Լույս են տեսել «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» եւ «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գրքերը

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից լույս են տեսել «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» եւ «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գրքերը:
Ինչպես «Ապառաժ»-ի թղթակցին տեղեկացրեց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, այս երկու գրքերի հրատարակումը շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետեւ ընթերցողի դատին է հանձնված հայկական կրթության, մշակույթի, հայոց պատմության էջերում իրենց անջնջելի հետքը թողած երկու հայ մեծերի ՝ Լեւոն Շանթի եւ Անդրանիկ Օզանյանի մասին պատմող գրքեր:
Հ.Ավագյանը նշել է. «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» գրքի հեղինակը Ավետիս Ահարոնյանի որդին է՝ Վարդգես Ահարոնյանը, ով բազմիցս հանդիպել է ու շփվել է Անդրանիկի հետ, կամավորական շարժման ընթացքում մշտապես եղել է Անդրանիկի կողքին ու հասցրել է բացահայտել նրա կերպարը:Վարդգես Ահարոնյանը եղել է Անդրանիկի համհարզն ու թարգմանիչը: Այս գիրքը կարևոր առաքելություն ունի մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային արժեքների սերմանման ու պահպանման հարցում: Նման գրքերի հրատարակումը կարևորվում է Համազգայինի կողմից, քանի որ ներկա ժամանակներում ավելի ու ավելի է մեծանում ազգայինը պահպանելու, հայոց մեծերին հիշելու ու սերունդներին փոխանցելու գործը»:
Երկրորդ գրքի լույս ընծայումը, ինչպես նշեց Հ.Ավագյանը, նվիրված է հայ մեծանուն գրողի՝ Լեւոն Շանթի ծննդյան 150-ամյակին: Գրքում տեղ գտած նյութերի մեծ մասը առաջին անգամ են տպագրվում Հայաստանում, որն էլ ավելի է մեծացնում գրքի հանդեպ հետաքրքրությունը:
«Ինչպես գիտեք, խորհրդային ժամանակներում Շանթը «արգելվածների» շարքում էր ու նրա գրական ժառանգությունը հասանելի չէր ընթերցողին, այսօր էլ այն բավարար ուսումնասիրված չէ ու իր համապատասխան գրական պատվանդանին չէ»,-նշել է Հ. Ավագյանը: «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գրքում ընթերցողը կհանդիպի նաեւ հայազգի այլ նվիրյալների կերպարների՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Հակոբ Օշական, Մուշեղ Իշխան եւ այլն:
Ընթերցողը կարող է գրքերին ծանոթանալ Ստեփանակերտի գրադարաններից կամ այցելելով Համազգայինի Արցախի գրասենյակ :
