«Լիբանանն Անկարայի նշանակետում է». Արամ Շահնազարյան
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունն ինչ հետևանք կարող է ունենալ Լիբանանի և տարածաշրջանի վրա: Մասնավորապես, ուժային ինչ վերադասավորումներկարող են տեղի ունենալ Մերձավոր Արևելքում՝ Իրան, Իսրայել, Թուրքիա, և այս ամենն ինչ ազդեցություն կունենա հայության վրա:
168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ նման մասշտաբի հումանիտար աղետը չի կարող իր հետևանքները չթողնել որևէ երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակաների և հարաբերությունների վրա:
«Կոնկրետ այս դեպքում մենք գործ ունենք Լիբանանի պես փոքր երկրի հետ, որը, տևական ժամանակ խոր ճգնաժամ է ապրում: Լիբանանի առանց այն էլ ծայրահեղ լարված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը պայթյունի հետևանքով կարող է հանգեցնել երկրի քաղաքական քարտեզի արմատական փոփոխության և ուժերի վերադասավորման: Հետաղետյան շրջանում նման զարգացումների հնարավորությունը բնավ չպետք է բացառել: Եվ քանի որ Մերձավոր Արևելքում
նման փոփոխությունները, որպես կանոն, գործում են դոմինոյի տրամաբանությամբ և ունենում են նաև տարածաշրջանային էֆեկտ, ապա հնարավոր է, որ մենք տարածաշրջանում ռազմավարական և, բնականաբար, մարտավարական շեշտադրումների որոշակի փոփոխության ականատեսը լինենք, որոնք, միանշանակորեն, տարածաշրջանային հարաբերությունների և ուժերի հարաբերակցության փոփոխությունների, վերադիրքավորումների պատճառ կարող են դառնալ» շեշտեց նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային հիմնական խաղացողներին, ապա, ըստ Շահնազարյանի,նրանք չափազանց զգուշավորությամբ են արձագանքել լիբանանյան իրադարձություններին:
«Մասնավորապես, Իրանը խիստ մտահոգությամբ է հետևում դեպքերի զարգացումներին և իրադարձությունների ընթացքին: Թեհրանում գիտակցում են, որ Լիբանանում քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը և ընթացքի կտրուկ փոփոխությունը լուրջ մարտահրավերի կարող է վերածվել Իրանի և նրա տարածաշրջանային
դաշնակիցների համար՝ ոչ միայն Լիբանանում, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում: Ոչ պակաս մտահոգված է նաև Իսրայելը, որը նույնպես կարող է մեծապես տուժել լիբանանյան իրադարձությունների անկանխատեսելի ընթացքից: Չմոռանանք, որ հարևան երկրներում ցանկացած տիպի անկայունություն անվտանգային նշանակության լրջագույն մարտահրավեր է համարվում Թել Ավիվի համար, քանի որ այն կարող է հրեական պետության անմիջական սահմաններին նպաստավոր պայմաններ ստեղծել իսլամիստ ծայրահեղական խմբավորումների գործունեության համար:
Փոխարենը՝ ստեղծված իրավիճակից որոշակիորեն կարող է շահել Թուրքիան: Փաստ է՝ իրավիճակի ցանկացած լարում ներկա դրությամբ ամբողջովին համընկնում է Էրդողանի տարածաշրջանային ռազմավարական շահերին և հեռահար նպատակներին,
որից օգտվելով էլ՝ Թուրքիան կփորձի ամրապնդել իր ոտնատեղը տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբանանում: Լիբանանը, ի դեպ, տևական ժամանակ է, ինչ հայտնվել է Անկարայի նշանակետում, իսկ ստեղծված իրավիճակը լավագույն առիթ կարող է հանդիսանալ Թուրքիայի համար՝ Լիբանանում շահավետ դիրքեր զբաղեցնելու առումով:
Եվ հենց սա է, որ առաջին հերթին պետք է մտահոգի մեզ: Մերձավոր Արևելքի հայահոծ հայկական համայնքներ ունեցող երկրներում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն անմիջական սպառնելիք և մարտահրավեր է՝ ուղղված ողջ հայության և հայկական զույգ պետությունների՝ ՀՀ-ի և ԱՀ-ի ռազմավարական նշանակության անվտանգային շահերին:
Վտանգն առավել մտահոգիչ է դառնում, երբ խոսքը տվյալ համայնքների հայաթափման հավանականությանն է վերաբերում: Ահավասիկ, նման վտանգի դեմ հանդիման է կանգնած այսօր սփյուռքի առանցքն ու ողնաշարը համարվող լիբանանահայ համայնքը: Լիբանանին պատուհասած աղետից հետո համացանցում շրջանառում են Լիբանանի՝ այսպես կոչված, «մահվան», և
լիբանանահայ համայնքի պատմության «ավարտի» մասին հուսահատական գրառումներ, որոնցում լիբանանահայությանը կոչ են անում թողնել-հեռանալ Լիբանանից: Առկա պայմաններում խուճապային տրամադրություն ստեղծելը, լիբանահայության՝ դեպի Հայաստան զանգվածային ներգաղթ կազմակերպելու մասին կոչերը, ոչ միայն չեն բխում լիբանանահայության անմիջական շահերից, այլև միանշանակորեն հակասում են ողջ հայության ազգային շահերին: Էլ չխոսենք, որ
դա պրակտիկորեն անհնար է, եթե հաշվի առնենք Հայաստանի այսօրվա իրավիճակը, հնարավորությունները և ներուժը» պնդեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:
Արամ Շահնազարյանի խոսքով, երկու կարծիք լինել չի կարող. լիբանանահայ համայնքը պետք է վերականգնի և վերագտնի իրեն հենց Լիբանանում, ինչը պահանջում է մեր համազգային շահը, հատկապես, երբ Թուրքիան տասնամյակներ շարունակ երազել է հայաթափված Մերձավոր Արևելքի մասին:
«Եկեք մի պահ պատկերացնենք, Հայաստանի և Արցախի ռազմավարական դիրքերի ամրությունը Հարավային Կովկասում՝ հայաթափված Մերձավոր Արևելքի պայմաններում, ուր դոմինանտ դիրքեր է զբաղեցնում Թուրքիան: Կարծում եմ, պատկերն այնքան էլ ոգևորիչ չի լինի:
Այնպես որ, հուսահատական խոսքերի, Լիբանանը լքելու անմիտ, անիմաստ և անիրականանալի կոչերի փոխարեն՝ մենք պետք է համահայկական կամք դրսևորենք, հոգով ու սրտով, մեր ամբողջ կարողությամբ կանգնենք լիբանանահայության կողքին՝ ցուցաբերելով նրան բարոյական և նյութական առավելագույն աջակցություն, որպեսզի լիբանանահայությունը հնարավորինս կարճ ժամանակում կարողանա վերագտնել ինքն իրեն: Լիբանանահայությունը պետք է վեր հառնի փլատակներից՝ հանուն Հայաստանի, Արցախի և հայության: Սա համահայկական հրամայական է, որը չունի այլընտրանք, և որը պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ՝ ուր էլ որ նա ապրելիս լինի» եզրափակեց մեր զրուցակիցը:
arfd.am