Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության վերաբերյալ
Գլխավոր » Լրահոս » Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության վերաբերյալ

Հայտնել էինք, որ Ընկերվար միջազգայնականի կողմից ընդունվել է Ադրբեջանին դատապարտող բանաձև:

Ներկայացնում ենք բանաձևի տեքստը՝ թարգմանաբար.

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստան ռազմական ներխուժումները, ներառյալ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, ինչպես նաև 2021 թվականի մայիսից մինչ այժմ շարունակվող սահմանային փոխհրաձգությունները` Ընկերվար Միջազգայինը (Socialist International) կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դուրս բերել իր ուժերը Հայաստանի տարածքից և վերադարձնել իր զորքերը իրենց սկզբնական դիրքերը. Մենք երկու կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զինված ուժերը Հայաստանի տարածքից, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցված խաղաղության հաստատման գործընթացը պետք է զերծ լինի ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։ Ռազմական հակամարտությանը երրորդ կողմի ցանկացած մասնակցություն դատապարտելի է և պետք է կասեցվի։

Հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին հաստատված հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։

Վերջին հարձակումների ժամանակ գերի ընկածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև մյուս բոլոր գերիների և կալանավորների վերադարձը կարևոր քայլ է կայուն խաղաղության հասնելու համար: Ընկերվար Միջազգայինը դատապարտում է խոշտանգումները, որտեղ և երբ էլ որ դրանք տեղի ունենան, ու խստորեն կոչ է անում կառավարություններին պահպանել իրենց միջազգային պարտավորությունները և վերջ տալ այդ հանցագործությունների անպատժելիությանը:

Սոցինտերնը երկար ժամանակ զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ելքի որոնումներով և տարբեր առիթներով հանդիպել է իր անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին Հայաստանում և Ադրբեջանում՝ այդ երկրներում երկխոսությանը խթանելու և հարցի լուծմանը նպաստելու համար։ Շատ կարևոր է առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դա միայն կհանգեցնի ավելի մեծ տառապանքների, ավելի շատ մարդկային կորուստների և բռնության հետագա սրացման, ինչը երբեք և երբեք չի կարող լինել առաջընթացի ճանապարհ, ինչպես ողբերգականորեն ապացուցվել է անցյալում, վերջին անգամ էլ 2020 թվականի աշնանը: Ադրբեջանի ռազմական ձեռքբերումների արդյունքում՝ հակամարտության հիմնական պատճառները չեն լուծվել։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել առարկայական բանակցությունների համար իրենց ջանքերը, իսկ միջազգային հանրությանը` ընդհանուր առմամբ, իրենց դերը խաղալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Հիմնվելով հակամարտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշման վրա՝ Սոցինտերնը կշարունակի հավատարիմ մնալ խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, մինչև երկու երկրները հասնեն համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հարգելով երկու պետությունների և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների հիմնարար իրավունքները։

arfd.am

1