Լույս է տեսել Արցախի վերջին պատերազմում նահատակված հերոսների ստեղծագործությունների ժողովածուն
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որտեղ ներկայացված են Արցախի վերջին պատերազմում նահատակված հայորդիների ստեղծագործությունները։
Ժողովածուն կյանքի կոչելու գործը ստանձնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն, հրապարակախոս Ռուզան Առաքելյանը։
Այսօր, մայիսի 21- ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։
«Այս օրը մեր հիշողության մեջ մնալու է որպես մեր հերոսներին արժանին մատուցող օրերից մեկը։ Մենք չէինք կարող չանդրադառնալ մեր հերոսների ստեղծագործություններին։ Այս ժողովածուում նրանց կիսատ թողած գործն է։ երբ կարդում ենք այդ ստեղծագործությունները, թվում է՝ նրանք մի հսկայական կյանք են ապրել, որովհետեւ նրանց խոհափիլիսոփայական մտքերը տանում են շատ ավելի հեռու, քան նրանց ապրած կյանքն է։ Մենք նրանց գործը շարունակելու ենք․ նրանք թողել են մեկ պատգամ՝ պայքարենք, շարունակենք մեր գործը, որ հաղթենք։ Հաղթենք, որ ապրենք», իր ելույթում ասել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։
Գրքում կան 11 հերոսների ստեղծագործությունները։ Ռուզան Առաքելյանի խոսքով, այս գաղափարն ունենալու է շարունակություն․ լույս են տեսնելու նաեւ երկրորդ, երրորդ հատորները։
Մենք՝ այսօր ապրողներս, մեզ չափելու ենք իրենցով։ Մեր խնդիրն այսօր հերոս տղերքի հետ նույնանալու ցանկությունն է,- շնորհանդեսի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ, Արցախի պատերազմի մասնակից Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Տավուշի թեմի առաջնորդը նշել է, որ մեր հայրենիքը գտնվում է ամենաբարդ, ամենածանր ժամանակաշրջանում։
«Մեր ուղերձները չորացել են, կեղծ են։ Մեր կյանքը պետք է ապրենք այնպես, որ արժանի լինենք այս հերոսների նահատակությանը»,-նշել է նա։
Բնության օրենքը մեկն է․ ինքնապաշտպանություն, որը պահպանում է տեսակի եւ ազգի գոյության շարունակականությունը։ Մեր հայրենիքը գտնվում է այդպիսի տարածաշրջանում։ Մեր տղաները նահատակվեցին հայ ազգի, Հայաստանի ֆիզիկական եւ նապահովության եւ մշակույթի պահպանման համար,- իր ելույթում ասել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։
Այս ժողովածուում հավաքված ստեղծագործությունները, Մկրտիչ Մկրտչյանի խոսքով, ցույց են տալիս հայրենիքի համար մինչեւ վերջին փամփուշտը պայքարած տղաների խիզախությունն ու հայրենասիրությունը։
arfd.am