Լուսէ ապրանքանիշը՝ շոկոլադի վայելքի և գիտելիքի ձեռքբերման հրաշալի համադրում․․․

Նարինե Հակոբյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքի հետ Գառնիից տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջան ու վերաբնակեցվել Դրախտաձոր համայնքում։ Մի քանի տարի հետո տեղափոխվել են Ղազարապատ գյուղը, որտեղ բնակվել են մինչև 2020 թվականը։ Ղազարապատի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Նարինեն ընդունվել է Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ Վերջին կուրսում դիմել է «Դասավանդիր Հայաստան» ծրագրին և որպես շահառու գործուղվել Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի դպրոց։ 2019 թվականին ընտանիք է կազմել զինվորականի հետ և բնակություն հաստատել Աղավնոյում։ 44-օրյա պատերազմից հետո տեղահանվել ու բնակություն են հաստատել Ստեփանակերտում, իսկ 2023-ի սեպտեմբերին կրկին բռնել բռնագաղթի ճանապարհը։
Տեղահանությունից հետո Նարինեն շոկոլադներ է պատրաստում և շարունակում իր սիրած գործը, որն անում էր նաև Արցախում։ «Լուսէ» կրթական շոկոլադներն արդեն ճանաչում են գտել Երևանում։


Նարինեի արտադրանքը շոկոլադի վայելքի և գիտելիքի ձեռքբերման հրաշալի համադրում է։ Նարինեին օգնում է քույրը՝ Թեհմինեն
-Արտադրում ենք խաղ-շոկոլադներ և կրթական սալիկներ։ Ձեռագործ շոկոլադները պատրաստում ենք առանց արհեստական հավելումների՝ օգտագործելով միայն բնական չրեր և ընդեղեն։ Զարգացնող խաղ-շոկոլադները նախատեսված են երեխաներին ծանոթացնելու Արցախի տեղանուններին, պատմական հուշարձաններին, մոլորակներին, ինչպես նաև ընտանի և վայրի կենդանիներին։ Շոկոլադի և գիտելիքի համադրումը նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը՝ զարգացնելով նրանց ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, հիշողությունը և լեզվական կարողությունները։ Կրթական սալիկները կրում են Արցախի տեսարժան վայրերի պատկերները և պատմության նկարագրությունները, որոնք նպաստում են փոքրիկների հայրենասիրությանն ու հայրենաճանաչությանը՝ ձևավորելով արժեքավոր գիտելիքներ հայրենիքի վերաբերյալ։ Մեր ապրանքանիշն իրենից յուրահատուկ և հետաքրքիր մոտեցում է ներկայացնում՝ համատեղելով շոկոլադի վայելքն ու գիտելիքի ձեռքբերումը։ Մենք կենտրոնացած ենք ոչ միայն բարձրորակ, առողջ և բնական բաղադրիչներով շոկոլադ արտադրելու վրա, այլև այն դարձնելու կրթական փորձ՝ երեխաների համար՝ նպաստելով նրանց համակողմանի զարգացմանը և գիտելիքների հարստացմանը։
Նարինեն պատմում է, թե ինչպե՞ս է ծագել շոկոլադ պատրաստելու գաղափարը։

-Գաղափարն առաջացել է փոքրիկ աղջկաս շնորիվ։ Նա շատ էր սիրում կոնֆետներ, իսկ խանութից գնած կոնֆետները պարունակում են չափից շատ քիմիական հավելումներ և վնասակար նյութեր, որոնք ես չէի կարողանում հեռացնել իմ աղջկանից և այդ պատճառով իմ մեջ միշտ մեղավորություն էի զգում։ Որոշեցի ինքս շոկոլադ պատրաստել և երկար ուսումնասիրություններ կատարելուց հետո վերջապես գնեցի համապատասխան հումքն ու առաջին անգամ պատրաստեցի շոկոլադե կոնֆետներ։
Ընտանիքիս անդամներին շատ դուր եկան իմ կոնֆետները, ու ես սկեցի մեծացնել արտադրանքիս ծավալը։ Հյուրասիրում էի նաև ընկերներիս, ծանոթներիս, և նրանք սկսեցին պատվերներ տալ։ Հենց այդ ժամանակ ինձ մոտ միտք ծագեց հոբբիս վերածել բիզնեսի։ Մտածեցի նաև, որ կարելի է շոկոլադները կապել ինչ-որ բան սովորելու հետ և համադրեցի կրթական տարրերը շոկոլադների հետ։ Այդպիսով ստեղծվեցին «Լուսէ» կրթական շոկոլադները։ Կրթական շոկոլադների գաղափարով մասնակցել եմ Արցախում իրականացված «Խթան» բիզնես ինկուբատոր ծրագրին, որտեղ ծրագիրը արժանացել է դրամաշնորհի և կյանքի կոչվել 2022 թվականին։ Արցախում ստեղծված կրթական շոկոլադները շատ արագ սիրվեցին հաճախորդների կողմից, որոնք ներկայացված էին մի շարք խանութներում։ Սակայն շրջափակման պատճառով Արցախում իմ գործունեությունը կարճ տևեց, որովհետև չէի կարողանում հումք ձեռք բերել։
Երբ տեղահանվեցինք Արցախից ու հաստատվեցինք Հայաստանում, որոշեցի նորից զբաղվել իմ սիրած գործով։ 2023-ի դեկտեմբերից քրոջս հետ վերսկսեցինք գործունեությունը Երևանում։ Ունենք պատվիրատուներ, որոնց դուր են գալիս մեր յուրահատուկ շոկոլադները։ Մեզ հաջողվում է մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է շոկոլադն ու գիտելիքը համատեղել և օգտագործել որպես սովորեցնելու միջոց։
Նարինեն հիացմունքով է պատմում, թե ինչպես է որոշել ապրանքանիշը Լուսէ անվանել․․․

-Անունն ընտրվել է՝ արտացոլելու այն լույսն ու ուրախությունը, որ երեխաները զգում են՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և վայելելով առանց հավելումների, բնական չրերով շոկոլադներ։ Շոկոլադները, կրթական և համեղ լինելով, երեխաների մոտ դրական հույզեր և ժպիտներ են առաջացնում։ Ապրանքանիշի անվանումն ընդգծում է գիտելիքի և լույսի համադրությունը, որն իր մեջ կրում է մեր արտադրանքը։ Լուսէ է նաև աղջկաս անունը։ Երբ ծնվեց շոկոլադ պատրաստելու իմ գաղափարը, ես փոքրիկի էի սպասում, ու հենց այդ ժամանակ իմացանք որ մեր երեխան աղջիկ է լինելու։ Այդ պահին ես լույսով լցվեցի և աղջկաս ու ապրանքանիշի անունը անվանեցի Լուսէ։



Արցախից տեղահանվելուց հետո Նարինեն Երևանում պարապ չի նստել։ Շոկոլադներ պատրաստելու գործում նա ավելի է հմտացել՝ մասնակցելով տարբեր դասընթացների, ինչպես նաև իր արտադրանքն է ներկայացել մի շարք ցուցահանդես—վաճառքների, որտեղ ձեռք է բերել նոր հաճախորդներ ու ծանոթություններ․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ