Լրատվության ազատությունը՝ 4-րդ իշխանության գրավական
Հասարակական երեւույթների փոփոխության եւ կառավարման շրջանի վրա մեծ ազդեցություն ունի լրագրությունը: Շատ հաճախ լրագրողը տեղեկատվություն ստանալու եւ լուսաբանելու, սեփական նախաձեռնությամբ լրագրողական գործունեություն ծավալելու ընթացքում բախվում է մի շարք խնդիրների՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ:
‹‹Լրագրողների պաշտպանության կոմիտե›› եւ ‹‹Լրագրողներ առանց սահմանների›› կազմակերպությունները պարբերաբար հանդես են գալիս լրագրության ազատության եւ լրագրողների ազատության վերաբերյալ զեկույցներով:
Ամենախիստ գրաքննություն ունեցող 10 երկրների ցուցակը հիմնված է ավտորիտար կառավարությունների կողմից օգտագործված գրաքննության մեթոդների վերաբերյալ ուսումնասիրությունների վրա՝ սկսած բանտարկությունից եւ բռնաճնշման օրենքներից մինչև լրագրողների հսկողություն եւ սոցիալական ցանցերի մուտք սահմանափակումներ:
Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Վիետնամը, Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը եւ Կուբան ինքնագրաքննության տարածմամբ խախտել են միջազգային ստանդարտներն ու խոսքի ազատության երաշխիքները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրաքննության կենդանի լինելը պայմանավորված է քաղաքական իշխանությունների կողմից արդարության ապահովմամբ եւ տեղեկատվական հոսքի տարածմամբ:
Հետաքննող լրագրողին փակ տեղեկատվության ոլորտ ներխուժելուն խոչընդոտում են՝ սահմանափակելով մամուլի ազատությունը, արգելափակելով լրատվական կայքերը, մասնավոր լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ եւ թիրախային հակերության կամ տրոլինգի արշավներ իրագործելով:
«Ամբողջ աշխարհում մարդիկ ավելի ու ավելի են հասկանում, թե ինչն է վտանգի տակ»,- ասել է Նյու Յորքի ‹‹Լրագրողների պաշտպանության կոմիտե››-ի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը:
Աշխարհում իրենց լրագրողական գործունեության ընթացքում դաժան սպանությունների են ենթարկվել բազում լրագրողներ՝ մասնագիտականգործունեության վրեժխնդրության, ռազմական գործողությունների լուսաբանման եւ բողոքի ցույցերի հետեւանքով:
Սպանված լրագրողների թիվը գրեթե կրկնապատկվել է 2018-ին: Տարին նշանավորվել է լրագրողների աղմկահարույց սպանություններով. Սաուդյան գործակալների կողմից հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում դաժանորեն սպանվել է ‹‹Washington Post››-ի մեկնաբան Ջամալա Խաշոգգին:
27-ամյա հետաքննող լրագրող Յան Կուցյակը Սլովակիայում կոռուպցիա բացահայտելու եւ լուսաբանելու համար մահապատժի է ենթարկվել իր հարսնացուի հետ:
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է մի խումբ լրագրողների վրա, եւ պայթյունի հետևանքով զոհվել է ինը մարդ:
Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող ‹‹Capital Gazette›› խմբագրատանը ահաբեկիչը սպանել է 4 լրագրողի եւ վաճառողի:
Նյու Յորքում սպանվել է առնվազն 53 լրագրող, որոնցից 34-ը՝ լրագրողական գործունեության վրեժխնդրությամբ:
2019թ. 1-ին կիսամյակում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք է գրանցվել, որից 83-ը՝ ԶԼՄ-ների ու նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր։
Հայաստանում 2019-ի առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք է գրանցվել, սակայն դրան զուգահեռ, ավելացել է ԶԼՄ-ների ու նրա աշխատակիցների ներգրավվածությամբ դատական հայցերի թիվը։
2018թ. իշխանափոխությունից հետո լրագրողները շարունակում են բողոքել պետական մարմիններից տեղեկություններ հայցելու ժամանակ լուրջ խնդիրների բախվելու կապակցությամբ։ Այս պարագայում տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակը 2,5 անգամ գերազանցել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: 2 անգամ աճել է նաեւ ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը:
Անդրադառնալով Հայաստանում լրագրողների իրավունքների խախտումների խնդրին՝ ‹‹Մեդիա պաշտպան›› նախաձեռնության փորձագետ, քաղաքական PR մասնագետ Էդգար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում շատ են լրագրողների եւ լրատվական միջոցների հրապարակած նյութերի վերաբերյալ դատական հայցերը կամ Հատուկ քննչական ծառայություն կանչումները: Ուժային կառույցները ստիպում են լրագրողներին մեդիա աղբյուրներ բացահայտելու:
Էդգար Խաչատրյանը պարզաբանել է, որ ըստ ՀՀ օրենքի՝ լրագրողներն իրավունք ունեն աղբյուրներ չբացահայտելու, եթե խոսքը չի վերաբերում ծանր հանցագործություններին:
Նա անդրադարձել է ‹‹Yerevan today›› եւ ‹‹Այսօր›› խմբագրություններ մուտք գործած ոստիկանների կողմից լրատվական տեխնիկա բռնագրավելու խնդրին, ինչն, ըստ նրա, անթույլատրելի էր:
‹‹Ամիսներ հետո է միայն լրատվական տեխնիկան վերադարձվել լրագրողներին՝ առանց որեւէ մեկնաբանության››,- հավելել է նա:
Փորձագետը խնդրահարույց է համարում նաեւ լրատվական դաշտը սեւերի եւ սպիտակների բաժանելը: Նրա խոսքով՝ առաջին բաժանումն այս ամենի մեջ տրվել է իշխանությունների կողմից եւ հայտարարվել, որ դեռեւս հեղափոխական շրջանում այս կամ այն լրատվամիջոցմներին չպետք է վստահել:
Լրագրողներին ավելի խոցելի են դարձնում ժամանակին իրենց գաղափարները տարածող քաղաքական խմբերը:
Արցախում լրագրողների իրավունքների խախտումների մասին պրոֆեսիոնալ հետազոտություններ չեն արձանագրվել: Այս մասին ‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ առաջնահերթորեն գնահատական տալով ըստ դիմումների, երկրորդ դեպքում՝ անզեն աչքով, որպես քաղաքացի եւ տեղեկատվական համակարգում քիչ թե շատ ներկայացված անձ:
‹‹Լրագրողն ու լրատվամիջոցները պետք է ազատ լինեն իրենց կարծիքն արտահայտելու հարցում››,- ասել է Արտակ Բեգլարյանը:
Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունները չպետք է որեւէ ձեւով միջամտություն ունենան տեղեկատվական հոսքերի կառավարման հարցերում:
Կարեւոր սկզբունք համարելով այս դիտարկումը՝ նա հավելել է, որ Արցախում պետական իշխանությունից դուրս ազատ ու անկախ ռեսուրսների եւ քննադատական եւ վերահսկողական գործառույթների բացակայության պատճառներով դեռեւս չի կայացել 4-րդ իշխանությունը:
Արտակ Բեգլարյանը հավելել է, որ իր պաշտոնավարման ժամանակ գլխավորապես տեղեկատվության ազատության իրավունքի խոչընդոտման եւ լրագրողին՝ կոնկրետ ժամկետում հարցմանը չպատասխանելու 3-4 դեպքեր են եղել, որի համար ներկայացվել են գրավոր դիմումներ, իսկ բանավոր դժգոհություններն արձանագրվել են նրա կողմից:
Ըստ նրա՝ պաշտոնապես որեւէ լրատվամիջոց չներկայացնող լրագրողական գործունեություն ծավալող անձը նկարահանում իրականացնելիս հանդիպել է խոչընդոտների ոստիկանության ծառայողների կողմից:
‹‹Ձեռքի տեսախցիկն արդեն բավարար հիմք է՝ նշելու, որ ինքն օգտվում է լրագրողների նույն իրավունքներից››,- ասել է Արտակ Բեգլարյանը:
‹‹Բոլոր դեպքերում էլ իմ միջամտությամբ պատշաճ վարչարարության խախտումը վերացվել եւ լրագրողների իրավունքները պաշտպանվել ու վերականգնվել են››,- հավելել է նա:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկատվություն ստանալու եւ իր կարծիքը հայտնելու:
Ընդգծենք նաեւ լրագրողների իրավունքների անվտանգության ոլորտում միջազգային իրավունքի պակասի գործոնը:
Լրագրողների եւ մամուլի ազատության պայմանները, պարտադիր չէ, որ բացառապես կապված լինեն կառավարության գրաքննության հետ: Դրանք կարող են կապված լինել բռնի հակամարտության, թերզարգացած ենթակառուցվածքի եւ ոչ մամուլի համար վտանգավոր պետական դերակատարների հանգամանքներով:
Լրագրողների իրավունքերի պաշտպանության խնդրում Արտակ Բեգլարյանը կարեւորել է լրագրողի եւ մամուլի քարտուղարի սերտ համագործակցությունը:
‹‹Լրագրողը պետք է կողմնորոշվի իր մասնագիտական կարողություններով եւ խղճով››, — հավելել է Արցախի ՄԻՊ-ը:
Իսկ զիջելով խղճին՝ նա կորցնում է իր՝ հանրության համար կարեւոր նշանակություն ունենալու դերակատարությունը:
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ