ԼՂ-ի տեղահանված բնակչությունը հաստատակամ է հայրենիք վերադառնալու հարցում,  նրանց վերադարձի իրավունքը տեւական խաղաղության նախապայմանն է. Վարդան Օսկանյան
Գլխավոր » Լրահոս » ԼՂ-ի տեղահանված բնակչությունը հաստատակամ է հայրենիք վերադառնալու հարցում,  նրանց վերադարձի իրավունքը տեւական խաղաղության նախապայմանն է. Վարդան Օսկանյան

ԼՂ-ի տեղահանված բնակչությունը հաստատակամ է հայրենիք վերադառնալու հարցում,  նրանց վերադարձի իրավունքը տեւական խաղաղության նախապայմանն է. Վարդան Օսկանյան

Հուլիսի 8-10-ը Արցախի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Վարդան Օսկանյանը, Արմինե Ալեքսանյանը, Գառնիկ Քերքոնյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Ժնեւում, նպատակ ունենալով իրազեկել միջազգային, դաշնային եւ համայնքային լսարանին Արցախի շուրջ ծավալվող արդի իրողությունների մասին:  

Հուլիսի 10-ին Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (ՔՀՄԿ) (CSI Christian Solidarity International) մանրամասներ է հրապարակում հուլիսի 8-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հայկական պատվիրակության ելույթից ՝ մամլո հագեցած հաղորդագրությամբ: «Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն թիրախավորում են ԼՂ բնակչությանը՝ նպատակ ունենալով տարածքում էթնիկ զտումներ իրականացնել», ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայիս նախագահ Վարդան Օսկանյանը: Ռասիզմի ժամանակակից ձևերի վերաբերյալ հատուկ զեկուցող Ք.Պ. Աշվինիի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ Օսկանյանը հիշեցրել է, որ 10 ամիս առաջ Արցախում ապրում էր ավելի քան 100,000 հայ, իսկ այսօր ոչ ոք չի մնացել: Ուստի Օսկանյանը պահանջել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին այցելել Հայաստան, խոսել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ և էթնիկ զտումների վերաբերյալ զեկույց ներկայացնել Մարդու իրավունքների խորհրդին: Օսկանյանը հիշեցրել է, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները՝ օրինակ բերելով Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ-ն լքած բոլոր անձանց անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը: ՀՀ նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ հիշյալ հրահանգը համահունչ է ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, սակայն այդ երկիրն առայժմ որեւէ էական քայլ չի ձեռնարկել՝ կատարելու իր պարտավորությունները:

Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկն արագ արձագանքելով Օսկանյանին պնդել է, որ ղարաբաղցի հայերը «կամավոր» են լքել իրենց բնակավայրը, իսկ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը խեղաթյուրում է, մոլորեցնում խորհրդին: Ադրբեջանուհուն ի պատասխան ՔՀՄԿ նախագահ Ջոն Այբները մարդու իրավունքների ծաղր է որակել ԼՂ-ում էթնիկ զտումները «կամավոր» բնութագրելը, նկատել տալով, որ ադրբեջանուհու նման արձագանքը ռեժիմի՝ հայ ազգը ոչնչացնելու մտադրության մասին հերթական վկայությունն է: «Ամեն ինչ վկայում է Ադրբեջանի՝ խաղաղության կասկածելի գործընկեր լինելու մասին», ասել է Այբները:

 Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի շրջանակներում ՔՀՄԿ -ի հրավերով կայացել է զուգահեռ մի միջոցառում, որին մասնակցել են Վարդան Օսկանյանը, ԼՂ նախկին փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և մարդու իրավունքների մասնագետ իրավաբան Գառնիկ Քերքոնյանը:

Ըստ հայկական պատվիրակության երեք անդամների ձեւակերպման, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության երեք բանալիները հետեւյալն են՝  հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը, բոլոր հայ պատանդների ազատ արձակումը, ԼՂ-ում մշակութային արժեքների պաշտպանությունը:  «ԼՂ-ի տեղահանված բնակչությունը հաստատակամ է հայրենիք վերադառնալու հարցում,  նրանց վերադարձի իրավունքը տեւական խաղաղության նախապայմանն է», ասել է Օսկանյանը: Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով: Հակառակ դեպքում դժվար կլինի հասնել տեւական խաղաղության: Վարդան Օսկանյանի ձեւակերպմամբ, Ադրբեջանի նպատակը ոչ միայն հող գրավելն է, այլ ի վերջո, հայ բնակչությանը և այդպիսով 4000-ամյա քաղաքակրթությունը վերացնելը: Օսկանյանն առաջարկել է միջազգային դիտորդներ ուղարկել տարածաշրջան՝ ստուգելու մշակութային հուշարձանները և ապահովելու դրանց պահպանությունը:

Արցախում ծնված-մեծացած ԼՂ նախկին փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը շեշտել է, որ Ադրբեջանի հարձակումը արցախցիներին ընտրության առջեւ է դրել՝ հեռանալ կամ մեռնել: Միջազգային հանրությունը պետք է հրատապ միջամտի եւ կասեցնի Հայաստանը ոչնչացնելու Ադրբեջանի ծրագրերը: «Պետք է լինեն միջազգային ամուր երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ադրբեջանը կատարի միջազգային իր պարտավորությունները», ընդգծել է Ալեքսանյանը, նաեւ խոսել համաշխարհային քրիստոնեության համար կարեւորություն ունեցող Արցախի հնագույն եկեղեցիների պահպանության մասին: Անդրադառնալով Ադրբեջանի բանտում պահվող 23 հայերին՝ Ալեքսանյանը նշել է, որ Բաքուն մերժում է արդար դատավարություն իրականացնել: Ալեքսանյանը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել Բաքվի կառավարության վրա՝ պատանդներին և  ռազմագերիներին ազատարձակման պահանջով:

«Այս հակամարտությունը հայերին ոչնչացնելու և ԼՂ-ում նրանց հետքերը ջնջելու Ադրբեջանի մտադրության մասին է: Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել այդ մտադրությանը, խաղաղություն հնարավոր չի լինի», ընդգծել է իրավաբան Գառնիկ Քերքոնյանը: Նրա ձեւակերպմամբ, վերադարձի իրավունքը պետք է ներառի կոլեկտիվ վերադարձը միջազգային պաշտպանության ներքո և վերադարձողներին տրամադրի հիմնական իրավունքներ և ինքնապաշտպանության իրավունք: Քերքոնյանը նկատել է տվել աշխարհում եռացող խոշոր հակամարտությունները, անհրաժեշտ համարելով հնարավոր լուծում գտնել ԼՂ  հարցում: «Եթե  չենք կարող կարգավորել իրավիճակը Հարավային Կովկասում, ապա չենք կարող լուծել նաև մյուս հակամարտություններից որևէ մեկը», ասել է Քերքոնյանը:

Հուլիսի 8-ին հայկական պատվիրակությունը հանդիպել է Շվեյցարիայի օրենսդիրի 7 անդամների, իսկ հուլիսի 9-ին՝ հայ համայնքի հետ: Շվեյցարիայի հայկական եւ հայասեր միությունների խորհրդի վարչության նախագահ Սարգիս Շահինյանի գնահատմամբ հայ բանախոսների արդարամիտ, փաստարկված ելույթները տպավորիչ են եղել այնքան, որ արդյունավետ բառը նվազագույնն է, երբ բառերը ունկնդիրների խիղճն են շարժել: Շահինյանը հատկապես կարեւորում է հայ համայնքի հետ հանդիպումը, մանավանդ մտահոգ հարցումներին հրավիրյաների դիպուկ պատասխանները: Քանի որ այսպիսի հանդիպումների դրական արդյունքը պայմանավորված է շարունակական աշխատանքով, ուրեմն ուժ եւ կամք մաղթենք շվեյցարահայությանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Azg.am

Առաջին լուսանկարի հեղինակն է Ջոյել Ֆելդքամփը(ՔՀՄԿ):

Մյուս լուսանկարները՝ Մեդա Խաչատրյանի:

1