«Լույսերի քաղաք». Ամանորյա հրաշքի սպասումով
Գլխավոր » Լրահոս » «Լույսերի քաղաք». Ամանորյա հրաշքի սպասումով

«Լույսերի քաղաք». Ամանորյա հրաշքի սպասումով

Ամանորի նախաշեմին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում իր հյուրընկալ դռներն է բացել «Լույսերի քաղաք» ամանորյա նախագիծը։

Նախագիծը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: Ամանորյա լույսերով զարդարված փայտե տնակներում վաճառվում են տեղական որոշ արտադրողների ապրանքներ, ուտելիքներ, խմիչքներ, իսկ բեմում ամեն երեկո ցուցադրվում են ամանորյա սովորույթներին նվիրված բեմադրություններ, տիկնիկային ներկայացումներ, ելույթ են ունենում Արցախյան համույթները:

Ծրագիրն արդեն երկրորդ տարին է իրականացվում՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից, աշխատանքներում ներառված են նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կոլեկտիվները:

ԱՀ ՄԵՀԶ նախարարության Ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի գլխավոր մասնագետ Գալյա Ավանեսյանը նշել է, որ նախորդ տարի նախագիծը լրիվությամբ իրականացվել է Ամանորի հետ կապված հայկական ազգային ավանդույթների հստակ շեշտադրումով, իսկ այս տարի փորձել են համատեղել ավանդականն ու ժամանակակիցը:

«Այս տարի Ամանորը ներկայացնում ենք որպես միջազգային և ազգային տոն՝ կարևորելով մեր ազգայինը և այն ներկայացնելու անհրաժեշտությունը: Տոնական ծրագիրն ուղեկցվում է հայկական ուտեստների հյուրասիրությամբ, հետաքրքրիր խաղերով ու մրցույթներով»,- նշել է Գալյա Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ներկաները մեծ խանդավառությամբ են մասնակցում ծրագրին, բայց իհարկե, ամենաոգևորվածը երեխաներն են, ովքեր արտասանում, երգում ու պարում են՝ հավատալով Նոր տարվա հրաշքին:

1