«Լուսաբացից առաջ» ներկայացումն արժանացել է «Արտավազդ»-ի ժյուրիի հատուկ մրցանակին

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կյանքի կոչված «Լուսաբացից առաջ» ներկայացումն արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին:
Ներկայացման բեմադրիչ Ռուզան Խաչատրյանը գրել է.
«Շուրջ մեկ ու կես տարի առաջ Ստեփանակերտի թատրոնում ծնունդ առավ «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոսներին։ Հերոսներ, որոնց արյան գնով հաղթանակ կերտվեց եւ Արցախում ամենապայծառ լուսաբացը եղավ։ Մենք չէինք մտածում, որ մի օր այդ լուսաբացը կխլեն մեզնից եւ ամոթով կմնանք բոլոր ժամանակների մեր հերոսների առաջ։

Այսօր «Լուսաբացից առաջ» ներկայացումը արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին’ Արցախյան ազատամարտը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես ներկայացման բեմադրիչ՝ «Արտավազդի» բեմից ստացա մի մրցանակ, որը թիմային քրտնաջան աշխատանքի արդյունք է։
Մի մրցանակ, որը հույս ու հավատ է ներշնչում, որ գալիքը դեռ լուսաբացներ կբերի Արցախին, որովհետեւ լուսաբացները Արցախի երկնքին այնքան շատ են համահունչ։ Ուզում եմ այս մրցանակը ձոնենք այն հերոս տղաներին, ովքեր անմահացան հանուն մեր լուսաբացների…
Այս ներկայացումը չէր ծնվի, եթե չլիներ իմ սիրելի թիմը՝
Հերմինե Ավագյան — ներկայացման հեղինակ
Վաչե Շարաֆյան- ներկայացման երաժշտության հեղինակ
Արեգ Միրիջանյան- ներկայացման բեմանկարիչ
Լիլիթ Մելիքյան- ներկայացման հագուստների ձևավորող:

Իմ սիրելի, շնորհաշատ դերասաններ, ովքեր թատրոնի համար նվազագույն պայմաններում անգամ չկորցրին իրենց եռանդը եւ ինձ հետ միասին աշխատեցին։Շնորհակալություն եմ հայտնում Համազգային հայ կրթական եւ մշակութային միությանը, որ հավատաց մեզ ու մեր գործին եւ սատարեց այս ներկայացման կայացման:
Այսօր ինձ համար հիշարժան ու խորհրդանշական օր է, քանզի այսօրվա միջոցառումը ձոնված էր իմ սիրելի Վարպետի, մեծ Մարդու՝ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։ Շնորհակալ եմ, Վարպետ, որ ճիշտ ճանապարհ ցույց տվեցիք ինձ թատրոնի բարդ, բայցեւ լուսավոր ճանապարհին։ Շնորհակալ եմ այն ամենի համար,ինչ կամ։ Իմ ամեն մի հաջողության ակունքում Դուք եք’ Ձեր խորհուրդներով ու պատգամներով…
Շնորհակալություն նաեւ Արցախի հանդիսատեսին, ով ամեն անգամ բուռն ծափերով ու հոտնկայս ընդունեց «Լուսաբացից առաջ » ներկայացումը։
Շնորհակալություն ներկայացման բոլոր հովանավորներին ու աջակիցներին, մասնավորապես՝ «Ղարաբաղ տելեկոմին» »:
Հիշեցնենք, որ ներկայացման առաջնախաղը կայացել է 2019թ. դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտում:
