Լեռան լանջին ծվարած ու մոռացված Եմիշճանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լեռան լանջին ծվարած ու մոռացված Եմիշճանը

Լեռան լանջին ծվարած ու մոռացված Եմիշճանը

Անտառի գրկում, լեռան լանջին ծվարած և, բնակիչների խոսքով, մարդկանց կողմից մոռացված Եմիշճան գյուղը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ ու հյուրընկալ բնակիչներով:

Ձմռան օրերին, երբ այդքան շատ չեն աշխատանքները, տղամարդիկ հավաքվում են գյուղամիջում և շախմատ ու նարդի խաղում իրար հետ:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի գյուղը, և արդյո՞ք դրանց լուծում է տրվում, մարդիկ, քմծիծաղ տալով օրորում են գլուխներն ու ասում. «Մեր տեղն իմացող չկա»:
Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Շատ քիչ զբաղվում են նաև այգեգործությամբ, որի պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Տղամարդիկ հիմնականում աշխատում են որպես պայմանագրային զինծառայողներ:

Համայնքի ղեկավար Արմիկ Առաքելյանի խոսքով՝ գյուղում նաև խմելու ջրի խնդիր կա:

«Գյուղացիները 7 օրը մեկ անգամ են ջուր ստանում, ամառվա շրջանում՝ 7 օրը մեկ՝ 10-15 րոպեով: Այդ ընթացքում գյուղացիներին ջրով ապահովում էինք ջրատար մեքենաներով»,-ասում է նա:

Այսօր համայնքի ղեկավարը կանգնել է խնդրի առջև, քանի որ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարության հետ եկել էին համաձայնության, որ մատակարարվող ջրի համար պետք է շրջվարչակազմը վճարումներ կատարի, սակայն առ այսօր այդ 120 000 դրամը վճարված չէ: Բայց քանի որ ջրատարի վարորդին գյուղապետն է առաջարկ արել, ուստի նրանից են պահանջում այդ գումարը և պատրաստվում դատի տալու, սակայն համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ ամեն ինչ օրենքով սահմանված կարգով են արել, և առկա են համապատասխան փաստաթղթերը:

«Հիմա կառուցվում է ջրատար, որը պետք է շահագործման հանձնվի մայիսին, որով գյուղացիները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ»,-նշում է Ա. Առաքելյանը:

Իր կատարած աշխատանքների մասին խոսելով՝ համայնքի ղեկավարը թվարկում է գերեզմանատան մաքրումն ու ցանկապատումը, գյուղի համար շտապ օգնության մեքենայի ձեռքբերումն ու նոր աշխատատեղ բացելը, ջրատարի կառուցումը:

Հողի մշակությամբ գյուղացիները զբաղվում են գյուղից ներքև՝ Մարտունու ուղությամբ «Խաներ» կոչվող  տեղամասում:

Գյուղի տարածքում մշակման համար հողատարածքներ  չունեն, և ինչպես բնակիչներն են  բնորոշում՝ գյուղը հյուրանոց է, լոկ քնելու համար, իսկ աշխատում են գյուղից որոշակի հեռավորության վրա գտնվող իրենց հողամասերում, անասնապահական ֆերմաներում, այգիներում: Այդ նույն վայրում պահում են մոտ  90 խոշոր և 700 մանր եղջերավոր անասուն, մշակում 4 հա խաղողայգի, 2 հա նռան այգի, որոնք անջրդի են, դրա համար էլ քիչ են բերք տալիս: 

Գյուղի ընդհանուր մակերեսը 1300 հա է, որից 330 հա վարելահող, 110 հա անտառ, 220 հա արոտավայր, իսկ մնացած մասը թփուտներ:

«Բերքատվությունը ցածր է՝ հատկապես վերջին 5 տարիներին նկատվող երաշտի և ջրի բացակայության պայմաններում: Հիմնական սնուցումներն էլ դժվար է իրականացվում, որովհետև պետական աջակցությունն էլ շատ քիչ է: Ճիշտ է, հետպատերազմյան իրավիճակում հասկանալի է ստեղծված իրողությունը, բայց ամեն դեպքում ով ինչպես կարողանում է՝ մշակում է իր հողը: Մինչև պատերազմը մարդիկ ավելի շատ էին զբաղվում հողագործությամբ: Եթե մինչև պատերազմը մշակվում էր 220 հա, ապա այս տարի մշակվել է 150 հա: Պետության աջակցությունը սերմացուի 50  տոկոս սուբսիդավորումն է եղել, սակայն  նույնիսկ այս պարագայում բնակիչները դժվարություններ ունեն ձեռք բերման հետ կապված: Ներդնել սեփական բոլոր միջոցները՝ ռիսկային է բերքատվության հնարավոր սպասվող ցածր ցուցանիշի պատճառով: Անցած տարի շուրջ 14 հա-ում բերքահավաք չի կատարվել, իսկ միջին բերքատվությունը 5-6 ց էր, որը շատ քիչ է: Նախանցյալ տարիներին բերքատվությունը հասնում էր մինչև 20ց-ի»,-ասում է Արմիկ Առաքելյանը:

Նա վստահ է՝«Խաներ»-ում եթե ոռոգում ապահովվի, կարելի է զարգացնել այգեգործությունը՝ այգիներ, ջերմոցներ կառուցելով:

Գյուղի համար նշանակալի խնդիրներից է նաև ճանապարհային խնդիրը: «Գյուղացիների հիմնական ճանապարհը, որը նրանք օգտագործում են աշխատանքի գնալիս, գտնվում է վատթար վիճակում, որը պետք է վերանորոգվի: Մարտունի – Ննգի-Ստեփանակերտ մայրուղուց մինչև Բերդաշեն հատվածը, որն ասֆալտապատվել է, ի սկզբանե նախատեսում էր ընգրկել նաև Եմիշճան համայնքը, սակայն, չգիտես ինչու, որոշվեց Եմիշճանը շրջանցող նոր ճանապարհ կառուցել»,-նշում է համայնքի ղեկավարը:

Համայնքապետը պատրաստվում է դիմել նախագահին գոնե Բերդաշեն- Եմիշճան ճանապարհահատվածը ասֆալտապատելու համար, որը հարթ և բարվոք վիճակում է: Նախատեսվում էր նաև 2022թ. գյուղամիջյան ճանապարհները սալապատել, սակայն պատերազմից հետո չգիտեն՝ որքանով է իրատեսական:

Համայնքի ղեկավարն ընդգծում է՝ ճանապարհը միշտ էլ ռազմավարական նշանակություն ունի, ընդ որում՝ կարևոր է ոչ միայն մայրուղիների վերանորոգումը, այլև միջհամայնքային ճանապարհների վերանորոգումը:

Եմիշճանի դպրոցը վերանորոգված և ապահովված է ջեռուցման համակարգով, ունի 18 աշակերտ: Թափուր է միայն մաթեմատիկայի ուսուցչի պաշտոնը, որը սակայն մոտ ապագայում կլրացվի գյուղում հաստատված Քաշաթաղցի մասնագետի կողմից:

Համայնքապետարանը վերանորոգման կարիք ունի: Գյուղում գործում է վերանորոգված ակումբ, դրան կից՝ խաղասենյակ, որը վերանորոգման կարիք ունի. գործում է հանդիսությունների տուն, բուժկետ:

Գյուղում կա 10 նախադպրոցական երեխա: Պատերազմից հետո գյուղը լքողներ չեն եղել: Պատերազմի ընթացքում բոլոր տղամարդիկ գյուղում էին, և ամեն մեկը կատարում էր իր պարտականությունները՝ վառելանյութ հայթայթելուց մինչև մարտական հերթապահություն:

Գյուղը պատերազմին նաև մարդկային կորուստներ է ունեցել՝ 3 զոհ և 3 վիրավոր: Զոհերը 30-34 տարեկան երիտասարդ տղաներ են, որոնցից մեկն անգամ իր 4-րդ երեխային չի հասցրել տեսնել:

Գյուղը վերաբնակիչների համար առաջարկել էր վերանորոգել 4 տուն, սակայն միայն 2 տուն է վերանորոգվել, որոնցից մեկում բնակվում է Տողից տեղահանված ընտանիքը, մյուսում՝ վիրավորված և նորապսակ երիտասարդներից մեկը:

Գյուղում հաստատվել են տեղահանված 2 ընտանիք 1 և 8 հոգանոց՝ Քաշաթաղից և Հադրութի շրջաններից:

Ա. Առաքելյանի խոսքով՝ բնակիչները տարակուսանքի մեջ են, չգիտեն ինչ անեն՝ կապված ստեղծված անորոշ իրավիճակի հետ: «Տպավորություն է, որ պետությունն էլ չգիտի՝ ինչ է անում»,- կարծում է համայնքի ղեկավարը:

Ըստ նրա՝ եթե խաղաղություն լինի, ժողովուրդն իր ապագան միմիայն այս հողի հետ է կապում՝ չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, որովհետև այստեղից լավ տեղ չկա: Պետությունը պետք է բնակչությանն այստեղ պահելու ռազմավարություն մշակի:

Համայնքի ղեկավարը ապագայի մասին հարց է ուղղել նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Ալյոնա Գրիգորյանին, ինչին ի պատասխան՝ նա ասել է, որ բացառվում է Արցախի հայաթափումն ու Արցախի կորուստը:

«Ամեն դեպքում, պետք է բնակչությանն այստեղ պահել: Եթե բնակչությունը մնաց այստեղ, պայքարելն ավելի հեշտ կլինի, որովհետև պայքարողը հենց ինքը բնակչությունն է»,-վստահ է նա:

Եմիշճանի բնակչուհի Մարելա Շումանյանը, ով Մարտունուց է հարս եկել գյուղ, արդեն 47 տարի ապրում է Եմիշճանում:

«Ապրում ենք գյուղատնտեսությամբ զբաղվելով: Տղաներս պատերազմի մասնակից են, այժմ էլ ծառայության մեջ են: Թոռնիկներ ու ծոռնիկներ ունեմ: Փորձում ենք շարունակել ապրել պատերազմից հետո»,-ասում է նա մեզ հետ զրույցում:

Նրա խոսքով՝ գնալու տեղ չունեն, որովհետև ամեն տեղ էլ նույն իրավիճակն է: Քաղաք տեղափոխվել էլ չի ուզում, ամուսնու հետ գյուղում են ապրելու. իսկ երեխաները տեղափոխվել են Ստեփանակերտ՝ գյուղում աշխատանք չունենալու պատճառով:

«Հարսս պետք է դպրոցում որպես ուսուցչուհի աշխատեր, սակայն դպրոցի տնօրենը ժամեր չի տրամադրել, ինչի պատճառով էլ ստիպված են եղել տեղափոխվել քաղաք: Այժմ այդ թափուր տեղը զբաղեցնում է ուսուցիչ հարևան Բերդաշենից»,-պատմում է նա:

«Պետությունից որպես աջակցություն ստացել ենք 68 հազարներն ու միանվագ 50 հազար դրամը, նաև կոմունալ փոխհատուցումներ են տրամադրվում»,-նշում է Մ. Շումանյանը:

Պատերազմի օրերին գյուղը լքել է միայն հոկտեմբերի վերջերին ՝տղաների պնդմամբ: Տան վերանորոգման համար դիմել են պետության աջակցությանը, ինչին ի պատասխան՝ ասել են, որ համապատասխան հանձնախումբ պետք է գա տան վիճակը գնահատելու համար, սակայն առ այսօր ոչ ոք չի եկել:

Հադրութի շրջանի Տող համայնքից Եմիշճանում հաստատված Բալայան Ասծատուրը 6 անչափահաս երեխա ունի: Տան բակում զբաղվում է թռչնաբուծությամբ:

«Ապառաժ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց խաբելով են այստեղ բնակեցրել, քանի որ իրենք չէ, որ ընտրել են Եմիշճանը:

«ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի տեղակալը մեզ առաջարկել էր քաղաքում տուն ընտրել՝ մեզ համար գնելու նպատակով, ինչին ես պատասխանեցի, որ 6 անչափահաս երեխա ունենալով՝ ես քաղաքում չեմ կարող ապրել, ցանկանում եմ գյուղում ապրել: Տան նկարները ցույց տալով՝ մեզ ուղարկեց այստեղ. եկանք ու մնացինք այստեղ, ո՛չ աշխատանք կա, ո՛չ տեղ կա գնալու. մնում է ամեն ինչ վաճառեմ ու հետ գնամ Երևան:

Հարցին՝ կարո՞ղ է ապրել Երևանում, պատասխանեց, որ ապրում էր, սակայն իր սրտով չէր, որ իր տունուտեղը թողած՝ տեղափոխվել էր Երևան, սակայն այսպես էլ հնարավոր չէ՝ ամեն օր սպասել մեկի օգնությանն ու այդպես ապրել:

«Ենթադրենք՝ ես չգիտեի, թե ուր էի գնում, բայց իրենք, իմանալով, թե ուր են ինձ ուղարկում 6 անչափահաս երեխայի հետ, ինչպե՞ս կարողացան ուղարկել: Այստեղ ես ո՞րտեղ աշխատեմ. անգամ սեփական հողամաս չկա այգի մշակելու համար: Ընտանի թռչուններն էլ պահում եմ հարևանի բակում. եթե նա էլ չթողներ, չգիտեմ՝ ինչ պետք է անեի»,-ասում է Ա. Բալայանը:

Նա անհնարին է համարում առանց աշխատավարձ ստանալու 6 երեխա մեծացնել:

Ըստ նրա՝ պետք է մայրաքաղաքին մոտ համայնքներում բնակարան հատկացվեր, որպեսզի կարողանար գոնե շինարարության կամ որևէ այլ ոլորտում աշխատել:

«Գյուղում օրերով ջուր չկա, 6 երեխայի հետ ինչպե՞ս ապրեմ, դեռ լավ է՝ համայնքի ղեկավարը ինչով կարողանում է՝ օգնում է: Վերջերս էլ իր օժանդակությամբ 1 տոննանոց ջրի տարա ենք ձեռք բերել և ջուր ենք հավաքում»,-նշում է Ասծատուրը:

Նա զայրանում է, որ պատերազմի օրերին մարդիկ  թիկունքում գլուխ պահելով, նկարվելով իրենց պատերազմի մասնակից են կոչում, նախարարի պաշտոն ստանձնում, իսկ իր նմաններին, որ 6 երեխա ունենալով հանդերձ՝ մասնակցել է պատերազմին, այսօր չեն ընդունում, դռան մոտից հետ են ուղարկում:

«Թեև տան պայմանները բավարարում են. կահույքով ապահովել են, սակայն եթե աշխատանք չկա, չես կարող ապրել: Ես քաղաքում չեմ կարող ապրել: Այնպես չէ, որ ես մինչև պատերազմը պատգամավոր էի աշխատում: Գյուղացի տղա էի, զբաղվում էի անասնապահությամբ: Այսօր էլ ուզում եմ գյուղում ապրել, բայց որ հող ունենամ մշակելու համար, հարմարություն ունենամ անասուն պահելու համար»,-ասում է Ասծատուրը ու չի հասկանում՝ ինչու են ամեն օր կոչ անում մարդկանց վերադառնալ Արցախ այն դեպքում, երբ արդեն վերադարձածներին տիրություն չեն անում»,-ասում է նա:

Վահագն Խաչատրյան

1