Լեռնային Ղարաբաղ. այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը
Գլխավոր » Լրահոս » Լեռնային Ղարաբաղ. այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը

Լեռնային Ղարաբաղ. այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը

Վատիկանյան Avvenire թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի հոդվածը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին։

«Լեռնային Ղարաբաղ, այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը» խորագրով հոդվածում իտալացի պրոֆեսորը, հղում անելով  «Caucasus Heritage Watch»հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր ոչնչացվել կամ վնասվել են։ 

«Հայերն ու ադրբեջանցիները շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի հակամարտությունից։ 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ: Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանները Ադրբեջանին վերագրելու խորհրդային ընտրությունն ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Լեռնային Ղարաբաղի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը 1988 թվականին սկզբում պատճառ դարձավ նրանց դեմ ջարդերի ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։

1992-1994 թվականների պատերազմը ծնունդ տվեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի հայկական հանրապետությանը (տարածաշրջանի հնագույն հայկական անվանումը), որի մաս էին կազմում նաև ադրբեջանցիներով նախկինում բնակեցված տարածքներ»,- նշում է հոդվածի հեղինակը։Ալդո Ֆերրարին հավելել է, որ երեք տասնամյակի դիվանագիտական բանակցություններն արդյունք չտվեցին, մինչև Ադրբեջանը վերականգնեց տարածաշրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը՝ նախ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան հաղթական պատերազմով, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերին կարճատև, բայց արյունալի ռազմական միջամտությամբ։ 

«Միջազգային հանրության գրեթե կատարյալ անտարբերության պայմաններում Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել՝ ընդմիշտ թողնելով իրենց տները, եկեղեցիներն ու գերեզմանները՝ ապաստանելով Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական հաղթանակն իրականում լիակատար է, բայց Բաքվի իշխանություններն այժմ հակամարտությունը շարունակում են այլ միջոցներով, մասնավորապես՝ վարելով հայկական մշակութային ժառանգության թալանման քաղաքականություն, որի ողբերգական նախադեպը Նախիջևանն է։ Խորհրդային իշխանությունների կողմից Ադրբեջանին վերագրված այս ինքնավար հանրապետությունում ադրբեջանցիները վերջին տասնամյակներում իրական մշակութային ցեղասպանություն են իրականացրել՝ ոչնչացնելով հայկական ողջ գեղարվեստական ժառանգությունը։ Խոսքը շուրջ 90 եկեղեցիների և 10.000 խաչքարերի, հայ  հոգևոր արվեստին բնորոշ քարե խաչերի ոչնչացման մասին է։ Հայերի գեղարվեստական ժառանգության վերացումը ջնջել է այս տարածքում նրանց հազարամյա ներկայության հիշողությունը։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք այս ճակատագրին կարժանանան նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հազարավոր հայկական հուշարձանները: Այս առումով ամենավստահելի աղբյուրը «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագիրն է, որը ստեղծվել է ԱՄՆ Քորնել և Փերդյու համալսարանների հնագետների կողմից: Օդային լուսանկարչության օգնությամբ նրանք փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո դիտարկված 452 տեղանքներից 57-ն արդեն ոչնչացվել, վնասվել կամ վտանգի տակ են հայտնվել։ Չնայած այդ ավերածությունների լրջությանը՝ միանշանակ չէ, որ Ադրբեջանը մտադիր է կրկնել Նախիջևանում իրականացված հայկական հուշարձանների ամբողջական ոչնչացումը նաև Լեռնային Ղարաբաղում։ Իրականում հնարավոր է, որ նա ցանկանում է դրանք գոնե մասամբ պահպանել՝ ելնելով ենթադրյալ «ալբանական» ծագումից։ Թեև ներկայիս ադրբեջանցիները իրականում մահմեդականներ և թյուրքալեզու են, նրանց պատմամշակութային դիսկուրսը կապված է Կովկասում գտնվող հին Ալբանիայի թագավորության հետ նույնպես, որտեղ բնակեցված էին 4-րդ դարում քրիստոնեություն ընդունած կովկասախոս բնակչություն, որը չպետք է շփոթել Բալկանների Ալբանիայի հետ։ Այն մասամբ համընկնում էր ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ, թեև սկզբում այն սահմանափակվում էր միայն Քուր գետի ձախ ափին գտնվող տարածքներով։ 387 թվականին, Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև Հայաստանի թագավորության առաջին բաժանումից հետո, նրա երկու ամենաարևելյան նահանգները՝ Արցախը և Ուտիքը, մտան Կովկասյան Ալբանիայի կազմի մեջ։ Սկսած մասնավորապես չորրորդ դարի սկզբին տեղի ունեցած քրիստոնեացումից՝ Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը իսկապես շատ խորն են եղել, ինչպես պատմական, այնպես էլ մշակութային ոլորտներում։

Ըստ Կորյունի (442–48) և հայկական այլ աղբյուրների, հինգերորդ դարի սկզբին վանական Մեսրոպ Մաշտոցը (362–440) հորինել է ոչ միայն հայերեն, այլև ալբանական այբուբենը։ Բուն քրիստոնյա Ալբանիայի պատմությունը մեզ հայտնի է հիմնականում հայկական աղբյուրներից և մասնավորապես շնորհիվ 10-րդ դարի վերջին Մովսես Կաղանկատվացու կողմից կազմված Ալբանիայի պատմության։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի և հարևան Վրաստանի, Կովկասյան Ալբանիան մինչև 8-րդ դարի վերջը հիմնականում իսլամացվել է արաբների կողմից։ Հետագայում այս տարածքի մուսուլմանական բաղադրիչը դարձավ թյուրքական, մինչդեռ քրիստոնեական բաղադրիչը հիմնականում հայացվեց։ Անգամ փոքր ուդի համայնքը Ադրբեջանում այսօր էլ պահպանում է ուղիղ կապ հին ալբանական լեզվի հետ։ Քրիստոնյա մնացած ալբանների մեծ մասը հայ եկեղեցական համայնքի մաս է կազմում 8-րդ դարից։ Գանձասարի եպիսկոպոսական նստավայրը Արցախում, որը 13-րդ դարից սկսեց կոչվել Ղարաբաղ, պահպանեց «Ալբանացիների կաթողիկոսություն» անվանումը մինչև 19-րդ դարը՝ չնայած կառավարվում էր հայ ազնվականների՝ Հասան-Ջալալյան ընտանիքի կողմից։ Մի քանի դար, չնայած թուրք քոչվորների ներկայության ուժեղացմանը, Ղարաբաղում մինչև 19-րդ դարի սկզբին ռուսների կողմից նվաճվելը գոյատևեց հայ ազնվականությունը՝ ի դեմս այսպես կոչված մելիքների։ Համեմատած պատմամշակութային ինքնության ամուր շարունակականությամբ բնութագրվող Վրաստանի և Հայաստանի՝ Ադրբեջանն իրականում նորագույն քաղաքական միավոր է և կրում է անգամ մի անուն, որով մինչև 1917 թվականը կոչում էր միայն Իրանի հյուսիսում գտնվող տարածքը՝ Արաքս գետի հարավում։ Արդեն խորհրդային տարիներին Բաքվում ազգային ինքնություն ձևավորելու ջանքեր էին գործադրվում, որի շրջանակներում թուրքական մշակութային աշխարհին պատկանելուց բացի, պնդվում էր Կովկասյան Ալբանիայի հետ հարաբերությունների կարևորությունը: Այս տեսությունը մշակվել է ադրբեջանական պատմագրության ճանաչված հայր Զիյա Բունիաթովի (1923-1997) բազմաթիվ հրապարակումներում։ Հինավուրց Ալբանիայի հետ Ադրբեջանի պատմական կապն իրականում կոնկրետ փաստ է, որը, սակայն, օգտագործվում է խիստ ազգայնամոլական ձևով` ամբողջապես ալբանական ժառանգություն համարելով այն ամենը, ինչ քրիստոնեական է նրա ներկայիս տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հայկական հուշարձանները»,- գրել է հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով՝ այս մեկնաբանությունը հիմնված է պատմական և մշակութային տվյալների արմատական խեղաթյուրման վրա, որի հետեւանքով Կովկասյան Ալբանիայի վերաբերյալ ադրբեջանական տեսությունները էապես դուրս են մնացել որևէ գիտական վավերականությունից: 

«Փաստորեն, ըստ ադրբեջանցի «գիտնականների» վարկածի, հայերը Ղարաբաղ են ժամանել միայն ռուսների կողմից Կովկասի գրավումից հետո, այսինքն՝ XIX դարի սկզբին։ Ակնհայտորեն առանց հիմնավորումների այս թեզը պաշտպանվում է Ադրբեջանի կողմից՝ պատմական իրականության համակարգված կեղծման միջոցով, որը, ցավոք, համատարած միջամտությունների և ֆինանսավորման շնորհիվ սկսում է ընդունվել նաև արտերկրում։ Քաղաքական և մշակութային ազատության բոլոր համաշխարհային վարկանիշների մշտապես վերջին հորիզոնականներում գտնվող երկրին բնորոշ մի գործելաոճ է սա, որը, սակայն, հմտորեն օգտագործում է իր էներգետիկ հարստությունները հասնելու այնպիսի նպատակների, որոնց այլ ճանապարհով աներևակայելի կլիներ հասնել: Իսկապես հնարավոր չէ զբաղվել Ադրբեջանի  պատմությամբ, մշակույթով և քաղաքականությամբ՝ առանց հաշվի առնելու այս քաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Կովկասյան Ալբանիայի ադրբեջանական վերակառուցումը առանց քննադատության ընդունելը նշանակում է մասնակցել հայերի դեմ մշակութային նոր ցեղասպանությանը, որոնք մեկ դարից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում ոչ միայն կոտորվել և վտարվել են իրենց նախնիների տարածքներից՝ սկզբում Օսմանյան կայսրության, իսկ այժմ՝ Ադրբեջանի, այլև զրկվել են իրենց գեղարվեստական ժառանգության մեծ մասից։ 

«Քրիստոնեական քաղաքակրթության հուշարձանները, որոնք ժամանակին տարածվում էին Կովկասից մինչև Միջերկրական ծով, շարունակում են գտնվել ոչնչացման վտանգի տակ։ Եթե արևելյան Թուրքիա ճանապարհը ցավոտ երթուղի է, որն անցնում է մեկ դար առաջ դաժանորեն ոչնչացված ժողովրդի հիշատակի միջով, որի հուշարձանները մասամբ շարունակում են վկայել նրա մեծության մասին, ապա Ադրբեջանն այժմ գործում է ավելի համակարգված՝ ոչնչացնելով հայկական ներկայության բոլոր հետքերը, ինչպես, ցավոք սրտի, արդեն եղել է Նախիջևանում կամ ինչպես դա տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում՝ «ալբանիզացման» միջոցով, և որտեղ չեն պակասում նաև իրական ավերածությունները։ Բաքվի իշխանությունների «ալբանական» նախագիծը Կովկասի Ալբանիա ստեղծելն է, որը լիովին զուրկ կլինի Հայաստանի հետ առնչություններից. Ալբանիա՝ առանց հայերեն արձանագրություններով (որոնք պետք է ջնջել) եկեղեցիների, առանց խաչքարերի (որոնք պետք է ոչնչացնել, քանի որ հայկականությունը չափազանց ակնհայտ է), առանց միջնադարյան գերեզմանոցների (տապանաքարերը վկայում են հին հայկական ներկայության մասին) և այլն։ Սա իսկապես կործանարար և ստոր նախագիծ է, որին չպետք է նպաստել որևէ ձևով։ Առավել ևս, որ այս ապահայացված Ալբանիայի մասին հորինվածքը Բաքվի հանրային դիսկուրսում մեկուսացված փաստ չէ, որը փաստորեն շարունակում է հենց Հայաստանի Հանրապետության տարածքը հաճախակի անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ կասկածի տակ դնելով նույնիսկ այս երկրի գոյությունը: Ինչպես տեսնում ենք, եթե մշակութային ասպարեզում Կովկասյան Ալբանիայի ուրվականը գրոտեսկային հետևանքներ ունի իր կատարյալ անհամապատասխանելիության պատճառով, ապա քաղաքական ասպարեզում կան ծայրահեղ վտանգավոր հետևանքներ, որոնք չպետք է թերագնահատել և ամեն դեպքում պետք է խորությամբ անդրադառնալ՝ ի հարգանք պատմական իրականության և հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի»,- եզրափակել է Ալդո Ֆերրարին։

1