և՛ Հայաստանի իշխանություններին, և բոլոր այն միջազգային դերակատարներին, որոնք ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Տվյալ դեպքում բանակցային գործընթացի հիմնական շահառուն Արցախի Հանրապետությունն է, և քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը ներկայացնելու կարևորությունն ակնհայտ է»:

Որպես իշխող ուժի ներկայացուցիչ՝ պատասխանելով Արցախի հարցով բանակցությունների մանրամասներից տեղյակ լինելու մասին հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ տեղյակ են  բանակցային գործընթացի մանրամասներին, բայց այնպես չէ, որ ամեն ինչի հետ համաձայն են:  «Կան որոշակի տարբերություններ ՀՀ տեսակետի հետ, չեմ կարող ասել՝ սկզբունքայի՞ն են, թե՞ ոչ, բայց ունենք մեր հստակ դիրքորոշումը: Մենք մեր տեսակետները  ռուսական և արևմտյան տարբերակների, ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի մասով ներկայացրել ենք և՛ գրավոր, և՛ բանավոր տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով»,- ասել է Արթուր Հարությունյանը:

1