Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3 + 3» մեխանիզմի գործարկման հեռանկարները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում, քննարկել են Հարավային Կովկասում «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները։
«Զրույցի ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորումը խթանելուն ուղղված համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերի կիրառմամբ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։
Նախարարները քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները։