Լիբանանը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, առողջապահական մարտահրավերներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախը Լիբանանին » Լիբանանը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, առողջապահական մարտահրավերներին

Լիբանանը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, առողջապահական մարտահրավերներին

Վիգեն Ավագյան

Լիբանանում  ֆինանսատնտեսական կոլապսը հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի ու ժողովրդական բողոքի ցույցերի: Դրան գումարվեցին աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը, այնուհետև Բեյրութի նավահանգստի պայթյունը: Ինչպե՞ս է այս  ծանր փորձություններին  դիմագրավում հայ համայնքը: Ինչպիսի՞ դիրքորոշումներ կան հայրենադարձության  վերաբերյալ: Այս հարցերի շուրջ  Ապառաժ-ը զրուցել է  Բեյրութի «Վանա ձայն»  ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանի հետ:

-Բարեւ Ձեզ, պարոն Ավագյան:  Բարեկամ Լիբանանին պատուհասած փորձություններին  խոր տագնապով  է հետևում հատկապես  համայն հայությունը:  Ինչպե՞ս է  տեղի  հայ  համայնքը դիմագրավում  այդ մարտահրավերներին ու ծանր կացությանը:

-Լիբանանն ու տեղի հայությունը  թևակոխում   են պատմության ամենածանր հանգրվաններից մեկը: Եթե աշխարհի ներկա տագնապները հիմնականում  պայմանավորված են  կորոնավիրուսային համավարակով,  ապա Լիբանանն  ավելի քան մեկ տարի է, ինչ  դիմագրավում է քաղաքական, տնտեսական, առողջապահական մարտահրավերներին: Այս ամենը շուրջ երեսնամյա քաղաքական ու տնտեսական քաղաքականության ձախողման հետևանք են: Արդյունքում, անցած տարվա հոկտեմբերին  ծայր առավ  համաժողովրդական շարժում, որը տապալեց կառավարությունը: Այդ դեպքերին հաջորդած ժամանակահատվածում մենք ականատես եղանք, որ  տապալվեց ևս երկու կառավարություն: Վերջինը օրեր առաջ էր: Նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանը լիովին կանգնեց անկայուն ու անորոշ կացության առջև: Քաղաքական իրավիճակն ուներ նաև ֆինանսատնտեսական պատճառներ: Անցնող 10 ամիսների ընթացքում լիբանանյան թղթոսկին արժեզրկվեց 80-100 տոկոսով: Ավելին, Լիբանանի դրամատները  լուրջ ցնցում ունեցան:  Ներկայումս  իրենց  տարիների  քրտինքով վաստակած ֆինանսները  բանկերին  պահ տված  լիբանանցիներն այդ միջոցները ստանալու և օգտագործելու լուրջ դժվարություններ ունեն: Երկրում առկա է ծանր կացություն՝  դրամի չգոյություն, գործազրկություն  և ընդհուպ՝  սովի ու սովամահության հասնող իրավիճակ:  Այդ բոլորին գումարվեց նաև  կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը: Լիբանանում կորոնավիրուսով  վարակվածների թիվը հատել է 20 հազարի սահմանը: Սա լիբանանցիներին պարտադրեց առանց այն էլ  ծանր կացությունը հարմարեցնել  համաճարակային պայմաններին: Եվ, վերջապես, ծանր վնասներ հասցրեց նաև  ,Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը: Դրա հետևանքով  կիսով չափ քանդվեցին  Լիբանանի մայրաքաղաքն ու շրջակայքը,  որտեղ  գտնվում էին հայկական արվարձաններն ու  շեն քաղաքները: Ունեցանք 14 զոհ և հարյուրավոր վիրավորներ:  Ընդհանուր առմամբ,  5 հազար ընտանիք մեծ  վնասներ է կրել: Ավերվել են նրանց բնակարանները, խանութներն ու գրասենյակները: Շուրջ 3 հազար հայ ընտանիք  ահավոր վնասներ կրեց, իսկ հարյուրավոր ընտանիքներ անօթևան ու  անգործ  մնացին: Ներկայումս նրանք լքված են ու մատնված ծանր կացության: 

աջողվո՞ւմ է համայնքին ինքակազմակերպվել, և ինչպիսի՞ մասնակցություն ու ներդրում ունեն ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները ծանր կացությամբ ստեղծված իրավիճակը հնարավորինս մեղմելու գործում:

-Լիբանանը դեռևս 15-ամյա  քաղաքացիական պատերազմից  կուտակած  կամք ու կազմակերպվելու  փորձառություն ունի: Լիբանանահայությունը նույնպես ունի ներքին լայն կազմակերպվածություն, փորձառություն, ազգային միութենական կառույցներ, Կիլիկիայի կաթողիկոսարանն ու կուսակցություններ՝ իրենց ուղեկից միություններով: Այս տագնապալից իրադարձությունների առաջին իսկ օրից բոլորը միասնաբար ճիգերով ձեռնամուխ եղան լիբանանահայության առջև կանգնած  մարտահրավերների դիմագրավմանը: Արտասովոր դժվարությունները,  բնականաբար, պահանջում էին  դրանց դիմագրավելու  տարբեր ճիգեր: Լիբանանահայությունը, որն  անցած 30 տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել  Մայր Հայրենիքին, Արցախին ու  Սփյուռքի մի շարք գաղութների, այժմ  կարիքավորության դժվարությունների դիմաց է կանգնել:

Շուրջ 10 ամիս շարունակվող  տագնապի տևողությունն ու անորոշությունը և վերոնշյալ  բոլոր դժվարությունները՝ լիբանանահայության ուժերը չէին բավականացնի այդ ամենը հաղթահարելու համար:  Համայն հայության զորակցության ու զորաշարժի անհրաժեշտություն է զգացվում:  Բնականաբար, այդ ուժը Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅԴ-ն են, որոնք աշխարհի բոլոր երկրներում ունեն միություններ ու կառույցներ: Անցնող ամիսներին մենք ականատես եղանք Սփյուռքի տարբեր համայնքներում  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հիմնադրամի ստեղծմանը,  կազմակերպված  դրամահավաքներին ու միջոցառումներին: Իր հերթին ՀՅԴ-ն իր ուղեկից կազմակերպություններով՝ Մոսկվայից մինչև Հայաստան, Ավստրալիա, Կանադա, Ամերիկա և ամենուր, որտեղ դաշնակցական բջիջ է գործում,  կարողացավ ի նպաստ Լիբանանի գործել:  Լիբանանահայությունը մեր ազգային գաղափարների ու  նպատակների  իրականացման  գործում  ռազմավարական նշանակություն ունեցող համայնքներից է: Լիբանանահայ գաղութը  շարունակում է մնալ  մեր ազգային գործիչների   ու   Հայ Դատի  լուծմանը ձեռնամուխ եղած  ներուժի թրծման  դարբնոցը:  Լիբանանահայությունը նաև մերձավորարևելյան գաղութ է՝ աշխարհագրականորեն մոտ Պատմական Հայաստանին, բռնագրավյալ  մեր հողերին  ու Մայր հայրենիքին:  Գործում է նաև  Հայաստան-Լիբանան բարեկամական անմիջական  կապը, որը նույնպես դրական է անդրադառնում մեր ժողովրդի համար:   Ուրախությունը բաժնեկցելով կկրկնապատկվի, իսկ դժվարությունը՝ կիսելով կմեղմանա: Այս տագնապալի օրերին շնորհակալությամբ ենք  անդրադառնում Հայաստանում, Արցախում  ու Սփյուռքի տարբեր գաղութներում կազմակերպված  դրամահավաքների և աջակցության այլ  միջոցառումներին: Ակնարկն անպատճառ միայն նյութական աջակցությանը չի վերաբերում: Անչափ  մեծ է բարոյական նեցուկ  կանգնելու  այն նշանակությունը, երբ գիտակցում ես,  որ քո հայրենակիցը, եղբայրը, ով  քեզնից հազարավոր մղոններ այն կողմ՝ Մայր հայրենիքի հողում է ծնվել ու մեծացել և շատ դեպքերում  Լիբանանի աշխարհագրականորեն գտնվելու վայրն էլ անգամ չգիտի, բայց լիբանահայությանը ձեռք է մեկնում ու անվերապահ զորակցություն հայտնում: Շատերն էլ  ուղղակիորեն աջակցեցին՝ Լիբանան առաքելով դեղորայք, ուտելիք, հագուստ, անմիջական անհրաժեշտության իրեր: 

— Հայրենադարձության վերաբերյալ մտորումներ կա՞ն մեր համայնքում

-Այս ծանր կացության մեջ շատ է խոսվում լիբանանահայության հայրենադարձության մասին: Այդ մասին հրապարակումներ են լինում նաև մամուլում: Նախքան այս տագնապալի իրադարձությունները, շատ լիբանանահայեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էին ստացել: Շատերն էլ ուսանում էին Հայաստանում, սեփական գործ էին նախաձեռնել, հող և տուն էին գնել: Հայրենադարձության ընդհանուր ալիք ու տրամադրություն կար: Իրարահաջորդ դեպքերը, բնականաբար, այդ ալիքը մի քիչ արագացրին, բայց չհանգեցրին համաժողովրդական  ներգաղթի հոսանքի: Ճիշտ է, մտադրություն  ու ցանկություն կա Հայաստան գալու, բայց այստեղ արդարացիորեն առկա է մտահոգություն. Հայաստան ու Արցախ գնալու դեպքում՝ արդյո՞ք մեր զույգ պետություններն ունեն հայեցակարգ՝ առողջապահական, կրթական, սոցիալական, բնակարանային, մշակութային և այլ խնդիրների լուծման և արժանապատիվ կյանք ապահովելու համար: Այս է հիմնական հարցադրումը, որն առկա է լիբանանահայության շրջանում: Հարցը ժամանակավոր կեցությանը չէ վերաբերում, այլ մշտական բնակությանն ու ապագային, որի համար լուրջ կռվաններ են պահանջվում, որպեսզի հայրենիք եկող մարդիկ  կարողանան գոյատևել, ապրել և արարել: Հաշվի առնելով սիրիահայության թարմ փորձը, նախքան լիբանանահայությանը հայրենադարձության մասին հարցնելը, պետք է հարց ուղղել հայկական զույգ պետությունների իշխանություններին՝ ի՞նչ կարող են անել, որպեսզի կարողանան հյուրընկալել տրամադրություն և ցանկություն ունեցող լիբանանահայերին: Բացի ցանկությունն ու  պատրաստակամությունը, շատ կարևոր և հիմնական է գործնական հող ստեղծելը:

Լիբանանի կառավարությունում շրջանառվում էր համայնքային կառավարման գործող ձևաչափի վերանայման հարցը:  Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք: Արդյո՞ք  հայ համայնքը կպահպանի իր  դիրքը:

-Լիբանանի կառավարման համակարգի վերաբերյալ խոսակցությունները նորություն  չեն: Փոփոխությունները երբեք էլ դյուրին չեն եղել և չեն լինի: Լիբանանը համայնքային երկիր է՝ բաղկացած 17 համայնքներից: Կան 7 գլխավոր համայնքներ, որոնցից մեկը հայ համայնքն է: Մեր համայնքը դիտվում է  որպես Լիբանանը կերտողներից մեկը: Լիբանանի առաջին Հանրապետությունը ստեղծվելու ժամանակ՝ 1926 թվականին, լիբանանահայերն արդեն ներկա էին այստեղ: Արդեն 1945 թվականին, երբ Լիբանանն անկախություն ստացավ, լիբանանահայերը քաղաքական կյանքում դերակատար ուժ էին, մասնակից՝ անկախության կերտմանը, և 1937 թվականից  երկրի խորհրդարանում  պատգամավոր ունեին: Այս իմաստով, ցանկացած փոփոխություն պետք է նկատի ունենա հայ համայնքի շահերն ու ներկայությունն այստեղ՝ որպես քրիստոնյա համայնքի կարևոր հատված: Համայնք, որն իր ուրույն մասնակցությունն ու ներդրումն ունի այս երկրի կերտման և զարգացման գործում: Հետևաբար, կասկած չկա, որ ինչպես առաջին և երկրորդ հանրապետությունների ժամանակ, այնպես էլ այժմ կառավարման համակարգի փոփոխությունների հետևանքով տեղի հայությունը չի կորցնի իր որոշիչ դերակատարությունը Լիբանանում:

Արդյո՞ք տեսանելի են Լիբանանի  ներքաղաքական իրավիճակի կայունացման հնարավորությունները:

-Լիբանանի ներքաղաքական իրավիճակն այնքան բարդ է, որ շատ մոտալուտ  լուծումներ պետք չէ ակնկալել: Լինելով փոքր երկիր, Լիբանանը մեծ պետությունների քաղաքական մրցակցությունների և միջամտության թատերաբեմ է դարձել:  Այսօր Լիբանանում  խաչաձևվում  են՝  մի կողմից ֆրանսիական ու թուրքական մրցակցությունը, մյուս կողմից՝  ամերիկյան-եվրոպական մրցակցությունը: Չպետք է մոռանալ, որ Լիբանանի հարավային սահմանակիցը Իսրայելն է, որի հետ թշնամական հարաբերություններ ունի:  Գումարած՝ սիրիական տագնապները, որոնք անպայման անդրադարձ են ունենում նաև Լիբանանի վրա:  Այս բոլորը արտաքին ազդակներ են, որոնք լիբանանյան  հարցը բավականին կնճռոտ են դարձնում: Ավելին, պետք է նշել, որ Լիբանանը վերջին 100-տարվա ընթացքում,  յուրաքանչյուր 30-40 տարին մեկ իշխանության փոփոխություն է ունեցել՝ առաջին, երկրորդ, երրորդ հանրապետություններ:

Վան Նովիկով 

1