Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան
Գլխավոր » Լրահոս » Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան

Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան

Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում խոսել է քրիստոնեկան սիմվոլների ոչնչացման մասին։ «Այն, ինչ կատարվում է Արցախի քրիստոնեկան ժառանգության հետ, սարսափափելի է։ Խոսքը գնում է եկեղեցիների, վանքերի, սրբավայրերի մասին։ Գումարած այն փաստը, որ 120 հազար մարդ ստիպված է եղել փախչել պատերազմի պատճառով, և այժմ հույս ունենք, որ նրանք կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողերը։ Այս ուղղությամբ աշխատում է դիվանագիտությունը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, ես անձամբ լիահույս եմ, որ դա տեղի կունենա»,-իտալական ilmessaggero.it պարբերականի փոխանցմամբ, նշել է Սրբազանը։

Արցախին և արցախահայությանը վերաբերող խնդիրները ներկայացնելիս՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը զուգահեռներ է անցկացրել Գազայում տիրող իրավիճակի հետ՝ համաձայնելով Հռոմի Սրբազան Քահանայապետի դիտարկման հետ, որ այնտեղ կատարվողը Ցեղասպանություն է։ Միևնույն ժամանակ Սրբազանն ընդգծել է,որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, չի կարելի համեմատել Հայոց Ցեղասպանության հետ։

«Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը ծրագրված կերպով ոչնչացնում էր հայ փոքրամասնությանը, իսկ Իսրայելը հայտարարում է, թե փորձում է պաշտպանել իր ժողովրդին՝ հարձակման ենթարկելով Գազայի քաղաքացիական բնաչությանը, հարվածներ հասցնելով հիվանդանոցներին, որտեղ երեխաներ են։ Եվ սա հիմնավոր կասկած է առաջացնում»։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն անդրադարձել է կատարել նաև հիշողության դերին՝ որպես ժողովուրդների ինքնության կարևոր բաղադրիչի։

«Թուրքիայի նոր սերունդը, իհարկե, պատասխանատվություն չի կրում 1915 թվականին տեղի ունեցածի համար, բայց պետք է համարձակություն գտնել և ընդունել պատմությունը։ Հիշողությունը մեզ դարձնում է ավելի ուժեղ, ոչ թե հակառակը։ Պետք է նաև խոստովանել, որ շատ թուրքեր նույնիսկ տեղյալ չեն պատմական փաստերի մասին, քանի որ դրանք չեն ուսուցանվում դպրոցներում։ Այնուամենայնիվ, Ցեղասպանությանը ճանաչումը կնպաստեր ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի Հանրապետությունը, հատկապես վերջին շրջանում, փորձում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և մենք հույս ունենք, որ այս պրոցեսը շարունակական կլինի։ Անհրաժեշտ է բոլոր բաց հարցերը դնել սեղանին և լուծել դրանք։ Ամեն ինչ հնարավոր է, և մենք հուսով ենք՝ մի օր դա տեղի կունենա»։

Նշենք, որ միջազգային համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:

1