ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից շուտ
Գլխավոր » Լրահոս » ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից շուտ

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից շուտ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը նախատեսվածից ավելի վաղ կմեկնարկեն։ 

Այս մասին հաղորդում են են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հավելելով, որ երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս ավելի շուտ։ 

Ըստ նախարարության՝ երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, 2026 թվականի հունվարի փոխարեն, իսկ երրորդ փուլը՝ գալիք տարվա հուլիսի 1-ից, 2027 թվականի հունվարի փոխարեն:

Առաջին փուլի դիմումատուների շրջանում ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ նրանք չեն ցանկանում օգտվել ծրագրից։ 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի առաջին փուլում ընդգրկված են  3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,  2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք, զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ ընտանիքի համար օրենսդրությամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակմամբ  հաշմանդամություն ունեցող (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված) անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող երեխաները (ճանաչված է հաշմանդամություն ունեցող երեխա),   գործող հիփոթեք ունեցող ընտանիքները (որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը)։ 

Առաջին փուլից կարող են օգտվել նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով։

Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, իսկ երրորդում՝ ցանկացած կազմով ընտանիքները, որոնք ընդգրկված չեն նախորդ փուլերում։

1