Լիսաբոնյան սխրանքի ազդեցիկության չափերը

Իրանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ անդամ Կարեն Խանլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լիսաբոնյան հնգյակի կերտած սխրանքի ազդեցիկության միջազգային չափերը բնորոշելու համար բավական է միայն մեջբերել Պորտուգալիայի օրվա վարչապետ, սոցիալիստ Մարիո Սոարեշի արտահայտությունները:
Նա դեպքից մի քանի ամիս անց, երբ աշխատանքային այցով գտնվում էր Արգենտինայում՝ Բունեոս Այրեսում, հայ երիտասարդների հետ ունեցած առանձին հանդիպման ժամանակ, պրոտոկոլային շրջագծերից միանգամայն դուրս, անկեղծաբար ասել էր, որ մինչ ակտը տեղյակ անգամ չի եղել հայ ժողովրդին վիճակված պատմական ողբերգությանը եւ դրան ծանոթացել է բացառապես հինգ տղաների անձնազոհության մոտիվներով: Սոարեշը բառացիորենն ավելացրել էր, որ Հայ Դատը «արդար եւ ազնիվ դատ է»»,- նշում է Կարեն Խանլարյանը: Հիշեցնենք, որ աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:
Դեսպանատան զինվորի հետ բախման ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք ու իրականացնել երկու պայթյուն:
«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակն ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ գործողությունը ինքնաբուխ խենթություն կամ պարզապես հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ հեղափոխական բանակի գործողությունը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինյալ պայքարին վերադառնալու որոշում կայացվեց, երբ բոլոր դիվանագիտական տարբերակներն արդեն սպառվել էին, սակայն այդպես էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցվել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:
yerkir.am