Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում նշվել է երեխաների պաշտպանության օրը
Գլխավոր » Լրահոս » Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում նշվել է երեխաների պաշտպանության օրը

Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում նշվել է երեխաների պաշտպանության օրը

Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Օրվա առթիվ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է տոնական միջոցառում՝ նկարների ցուցահանդես ու համերգային ծրագիր։ Նկարների ու ցուցադրված ձեռքի աշխատանքների հեղինակները գրադարանի աշխատակիցների տաղանդավոր փոքրիկներն են՝ Նատալի Գրիգորյանը, Արսեն Ավանեսյանը, Էլինա և Իննա Համբարձումյանները։

Մ․ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրեն Ալյոնա Գրիգորյանը ներկաներին ուղղված իր խոսքում կարևորել է հատկապես ներկա հակասական իրականության պայմաններում երեխաներին ճիշտ, ազգային ոգով դաստիարակելը։ «Հայ ազգը հայտնի է իր ստեղծագործող սերնդով, և այսօրվա ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է։ Այս փոքրիկները, ովքեր անցել են երկու պատերազմների միջով, իրենց ստեղծագործություններում պատկերում են խաղաղության գույներ, ընտանիք, հավատ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ միջոցառման գաղափարը գրադարանի աշխատող Գոհար Գրիգորյանն է։

8-ամյա Նատալիի տատիկը՝ Անահիտ Անդրյանը, նշել է, որ թոռնիկը նկարչության պարագաներ առաջին անգամ տեսել է իր աշխատասենյակում, երբ մորաքույրը նկարում և ստեղծագործում էր։ «Այնուհետև տարիներ շարունակ ինքնուրույն սկսել է նկարել։ Երեխաները կյանք են, կյանք, որի համար պայքարում ու արարում ենք»,- իր խոսքում ասել է Անահիտ Անդրյանը։

Նկարների ցուցահանդեսից բացի՝ փոքրիկները հանդես են եկել երգերով ու պարերով։

1