Լուսինե Ղարախանյանը բարձր Է գնահատել Սլավա Ապրեսյանի ներդրումն Արցախի մշակութային կյանքում

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ԱՀ ԿԳՄ նախարարությունում հուլիսի 23-ին հանդիսավոր պայմաններում հրաժեշտ են տվել «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի տնօրեն, ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանին:
ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը բարձր Է գնահատել Ս. Ապրեսյանի ներդրումն Արցախի մշակութային կյանքում, գեղարվեստական արժեքների ստեղծման և ավանդական արժեքների պահպանման գործում:
Մշակույթի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ ստեղծագործական գործունեության համար նախարարը մշակույթի գործչին է փոխանցել նախարարության շնորհակալագիրը:
-Պարոն Ապրեսյանի անունն ու գործը զուգորդվում են մշակութային արժեքների պահպանման հետ: Նա նաև հետաքրքիր կերպար է մեր քաղաքում,-ասել է Լ. Ղարախանյանը:
Նախարարը նշել է, որ Ս. Ապրեսյանի հետ համագործակցությունը շարունակվելու է: Ս. Ապրեսյանն ընդունել է նախարարի առաջարկը` ասելով, որ իր կյանքն այլևս չի պատկերացնում առանց մշակույթի, առանց աշխատանքի և իր փորձը սիրով կփոխանցի երիտասարդ սերնդին:
Հետադարձ հայացք ձգելով աշխատանքային գործունեությանը՝ արդեն թոշակառու Ս. Ապրեսյանը նկատել է.«Կարևոր է, որ մարդ միշտ սիրով կատարի իր աշխատանքը»: Մշակույթի գործչի գնահատմամբ` դա է երջանկության բանաձևը:
Ապրեսյանի աշխատանքային կենսագրության բեղուն շրջանը սկսվել է 2000 թվականին, երբ հիմնադրվել է «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը: 20 տարվա ընթացքում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:
2008 թվականից սկսած ազգագրական համույթը դարձել է Արցախի մշակույթի տարածման և քարոզման առաջամարտիկներից մեկն արտերկրում: Մերձբալթյան երկրներից են սկսել արտասահմանյան հյուրախաղերը և մինչև համավարակը շրջագայել են աշխարհի տարբեր հայաշատ վայրերում:
2020 թ. հրավերներ են ստացել Կիպրոսից ու Ռուսաստանի Դաշնությունից: Համավարակով պայմանավորված՝ հյուրախաղերի հնարավորությունն, իհարկե, սահմանափակվել է:
Իրավիճակը կարգավորվելուն պես՝ համույթը շարունակելու է համերգաշարը Արցախի սահմանամերձ բնակավայրերում ու ՊԲ զորամասերում: