Լիբանանի ԱԳՆ հայտարարությունը համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուն. Գանտահարյան

Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում կարևոր բաղադրիչներ կան, որոնք հասցեական են դարձնում Բեյրութի դիրքորոշումը։ Նման կարծիք արտահայտեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը:
«Հայտարարությունում արտաքին գործերի նախարարությունը ցավ է հայտնում հայաստանյան տարածքների վրա իրականացված սպանությունների եւ ավերումների համար։ Սա ուղղակի համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ նրան ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ մեղադրելուն։ Այս հաստատումից պարզ է դառնում, որ Բեյրութի սլաքն ուղղվել է Բաքվին, երբ նույն հայտարարությունում ընդգծվում է միջազգային օրենքն ու ստորագրված պայմանագրերը հարգելու անհրաժեշտությունը։ Դիվանագիտորեն ասվում է, որ Ադրբեջանը, հայաստանյան ինքնիշխան տարածքներում ոտնահարելով միջազգային օրենքը, ռազմական հանցագործություններ է իրականացրել։ Չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական դաշինքը բողոքի նոտաներով հակազդի»,-նշեց Գանտահարյանը:
Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը սեպտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ, ցավ արտահայտել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը՝ նշելով՝ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: