Լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի
Գլխավոր » Լրահոս » Լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի

Լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի

Դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածը փակելու հետ կապված իրավիճակին․

«Սա Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված միջոցառում է:
Սա, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, թե ինքնաբուխ, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառում չէ, այլ պետականորեն հստակ պլանավորված միջոցառում, որն իրենք կազմակերպում են՝ ունենալով Արցախը հայաթափելու նպատակ: Ուզում եմ նշել, որ դա չի ստացվելու: Եվ ուզում եմ այսօր կրկնել այն ամենը, ինչ ասել եմ Ֆրանսիայում բոլոր հանդիպումների ժամանակ՝ Արցախը կանգնած է ցեղասպանության եզրին: Քանի որ հնարավոր չէ, որ Ադրբեջանն իրականացնի այն ծրագիրը, օրակարգը, որն այսօր ունի, որպեսզի արցախցիները հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավունքից, ինչպես նաև հնարավոր չէ ճնշման արդյունքում հայաթափել Արցախը, ապա մնում է երրորդ տարբերակը՝ իրականացնել ցեղասպանություն:

Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին՝ օգտագործելով ոչ միայն հայության ներուժն ու մեր բարեկամների հնարավորությունները, այլև քաղաքակիրթ աշխարհը պետք է գիտակցի այս ամենը։ Դրա համար Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունից հետո ակնկալում ենք նաև, որ ՀՀ մեր գործընկերները նույնպես ուղղակի ակտիվ մասնակցություն կունենան՝ իրենց պահանջով ու բոլոր հնարավորությունների օգտագործմամբ միջազգային հարթակներում բարձրաձայնելու արցախահայության տարրական հումանիտար, ինչպես նաև Արցախում ապրելու և միջազգային հանրության հետ կապ ունենալու իրավունքների մասին:

Ես ուզում եմ դիմել հայությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ շրջափակումը, որը բերելու է հումանիտար աղետի, օգտագործել բոլոր հնարավորությունները Սփյուռքում, ՀՀ-ում, և խաղաղ ակցիաներով փորձել միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին ոտքի կանգնեցնել: Սա իմ կոչն է ու խնդրանքը, քանի որ դրա կարիքը մենք այսօր, առավել քան երբևէ, ունենք: Ես ակնկալում եմ, որ Հայաստանում մեր հայրենակիցներն այսօր, վաղը կամ րոպեներ հետո բոլոր հնարավորություններն օգտագործելու են տարբեր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին և այլն, բարձրաձայնելու արցախահայերի արդարացի պահանջը:

Մենք նաև գիտակցում ենք, որ Ադրբեջանը փորձելու է կասկածի տակ դնել և վարկաբեկել ՌԴ խաղաղապահ առաքելությունը։

Սա մենք շատ լավ գիտակցում ենք, բայց անկախ ամեն ինչից՝ ակնկալում ենք, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմը՝ այսինքն Ռուսաստանի Դաշնությունը, ավելի գործուն աջակցության և քայլերի է դիմելու:

Իհարկե, նաև ակնկալում ենք, որ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, Եվրոպայում և ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական առումով լուրջ դերակատարություն ունեցող երկիր, օգտագործի իր խողովակները։ Երեկ մեզ հնարավորություն է եղել օգտագործելու ամերիկյան թևը, քանի որ ժամանակի առումով հնարավորությունը եղել է։ Մենք պետք է բոլոր հնարավոր լծակներն օգտագործենք։

Մեր ժողովրդից, Արցախի սիրելի հայրենակիցներից խնդրանքս է՝ լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի, սադրանքների և կազմակերպված ու միասնական պայքարով հաղթահարել այս ծանր փուլը»:

1