Լույս է տեսել Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» գիրքը
«Կապույտ տանիքներ», տանիքներ, որոնք մնացին հեռվում՝ կարոտի տանիքներ․․․
Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» գիրքը բանաստեղծությունների ժողովածու է, որոնք ծնվել են Արցախի շրջափակման ու տեղահանության օրերին։
Գրքի խմբագիրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Հրատարակվել է Արմավ հրատարակչությունում։ Գրքի շնորհանդեսին խոսք ասացին Արմավ հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը, արձակագիր Ծովինար Խաչատրյանը, երիտասարդ բանաստեղծ Արմեն Ավոն, բանաստեղծ Դավիթ Մշեցին, գրականագետ Նանար Սիմոնյանը։ Նյու Յորքի համալսարանի դոկտոր, գրող Հրանտ Մարգարյանի խոսքը ընթերցեց Սիփան Զադոյանը։
Գրական երեկոյի ընթացքում ընթերցվեցին Հ․ Ավագյանի բանաստեղծություններից, որոնք ընթերցեցին դերասաններ Շողեր Սարգսյանը և Սիփան Զադոյանը, հնչեցին երգեր՝ Երևանի կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ։ Ներկա էին Արցախի ու Հայաստանի գրական ընտանիքների անդամներ, ընթերցողներ։ Նշենք, որ գիրքը ԱՄՆ-ում արժանացել է «Libra 6» գրական մրցանակին, որն էլ ստանձնել է գրքի հրատարակման մեկենասությունը։
«Ապառաժ»-ի հետ զրույցում Հերմինեն նշեց․ «Ես ամեն օր ժամերով նայում եմ Երևանի իմ պատուհանից և փորձում եմ կապույտի մեջ գտնել մեր գյուղի տանիքները։ Եվ տեսնում եմ նրանց՝ կապույտ, ինչպես երազանքը, կապույտ, ինչպես վերադարձի հավատը և խաղաղության չմարող ձգտումը․․․ Բացեք գիրքը և տանիքները ձեզ կպատմեն, թե ինչ էին զրուցում ինձ հետ․․․»։