Լուսինեն 44-օրյա պատերազմում անմահացած Արշակ Ավագիմյանի կինն է, ընտանիքով նախքան 2020թ․ ապրում էին Շուշիում

Հունիսի 7-8-ը Երևանի «Seasons» այգում կայացած Համտեսի փառատոնին տարատեսակ քաղցրավենիքների կողքին առանձնանում էր Արցախյան փախլավան։
Դժվար է անտարբեր անցնել ընկույզով, մեղրով պատրաստված այս աղանդերի կողքով, հատկապես եթե այն պատրաստում է փորձառու հրուշակագործը։ Արցախից տեղահանված Լուսինե Մինասյանը խմորորեղենը պատրաստում է հատուկ սիրով՝ պահպանելով արցախյան մոտիվները՝ հարուստ միջուկն ու անմահական համը։ Լուսինեն 44-օրյա պատերազմում անմահացած Արշակ Ավագիմյանի կինն է, ընտանիքով նախքան 2020թ․ ապրում էին Շուշիում, հետո հաստատվել են Ստեփանակերտում, իսկ 2023թ․ տեղահանությունից հետո բնակվում են Երևանում։





Արցախում 13 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Լուսինեն բռնի տեղահանությունից հետո աշխատանքի է անցել շինարարական կազմակերպությունում, զուգահեռ զբաղվում է փոքր բիզնեսով՝ փախլավայի վաճառքով։ Հայտնի քաղցրավենիքը նա պատրաստում էր հյուրասիրելու համար, վաճառքով զբաղվելու մտադրություն չուներ։ 2023 թվականի նրա պատրաստածը համտեսել է արցախցիների համար բարեգործական բազում ծրագրեր իրագործած դերասանուհի Անաիս Սարդարյանը և իր էջում գովազդել այն։
Մեծ լսարան ունեցող Անաիսի էջի հետևորդները սկսել են պատվիրել, որից հետո Լուսինեն կայք է բացել (Pakhlove) ու սկսել առցանց պատվերներ ընդունել։ Այսպես իր հիմնական աշխատանքին զուգահեռ Լուսինեն սկսել է փախլավայի վաճառքով զբաղվել։ Այժմ համագործագործակցում է մի ռեստորանի, մի քանի կազմակերպությունների հետ, ովքեր պարբերաբար պատվիրում են արցախյան քաղցրավենիքը։
Տ․Ա․
Ապառաժ