Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով հայ համայնքը մեծ վնասներ է կրել
Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Լոս Անջելեսում ծավալվող հրդեհների հետևանքով երկու քաղաքացի է մահացել, ըստ «Ազատության»՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտի ղեկավարը: Զոհերը Փասադենայից են: Կան նաև խորը այրվածքներ ստացած քաղաքացիներ: Իշխանությունները հայտարարում են, որ քամիների ու ցածր խոնավության պատճառով հրդեհները շարունակում են նոր տարածքներ գրավել. վտանգի մեջ են շրջանի բոլոր բնակավայրերը:
Հրդեհի գոտում բազմաթիվ հայեր են բնակեցված։ Հայ համայնքը, ազգային կուսակցությունները կազմակերում են տարհանված հայերի կեցության ապահովումը, հայկական եկեղեցիներն իրենց դռներ են բացել եւ ապաստան տրամադրել տուժած հայերին։ Հայկական դպրոցները հայտարարել են, որ փակ կմնան մինչեւ վտանգի անցումը։
Կալիֆոռնիային մոլեգնած հրդեհը հարյուր միլիարդավոր վնասներ է թողել։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին Լոս Անջելեսի տարածքում զանգվածային անտառային հրդեհների համար՝ պնդելով, որ վերջինս պետք է ստորագրեր հռչակագիր՝ Քալիֆորնիա ավելի շատ ջուր մղելու և անտառային հրդեհները կանխելու համար: Այս մասին իր X-ի էջում գրել է Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով վերջին ժամերի ընթացքում Քալիֆորնիայում ստեղծված արտակարգ դրությանը։
ԱՄՆ-ում հրդեհները բռնկվել են, երբ սեզոնային՝ Սանտա Անա քամիները հայտնվել են նահանգում։ Քամիները, փաստորեն, նպաստել են հրդեհների տարածմանը, և չի բացառվում, որ պոռթկումները կարող են հասնել ժամում 160 կիլոմետրի։ Լոս Անջելեսը պատած ծխածածկույթի պատճառով քաղաքում ու հարակից շրջաններում միջոցառումները չեղարկվել են։