«Լուսաբացից առաջ». նոր նշաձող՝ արցախյան բեմում
Գլխավոր » Երիտասարդական » «Լուսաբացից առաջ». նոր նշաձող՝ արցախյան բեմում

«Լուսաբացից առաջ». նոր նշաձող՝ արցախյան բեմում

Գինեձոնից երկու տարի անց «Պատերազմ…աչքեր…ծաղիկներ…» գրքի պատմությունները վերստին հանձնվում են արցախցիների դատին՝ այս անգամ բեմականացված կերպարանքով:

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ու Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի համատեղ նախաձեռնությունը «Լուսաբացից առաջ» բեմական անունով է ներկայանալու Արցախի հանդիսատեսին՝ դեկտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին:

Իսկ մինչ այդ փափազյանականներն այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսով են հանդես եկել Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի ճեմասրահում:

«Այս պատմությունը գրել եմ ես, բայց այն բոլորի մասին է, սա մի պատմություն է, որը դիտելիս հանդիսականներից յուրաքանչյուրը կգտնի իրեն, քանի որ այն իր մեջ ամփոփում է հավաքական կերպարի եւ բոլորի խաղաղության երազանքը: Սա պատմություն է իրական ընկերության, իրական նվիրումի, իրական հերոսների, իսկական՝ առանց պերճաշուք բառերի հայրենասիրության»,- ասել է «Պատերազմ…աչքեր…ծաղիկներ…» գրքի հեղինակ, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող ռեժիսոր Ռուզան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ «Լուսաբացից առաջ» ներկայացումը փափազյանականների սահմանած ստեղծագործական նոր նշաձող է:

«Այս ներկայացմանը միացել եւ մասնակցում է շատ պրոֆեսիոնալ ստեղծագործական թիմ: Առաջին անգամ թատրոնի համար գրվում է երաժշտություն, սա բացառիկ է, նորություն է եւ կարեւոր քայլ»,- ասել է Խաչատրյանը եւ նշել, որ պատերազմի, հայի գոյության պայքարի, հաղթելու եւ ապրելու բանաձեւի մասին ներկայացման հաջողությունը մեծապես կախված է Արցախյան հանդիսատեսի կարծիքից:

Հավելենք, որ «Լուսաբացից առաջ» ներկայացմանն աջակցում են Համազգային Հայ կրթական եւ մշակութային միությունը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը, «Ղարաբաղ Տեկելոմ» ընկերությունը եւ մի շարք այլ ընկերություններ:

1